Քոչարյանի ստրկացրած դատարանը մինչև հիմա խելքի չէր գալիս․ վարչապետի միջամտությունը խելամիտ էր

«Վերին աստիճանի գրագետ կառուցված տեքստ էր ու վերին աստիճանի կարևոր հայտարարություն էր, և ըստ էության ազդարարվեց դատական համակարգը արմատապես փոխելու որոշման ու մտադրության մասին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօր բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպմանը ունեցած ելույթին: Նրա խոսքով՝ այս դատական համակարգը ստեղծվեց 1998 թվականին՝ ուղղակի սպանելու համար արդարադատությունը. «Այդ համակարգում աշխատում էին բոլոր նրանք, ովքեր լոյալության երդում էին տալիս հնազանդորեն ծառայելու, ովքեր կաշառք էին վճարում, ովքեր ունեին ազդեցիկ սիրեկան, սիրուհի իշխանության մեջ. չափանիշները շատ տարբեր էին»: Քաղաքագետի համոզմամբ՝ այս դատական համակարգում նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի զանգելու կարիքը չկար. «Նրանք միմյանց զանգելու կարիք չունեն՝ գիտեն, թե միմյանց ինչով են պաշտպանելու, որովհետև բոլորը նույն արատի մեջ են: Ես կարծում եմ, որ բոլոր դատավորները անխտիր պետք է փոխվեն»: Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն էլ հավելեց. «Սա Քոչարյանի ստրկացրած դատարանն է, որ մինչև հիմա խելքի չի գալիս: Շատ բարձր եմ գնահատում Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած, միջամտությունը»: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի, օմբուդսմենի իրար հաջորդող, ինչպես ասաց իրավապաշտպանը, կեղծ հայտարարություններին, թե միջամտում են անկախ դատական համակարգին, Ժաննա Ալեքսանյանը նկատեց. «Թե որտեղ են տեսել անկախ դատական համակարգ՝ ես չգիտեմ: Նիկոլ Փաշինյանը  վեր հանեց այդ կեղծիքը, անկախ դատական համակարգի միֆը: Ինձ ուղղակի ցնցել է Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը, որ սպառնում էր Նիկոլ Փաշինյանին: Եվ այս մարդիկ համարվում են լավ իրավաբաններ: Նրանք՝ Ռոբերտ Քոչարյանի անհույս համակիրները, այլևս ոչինչ չեն տեսնում»:   Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: