Ի՞նչ է փոխվել. Մխիթարյանի գնահատականը Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում

Ի՞նչ է փոխվել. Մխիթարյանի գնահատականը Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում

Անգլիայի Պրեմիեր լիգայում Լոնդոնի «Արսենալը» բավարարվեց 5-րդ հորիզոնականով՝ չնայած իրական հնարավորություն ուներ բրոնզե մեդալը նվաճելու: Գալիք մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում հանդես գալու «Արսենալի» հույսը Եվրոպա լիգան է: Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Ունայ Էմերիի թիմը հեղինակավոր մրցաշարի գավաթը վիճարկելու է լոնդոնյան մեկ այլ թիմի՝ «Չելսիի» հետ: Եթե հաշվի առնենք «Արսենալի» ներուժն ու մրցաշարի ընթացքը, ընդհանուր առմամբ Պրեմիեր լիգայում գրանցված արդյունքը պետք է անբավարար համարենք: «Արսենալին» լավագույն քառյակում տեղ զբաղեցնելուն հատկապես խանգարեցին անկայուն խաղերը, որոնք չափից ավելի շատ էին: Հայ ֆուտբոլասերին, սակայն, առաջին հերթին հետաքրքրում է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի ելույթը: Մեր ֆուտբոլիստը երրորդ մրցաշրջանն անցկացրեց Պրեմիեր լիգայում: 25 խաղում Մխիթարյանը դարձավ 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: 2017/2018թթ. մրցաշրջանում մեր կիսապաշտպանը 26 խաղում դարձել էր 3 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: Գոլ գումարած փոխանցում հաշվարկով 2017/2018 թթ. մրցաշրջանում Մխիթարյանը ստացել էր 12, իսկ ավարտված մրցաշրջանում՝ 10 միավոր: Ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ վերջին երկու մրցաշրջանում Մխիթարյանն «Արսենալում» ցուցադրել է կայուն խաղ: Այլ կերպ ասած՝ Մխիթարյանի խաղում դրական իմաստով ոչինչ չի փոխվել: Եթե 5 բալանոց համակարգում գնահատենք նրա խաղը, ապա կարող ենք տալ 4 գնահատականը: Թե՛ հայ և թե՛ հատկապես անգլիացի երկրպագուները վերջին շրջանում պարբերաբար քննադատում են հայ ֆուտբոլիստին՝ պնդելով, որ նա իր հնարավորություններից ցածր է հանդես գալիս, բայց վստահեցնում ենք, որ դա այդպես չէ: Փորձենք հասկանալ, թե որն է գոլերի առումով Մխիթարյանի ոչ այնքան արդյունավետ խաղը: Դոնեցկի «Շախտյորում» և Դորտմունդի «Բորուսիայում» շռնդալից ելույթներից հետո բոլորը սպասում էին, որ Մխիթարյանը ռմբարկուական հատկանիշներով աչքի կընկնի նաև Պրեմիեր լիգայում և մասնավորապես «Մանչեսթեր Յունայթեդում»: Վերջինիս կազմում Մխիթարյանի նորամուտը այնքան էլ հաջող չէր: Շատերը մեղադրում էին «Յունայթեդի» պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոյին: Վերջին երկու մրցաշրջաններում, սակայն, Մխիթարյանը հանդես եկավ այլ մարզիչների գլխավորությամբ, և նրա խաղում էական փոփոխություն չնկատվեց: Հիմա արդեն կարող ենք ասել, որ Մխիթարյանի՝ Անգլիայում ոչ այնքան արդյունավետ ելույթների պատճառն ամենևին էլ Մոուրինյոն չէր: Այսօր մատների վրա կարելի է հաշվել այն ֆուտբոլիստներին, որոնք իսկապես տոն են տալիս Պրեմիեր լիգայում և ընդգծված առաջատարներ են. Հարի Քեյն, Մուհամեդ Սալահ, Սադիո Մանե և վերջապես Պյեր-Էմերիկ Օբամեյանգ: Նույն «Մանչեսթեր Յունայթեդում» կամ «Չելսիում» այսօր չկան ընդգծված առաջատարներ, որոնք իրենց հետևից կտանեն մյուս ֆուտբոլիստներին: «Չելսիի» առանցքային խաղացող Էդեն Ազարի խաղը այլևս այն չէ, և նրան չես համարի թիմի հզոր ֆիգուր: Ի տարբերություն Իտալիայի, Իսպանիայի կամ Գերմանիայի առաջնությունների՝ Պրեմիեր լիգան վերջին տարիներին դարձել է բոլորովին այլ հարթություն, որտեղ ոչ բոլորին է հաջողվում աչքի ընկնել: Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարերի եզրափակիչ են դուրս եկել բացառապես անգլիական թիմեր: Սա խոսում է Պրեմիեր լիգայի շատ ավելի բարձր դիրք ունենալու մասին: Տարիներ առաջ Անդրեյ Շևչենկոյի պես ֆուտբոլիստը «Միլանից» տեղափոխվելով «Չելսի»՝ պարզապես մարեց: Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Բարսելոնայից» «Արսենալ» տեղափոխված Դենիս Սուարեսը ընդհանրապես չկարողացավ խաղալ: Նման օրինակները կարելի է շարունակ թվարկել: Թերևս Օբամեյանգն էր, որը բավական արագ կարողացավ գտնել իր տեղը անգլիական ֆուտբոլում և դառնալ ռմբարկու: Ի պատիվ Մխիթարյանի կարող ենք ասել, որ մեր ֆուտբոլիստը ևս հաղթահարեց բավական ծանր փորձությունը և գտավ իր տեղը: Ի տարբերություն Գերմանիայի առաջնության՝ անգլիական թիմերը խաղում են անհամեմատ ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ: Չմոռանանք նաև անգլիական ֆուտբոլի կոշտ լինելը և արագության դինամիկան: Տեղափոխվելով Անգլիա՝ Մխիթարյանը զգալիորեն բարելավեց խաղային որակները, բայց նման բարձր հարթության մեջ դա ցայտուն կերպով չարտահայտվեց: Վերջին շրջանում շատ է խոսվում Մխիթարյանի՝ այլ թիմ տեղափոխվելու մասին: Օբյեկտիվորեն գնահատելով իրավիճակը՝ կարող ենք ասել, որ դրա համար չկան հիմնավոր պատճառներ: Մեր ֆուտբոլիստը «Արսենալի» կարևոր մասնիկն է, որն առնվազն մեկ մրցաշրջան էլ կարող է օգտակար լինել: Այլ հարց է ֆինանսական կողմը: Վստահաբար կարող ենք ասել, որ եթե «Արսենալը» նվաճի Եվրոպա լիգայի գավաթը և իրավունք ստանա Չեմպիոնների լիգայում հանդես գալու, Մխիթարյանի՝ այլ ակումբ տեղափոխվելու խոսակցությունները կվերանան: Ամենահեղինակավոր մրցաշրջանում հանդես գալու համար «Արսենալին» օդի և ջրի պես անհրաժեշտ են Մխիթարյանի որակի ֆուտբոլիստներ: Կարևոր մրցաշրջանից առաջ հայ ֆուտբոլիստից հրաժարվելը ուղղակի կդիտվի որպես անմտություն: