«Արսենալի» երկրպագուները ի պաշտպանություն Մխիթարյանի ակցիա կանցկացնեն Բաքվում

«Արսենալի» երկրպագուները ի պաշտպանություն Մխիթարյանի ակցիա կանցկացնեն Բաքվում

Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբի երկրպագուները մտադիր են Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղի ընթացքում Հայաստանի ազգային թիմի ավագ, «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի դեմքով դիմակներ կրել: «Թվիթեր»-ի միկրոբլոգում այսպիսի առաջարկ է արել անգլիական թիմի ամենաակտիվ ֆան ակումբներից Canon Crested-ը՝ ի նշան Բաքվում Մխիթարյանի համար անվտանգության երաշխիքներ չտալու դեմ բողոքի: «Եթե «Արսենալ»-ը Բաքու մեկնի առանց Մխիթարյանի, եկեք անենք հետևյալ քայլերը. 1.Պատրաստել Մխիթարյանի դեմքով դիմակ: 2.Դրանք բաժանել մարզադաշտում գտնվող 6 հազար երկրպագուներին: 3.Կազմակերպել, որ խաղի 7-րդ ու 77-րդ րոպեներին այդ 6 հազար երկրպագուները միաժամանակ ոտքի կանգնեն»,- գրված է հայտարարությունում: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 29-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, որտեղ «Արսենալ»-ը կմրցի «Չելսի»-ի հետ: «Արսենալ»-ը մտադիր է Մխիթարյանին չընդգրկել Եվրոպայի լիգայի եզրափակչի հայտացուցակում՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Ակումբում կարծում են, որ Մխիթարյանի՝ Բաքում մեկնելու շուրջ առաջացած աղմուկը կարող է ազդել մյուս խաղացողների վրա: