Ոսկե հանդիպում Երևանում. Որ թիմն է առավել շահավետ դիրքում

Ոսկե հանդիպում Երևանում. Որ թիմն է առավել շահավետ դիրքում

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության ավարտից երեք տուր առաջ լարվածությունը հասել է գագաթնակետին: Մասնավորապես, միանգամից 4 թիմերը հնարավորություն ունեն չեմպիոնի կոչումը նվաճելու, ինչը կարելի է բացառիկ իրավիճակ համարել: Այս պահին առաջին հորիզոնականում գտնվող «Փյունիկը» 29 խաղում վաստակած 55 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ հորիզոնականում գտնվող «Արարատ-Արմենիան» 29 խաղում վաստակել է 52 միավոր: Լավագույն եռյակը եզրափակող «Բանանցը» 28 խաղից հետո ունի 50, իսկ չորրորդ տեղում գտնվող «Ալաշկերտը»՝ 46 միավոր: Վաղը Ավանի ֆուտբոլի ակադեմիայում «Փյունիկը» կհյուրընկալի «Բանանցին», որը, շատերի կարծիքով, ոսկե հանդիպման նշանակություն ունի: Մասնավորապես, հաղթանակի դեպքում «Փյունիկը» կամրապնդի դիրքը և հաստատուն քայլ կկատարի դեպի չեմպիոնություն: Վերջին երկու հանդիպումներում «Փյունիկը» մրցելու է «Լոռիի» և «Արարատի» հետ: Մեծ է հավանականությունը, որ երևանյան թիմը այս մրցավեճերում 3 միավոր կվաստակի: Սպասվում է, վաղվա մրցավեճը կանցնի լեփ-լեցուն տրիբունաների ներքո, ինչը կառաջացնի յուրահատուկ ֆուտբոլային մթնոլորտ: «Փյունիկն» ու «Բանանցը» մեր այն հատուկենտ ակումբների շարքում են, որոնք ունեն սեփական մարզադպրոցներ և բազմաթիվ թիմեր տարիքային բոլոր առաջնություններում: Կարծում ենք՝ բնական է, որ երիտասարդ և պատանի ֆուտբոլիստները կարևորագույն խաղում կլինեն իրենց գլխավոր թիմի կողքին: Ի տարբերություն «Փյունիկի»՝ «Բանանցին» առաջնության վերջնամասում ևս մի քանի ծանր հանդիպումներ են սպասում: Վաղվա հանդիպումից բացի՝ «Բանանցը» դեռևս պետք է մրցի «Գանձասար-Կապանի», «Ալաշկերտի» և «Արարատ-Արմենիայի» հետ: Այսինքն՝ նույնիսկ «Փյունիկին» հաղթելու դեպքում դժվար կլինի պնդել, որ երևանյան թիմը չեմպիոնական քայլ է կատարել: Չեմպիոնության համար պայքար մղող թիմերից ամենաշահավետ դիրքում թերևս «Փյունիկն» է: Եթե օբյեկտիվորեն գնահատենք իրավիճակը, ապա պետք է փաստենք, որ առաջնության լավագույն քառյակում գտնվող թիմերից «Փյունիկը» այս պահին ամենաուժեղն է և, կարծում ենք, արժանի է նվաճելու չեմպիոնի կոչումը: Անդրեյ Տալալաևի հեռանալուց հետո նրա փոխարեն գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնած հայտնի ռուս մասնագետ Ալեքսանդր Տարխանովը նոր լիցքեր է հաղորդել թիմին: «Փյունիկի» խաղում որակական աճն ակնհայտ է, որը դրսևորվում է վերջին հանդիպումներում: Բալանսավորելով խաղային օղակների համագործակցությունը՝ Տարխանովը միևնույն ժամանակ ուժեղացրել է հարձակման գիծը: Ավելի ստույգ՝ ի տարբերություն Տալալաևի, Տարխանովի տակտիկայում հարձակողական ոճի ֆուտբոլիստները խաղադաշտում դոմինանտ են: Եվ որ ամենակարևորն է՝ վերջին 5-6 հանդիպումներում «Փյունիկը», ի տարբերություն «Բանանցի», «Ալաշկերտի» և «Արարատ-Արմենիայի», ցուցադրում է կայուն խաղ: Կարծում ենք՝ «Փյունիկի» վերելքի կարևորագույն մղիչներից էր 30-րդ տուրում «Արարատ-Արմենիայի» նկատմամբ 4:1 հաշվով տարած հաղթանակը: Եթե մոտ մեկ ամիս առաջ թվում էր, թե «Արարատ-Արմենիան» իր կազմով և ներուժով ամենաուժեղն է, ապա «Փյունիկը»՝ ի դեմս Տարխանովի, կտրուկ փոխեց իրավիճակը: Մինչ այս՝ 29-րդ տուրում, «Փյունիկը» 1:0 հաշվով առավելության էր հասել «Ալաշկերտի» նկատմամբ: Իրականում թե ինչով էր պայմանավորված «Արարատ-Արմենիայի» անկումը՝ դժվար է ասել: Թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նշել էր, որ պատճառը հոգեբանական է: Ամեն դեպքում մրցաշրջանի վճռորոշ հատվածում նման անկումը մտորումների տեղիք է տալիս՝ ցույց տալով, որ թիմը պատրաստ չէ 100 տոկոսով պայքարել չեմպիոնության համար: Վերջին շրջանում որակյալ խաղով աչքի էր ընկնում «Բանանցը», սակայն հետնապահ «Արարատի» հետ վերջին հանդիպումը ցույց տվեց, որ Իլշատ Ֆայզուլինի թիմում ևս կան խնդիրներ: «Բանանցը» ցուցադրեց թույլ խաղ և բաց թողած գնդակից հետո չկարողացավ, այսպես ասած, խելքի գալ: Ինչ վերաբերում է «Ալաշկերտին», ապա ունենալով բավական ուժեղ կազմ՝ ցավով պետք է նշենք, որ Հայաստանի գործող չեմպիոնը ակնհայտորեն հետ է մնացել չեմպիոնական մրցավազքից: Պատճառը միանշանակ սուբյեկտիվ է: Այն, որ այսօր թիմը չի գլխավորում մրցաշարային աղյուսակը, մեղավոր է մասնավորապես Վարուժան Սուքիասյանը, որը անցյալ տարի «հետևողական» կերպով հողին էր հավասարեցնում թիմի ներուժը: Իրավիճակը շտկելու համար ակումբի ղեկավարությունը Սուքիասյանի փոխարեն գլխավոր մարզիչ նշանակեց Արամ Ոսկանյանին: Վերջինս ոտքի կանգնեցրեց թիմին, սակայն առաջնության վերջին հատվածում առաջացան խնդիրներ: Դիմելով կտրուկ քայլի՝ «Ալաշկերտի» ղեկավարությունը Ոսկանյանի փոխարեն գլխավոր մարզիչ նշանակեց Աբրահամ Խաշմանյանին: Վերջինս 3-րդ անգամ գլխավորեց «Ալաշկերտը», բայց… Կարծում ենք, որ չեմպիոնի կոչման համար պայքար մղող թիմում առաջնության վերջնամասում չէր կարելի գլխավոր մարզչի փոփոխության գնալ: Իրականում դժվար է մրցաշրջանի ընթացքում 3 գլխավոր մարզիչ փոխած ֆուտբոլիստների համար պատասխանատու շրջանում գործի դնել ողջ ներուժը: