Իրանը հրաժարվում է բանակցել ԱՄՆ-ի հետ ճնշման ներքո

Իրանը հրաժարվում է բանակցել ԱՄՆ-ի հետ ճնշման ներքո

Թեհրանը Վաշինգտոնի հետ չի մտնի բանակցությունների մեջ, որոնք նրան կպարտադրվեն ուժով: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հանրապետության մայրաքաղաքում մտավորականության ներկայացուցիչների հետ անցկացված հանդիպմանը: Ռոուհանիի խոսքով՝ Իրանի իշխանությունները չեն նստի բանակցությունների սեղանի շուրջը «սանձազերծված սպառնալիքի և ճնշման պայմաններում»: «Այո, իրանցիները հակված են երկխոսության տրամաբանությանը, ինչը ստիպում է մեզ մտնել բանակցությունների մեջ, բայց մենք անձնատուր չենք լինում ամբարտավանությանը, եթե անգամ ամբողջ աշխարհը մեր դեմ լինի»,- Ռոուհանիի խոսքերն է մեջբերել լիբանանյան Al Mayadin հեռուստաալիքը: Իրանի նախագահի խոսքով՝ Միացյալ Նահանգները այնքան էլ շատ դաշնակիցներ չունի աշխարհում. «Լավագույն դեպքում երեք կամ չորս՝ Իսրայելի հետ միասին»,- նշել է նա: Ավելի վաղ պարզ դարձավ, որ Պարսից ծոցի երկրները իրենց համաձայնությունն են տվել իրենց տարածքներում ԱՄՆ զորքերի տեղակայմանը: