Ապրիլյան պատերազմի քննությունը մի բան էլ ուշացած էր. Որոշ ուժեր անխելքություն արեցին՝ ոգևորվելով

Ապրիլյան պատերազմի քննությունը մի բան էլ ուշացած էր. Որոշ ուժեր անխելքություն արեցին՝ ոգևորվելով

«Ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրելու համար կոնկրետ գործողությունները մի բան էլ ուշացած են։ Դա շատ կարևոր հայտարարություն էր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ Հիշեցնենք, որ այսօր բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում վարչապետը հայտարարեց որ «հասունացել է ժամանակը 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու և մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար»։ «Ապրիլյան պատերազմից հետո մեր կողմից առաջին ուսումնասիրություններից հետո հրապարակվեց զեկույց, որով հիմնավորվեցին մի շարք կասկածներ։ Դրա մասին մենք մեկ տարի հետո ևս լրացուցիչ զեկույց հրապարակեցինք՝ պնդելով, որ կան մի շարք հարցեր, խնդիրներ, որոնք պատասխաններ չունեն։ Դրանք վերաբերում էին թե՛ հետախուզությանը, թե՛ մատակարարմանը, թե՛ զինամթերքի ապահովմանը և թե բազմաթիվ այլ հարցերի, և մենք ակնկալում էինք, որ թավշյա հեղափոխությունից հետո այս հարցը պետք էր բերել օրակարգ։ Պետք է արձանագրել, որ այս հայտարարությամբ հարցը բերվեց օրակարգ, և շատ կարևոր է, թե հանձնաժողվի ինչ կազմ կձևավորվի, և ինչ խնդիրներ կդնեն։ Թեկուզ ուշացումով, բայց հստակ է, որ առանց կոնկրետ կոռուպցիոն հանցագործություններին իրավական գնահատական տալու, դրա մեղավորներին պատասխանատվության ենթարկելու՝ մենք երաշխիք չենք կարող ունենալ, որ դա չի կարող ազդել մեր հետագա զարգացման վրա։ Գուցե պետք էր ինչ-որ ցնցում՝ դա հասկանալու համար։ Սա առիթ էր ևս մեկ անգամ արձանագրելու, որ մենք բոլորովին նոր որակի իշխանություն ունենք, որը ոչ մի կաշկանդվածություն չունի հստակ հարցեր դնելու ու քննություն կատարելու»,- ընդգծեց իրավապաշտպանը՝ հավելելով, որ եթե ժամանակին իրապես քայլ կատարվեր, ապա մենք չէինք ունենա այն քաղաքական իրավիճակը, որը հիմա ունենք, քանի որ քաղաքական իրավիճակը պայմանավորված է նաև պաշտպանության, անվտանգության բնագավառում կոռուպցիոն հանցագործությունների համար պատասխանատվության չենթարկված անձանց քաղաքական ակտիվությամբ։ «Քաղաքականությունը և կրիմինալը չտարանջատելու դեպքում այդ կոռումպացվածները և համակարգային կոռուպցիայի կրողները իրենց իրավունք են վերապահում հանդես գալու որպես քաղաքական սուբյեկտներ»,- ասաց Սաքունցը։ Մեր դիտարկմանը՝ ինչ խնդիր է լուծում վարչապետը ապրիլյանի հարցը այս օրերին օրակարգ բերելով, արդյոք դա անմիջականորեն վերաբերո՞ւմ է Սերժ Սարգսյանին և այլոց, և այսպիսով փորձ է արվում վերջիններիս լռեցնել ու մեկուսացնե՞լ, իրավապաշտպանը նկատեց. «Խնդիրն այն է, որ համակարգային կոռուպցիայի համար պատասխանատու ուժերը, մնալով անպատիժ, իրենց մոտ հույսեր առաջացան, որ կարող են ակտիվանալ։ Նրանք, տեսնելով, որ նոր իշխանությունները ուշացնում են իրենց պատասխանատվության ենթարկելու պրոցեսը, փորձեցին ակտիվանալ քաղաքական դաշտում և իրենց այդ ակտիվությամբ խոչընդոտել հնարավոր այն զարգացումները, որոնք կարող էին բերել նրանց ամբողջ էության բացահայտմանը՝ որպես համակարգային կոռուպցիայի կրողներ։ Բայց ուզում եմ ընդգծել, որ այդ ուժերը անխելքություն արեցին ոգևորվելով, քանի որ դրանով կարծես թե արագացրին կոռուպցիոն ամբողջ համակարգի բացահայտման գիտակցումն ու հրատապությունը։ Նրանք քաղաքական դաշտում անելիք չունեն, և նրանց պատասխանատվության ենթարկելու պրոցեսը չպետք է ուշանա»: Նա նաև ընդգծեց, որ դրված խնդիրները պետք է լուծել համակարգային, ինստիտուցիոնալ, իրավական գործիքներ մշակելով, այլ ոչ թե առանձին դրսևորումներով, հատային մոտեցումներով։ Ինչ վերաբերում է վարչապետի ելույթին առհասարակ և դատավորներին վերաբերող հատվածին, ապա իրավապաշտպանն ասաց, որ առանց բացառության ստորագրում է վարչապետի ելույթի ամեն կետի տակ։ «Ելույթի բոլոր կետերը մեկ առ մեկ ստորագրում եմ»,- ասաց Սաքունցը։