Վիրահատություն հեղափոխական թերապիայից հետո. վարչապետի լյուստրացիան

Վիրահատություն հեղափոխական թերապիայից հետո. վարչապետի լյուստրացիան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ազդարարեց դատական համակարգի վիրահատական վերափոխում: Այդ մասին նա հայտարարել է նախօրեին ազդարարված իր ելույթում: Փաշինյանը փաստացի հայտարարեց դատական համակարգի լյուստրացիա, անցումային արդարադատության մեխանիզմի ներդրման քննարկումների ամփոփման երկամսյա ժամկետ, կոչ արեց համակարգի պատասխանատուներին ներկայացնել ինքնակամ հրաժարական, խորհրդարանի մեծամասնությանը կոչ արեց ձեռնամուխ լինել անհրաժեշտ օրենսդրական բազայի մշակման: https://www.youtube.com/watch?v=1pd6OXKSb4w&feature=youtu.be Ինչ զարգացումներով է ընթանալու դատական համակարգի ռեֆորմացիայի վիրահատական փուլը՝ սա դեռևս ունի ճշգրտումների կարիք, արդեն գործնական զարգացման փուլում՝ տեսնելու համար, թե բովանդակային և ընթացակարգային արդյունավետության մակարդակում ինչպես են իրականացվում վարչապետի ելույթում ազդարարված ուղենիշները: Միաժամանակ, կասկածից վեր է, որ դատական համակարգի ռեֆորմացիայի բաղադրիչը ընթացիկ քաղաքական ավելի լայն գործընթացի մի տարր է՝ շատ ավելի լայն ու խորքային բաղադրիչների համատեքստում: Դրա ակնառու վկայություն է այն, որ Նիկոլ Փաշինյանն իր ելույթի երկրորդ մասում անդրադարձավ նախկին համակարգի տարբեր շրջանակների ջանքին՝ ապահովագրվել նախկին կոռուպցիոն հանցանքների համար պատասխանատվությունից՝ դրա համար օգտագործելով ընդհուպ Հայաստան-Արցախ հակասության սրման հանգամանքը, մինչև անգամ «դավադիր պատերազմի» հրահրման գնով, որի մասին Նիկոլ Փաշինյանը խոսել էր նաև խորհրդարանի արտահերթ ընտրության նախընտրական շրջանում: Փաշինյանը փաստացի հայտարարեց Արցախի նախագահի ընտրությանը պաշտոնական Երևանի դիրքորոշման մասին՝ արցախցիներին կոչ անելով մերժել հակասություն սերմանող ուժերին և աջակցել նրանց, ովքեր հանդես են գալիս Հայաստանի լեգիտիմ իշխանության հանդեպ վստահության դիրքից: Ի դեպ, ելույթին գրեթե զուգահեռ տարածվեց տեղեկություն, որ այդ դիրքից հայտարարություն է արել Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ կոչ անելով աջակցել Հայաստանի ռեֆորմներին, և հայտարարել է, որ մասնակցելու է 2020 թվականի նախագահի ընտրությանը: Փաշինյանի ելույթի հիմնարար կետը, սակայն, վերաբերում էր ապրիլյան քառօրյա պատերազմին: Նա հայտարարեց, որ ժամանակն է խորհրդարանում ստեղծել դրա վերաբերյալ քննիչ հանձնաժողով, որը կուսումնասիրի այդ պատերազմի հանգամանքները: Սա ըստ էության ամենաառանցքային ուղերձն է վարչապետի ելույթում, որն իր մեջ պարփակում է ներքին ու արտաքին քաղաքական զարգացումների մի ամբողջ համախումբ, որն էլ ներառում է անցնող երկու տարիների իրադարձությունների շղթան, որ կատարվել է Հայաստանում, Հայաստանի շուրջը և թերևս շարունակում է կատարվել: Սա ուղերձ էր ոչ միայն Հայաստանի հանրությանը, այլև միջազգային ուժային կենտրոններին, այդ թվում՝ ուղերձ Մոսկվային, որը, մեղմ ասած, ոչ միայն ամենևին ոչ վերջին դերն ու նշանակությունն է ունեցել ապրիլյան պատերազմի ընդհուպ տևական զարգացման և «հասունացման» գործում, այլև ունեցել է առանցքային նշանակություն: Ի դեպ, այս համատեքստում նաև խիստ խորհրդանշական է հանգամանքը, որ արդարադատության կամ դատական համակարգի շուրջ զարգացումները այս օրերին հասունացան Հաղթանակի տոնի շուրջ առկա ներքին քաղաքական համատեքստում: