ՈՒԵՖԱ-ն «քցո՞ւմ» է «Արսենալին». Մխիթարյանի հետ կապված իրավիճակը սրվել է

ՈՒԵՖԱ-ն «քցո՞ւմ» է «Արսենալին». Մխիթարյանի հետ կապված իրավիճակը սրվել է

Բրիտանական The Times պարբերականը երեկ տեղեկություն տարածեց այն մասին, որ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու, որտեղ մայիսի 29-ին կայանալու է Եվրոպա լիգայի եզրափակիչ մրցավեճը: ««Արսենալի» ղեկավարությունը մտադիր է Մխիթարյանին չընդգրկել Եվրոպա լիգայի եզրափակչի հայտացուցակում՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Ակումբում կարծում են, որ Մխիթարյանի՝ Բաքու մեկնելու շուրջ առաջացած աղմուկը կարող է ազդել մյուս խաղացողների վրա»,- գրել է պարբերականը: Ավելի վաղ բրիտանական լրատվամիջոցները հայտնում էին, որ «Արսենալը» հայ ֆուտբոլիստի վերաբերյալ հայտարարություն կտարածի առաջիկա մեկ-երկու օրերի ընթացքում: Նշվում էր, որ «Արսենալը» ՈՒԵՖԱ-ից պաշտոնական փաստաթուղթ չի ստացել Մխիթարյանի անվտանգության ապահովման հետ կապված: Հեղինակավոր մեկ այլ պարբերականի՝ The Guardian-ի աղբյուրի համաձայն՝ այս օրերին «Արսենալի» ղեկավարությունը ակտիվ բանակցություններ է վարում ՈՒԵՖԱ-ի հետ, սակայն անգլիական կողմը թերահավատ է, որ ֆուտբոլային կառույցի կողմից անհրաժեշտ երաշխիքներ կտրվեն: Ավելին, ըստ պարբերականի՝ «Արսենալում» քննարկվել է նաև Եվրոպա լիգայի եզրափակիչը բոյկոտելու տարբերակը, սակայն այն օրակարգից դուրս է եկել: Բանն այն է, որը եզրափակիչ մրցավեճին չմասնակցելու դեպքում «Արսենալը» 60 միլիոն ֆունտի չափով վնաս կկրի: Այս գումարը կազմում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում լոնդոնյան ակումբի բյուջեն, և կտրուկ քայլի դիմելը լուրջ հարված կհասցնի «Արսենալին» ֆինանսական առումով: Նշվում է նաև, որ «Արսենալի» գլխավոր մարզիչն ու ֆուտբոլիստները ընկճված են, որ քաղաքական խնդրի պատճառով թիմի առանցքային ֆուտբոլիստը կարող է բաց թողնել մրցաշրջանի գլխավոր հանդիպումը: «Արսենալում» կարծում են, որ առանց Մխիթարյանի թիմի հարձակման գիծը անատամ տեսք կունենա Բաքվում: Երեկ արդեն պարզ դարձավ, որ եզրափակիչ հանդիպման շուրջ «Արսենալի» և ՈՒԵՖԱ-ի հարաբերությունները սրվել են: Մասնավորապես, լոնդոնյան ակումբը երեկ պաշտոնական հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված էր. ««Արսենալում» բոլորն ուրախ են Եվրոպա լիգայի եզրափակիչ դուրս գալու համար և անհամբերությամբ են սպասում «Չելսիի» դեմ խաղին: Սակայն մենք հիասթափված ենք այն հանգամանքից, որ տեղափոխության խնդիրների պատճառով ՈՒԵՖԱ-ն «Արսենալին» կարող է տրամադրել 6 հազար տոմս միայն, այնինչ մարզադաշտը տեղավորում է 60 հազար հանդիսական: Ժամանակը ցույց կտա՝ արդյոք «Արսենալի» անգամ 6 հազար երկրպագուները կմեկնե՞ն Բաքու՝ հաշվի առնելով, թե որքան բարդ է նման ճանապարհորդությունը: Մենք 45 հազար աբոնեմենտ ունենք և ճիշտ չենք համարում ՈՒԵՖԱ-ի՝ նման դժվար տեղափոխություն պահանջող վայրի ընտրությունը: Իրականությունն այն է, որ նրանք, ովքեր հասել են եզրափակիչ, չեն կարող բավարարել երկրպագուների ցանկությունները: «Արսենալը» բազմաթիվ դժգոհություններ է ստացել երկրպագուների անունից և կիսում է նրանց կարծիքը: Մեր երկրպագուների և մեր անունից ուզում ենք հստակեցնել, թե ինչպես են վայրերն ընտրվում եզրափակիչներ անցկացնելու համար: Այս դեպքում՝ հաշվի առնելով նաև երկրպագուների պահանջները: Հույս ունենք, որ հաջորդիվ ՈՒԵՖԱ-ն երկրպագուների դժվարությունները հաշվի կառնի վայրի ընտրության հարցում, և նման բան չի կրկնվի»: Արդեն իսկ խոսվում է, որ «Արսենալի» կոշտ դիրքորոշումից հետո ՈՒԵՖԱ-ն միտումնավոր չի լուծում Մխիթարյանի հետ կապված խնդիրը՝ այս կերպ «քցելով» լոնդոնյան թիմին: «Արսենալի»՝ Եվրոպա լիգայի եզրափակիչ դուրս գալուն պես թվում էր, թե լուրջ խնդիրներ չեն ծագի, և Մխիթարյանը կմեկնի Բաքու: «Արսենալը» դեռ չէր նվաճել եզրափակչի ուղեգիր, երբ ՈՒԵՖԱ-ն հայտարարեց, որ կլուծի հայ ֆուտբոլիստի անվտանգության և փաստաթղթային հարցերը: Մխիթարյանի անվտանգության հետ կապված պաշտոնական երաշխիքներ ներկայացրեց նաև ադրբեջանական կողմը ԱԳՆ-ի մակարդակով: Ու հիմա Մխիթարյանի մասնակցությունը «Չելսիի» հետ հանդիպմանը մեծ հարցականի տակ է: Բուքմեյքերական ընկերությունները արդեն իսկ խաղադրույքներ են ընդունում հայ ֆուտբոլիստի՝ Բաքու մեկնել-չմեկնելու համար: Ամեն դեպքում ՈՒԵՖԱ-ն մինչև գալիք շաբաթվա սկիզբը ստիպված է լինելու պաշտոնապես պատասխանել «Արսենալին», քանզի սկսվելու է մրցավայր մեկնելու գործընթաց: Կարծում ենք՝ ակնհայտ է, որ մեր ֆուտբոլիստի մասնակցությունն առաջիկա խաղում ավելի քան կարևոր է «Արսենալի» համար: Թիմի առանցքային կիսապաշտպաններից Աարոն Ռեմսին չի մասնակցի եզրափակչին, իսկ Մեսուտ Օզիլը վերջին շրջանում անկայուն և թույլ ֆուտբոլ է ցուցադրում: Մխիթարյանի բացակայության դեպքում «Արսենալը» լուրջ խնդիրներ կունենա հատկապես միջին օղակում: Չմոռանանք նաև, որ մրցակիցը «Չելսին» է, որը քաջատեղյակ է Էմերիի թիմի ուժեղ և թույլ կողմերին: