Ինչու Մխիթարյանն անտեսեց Հայաստանի ազգային հավաքականը

Ինչու Մխիթարյանն անտեսեց Հայաստանի ազգային հավաքականը

Բոլոր ժամանակների Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, «Մանչեսթեր Յունայթեդի» առաջատար կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ֆեյսբուքյան ծավալուն ասուլիսը լայն արձագանք է ստացել ոչ միայն հայ ֆուտբոլասերների շրջանում: Մխիթարյանը խոսել է սիրելի ֆուտբոլիստի, խոհանոցային նախասիրությունների, արդեն իսկ հայտնի դարձած WhooaMkhitaryan երգի, նույնիսկ Հնդկաստանում տարածում գտած մարզաձևի մասին: Մեր ֆուտբոլիստը նշել է նաև, որ ցանկություն ունի Հայաստանում ֆուտբոլի ակադեմիա բացելու: «Մտածում եմ Հայաստանում ֆուտբոլի ակադեմիա բացելու մասին և շատ կցանկանայի ապագայում հիմնել ակադեմիա, որպեսզի հայ մանուկներին փոխանցեմ մեծ ֆուտբոլի իմ փիլիսոփայությունը»,- ասել է Մխիթարյանը: Սա, ինչ խոսք, ողջունելի է: Ողջունելի է, որ մեծագույն հայ ֆուտբոլիստը մտածում է իր հայրենիքում ֆուտբոլը խթանելու մասին: Մոտ մեկ ժամ տևած ասուլիսի ընթացքում Մխիթարյանը չխոսեց թերևս մեկ բանի մասին: Լինելով Հայաստանի ազգային հավաքականի ավագ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը ուղղակի չանդրադարձավ մեր երկրի ազգային թիմին: Շատերն էին սպասում, որ Մխիթարյանը մասնավորապես կանդրադառնա աշխարհի առաջնության ընտրական փուլում հունիսի 10-ին կայացած Մոնտենեգրոյի հետ հանդիպմանը: Կրելով ազգային թիմի թևկապը և լինելով հավաքականի ամենաազդեցիկ և սիրված ֆիգուրը՝ Մխիթարյանը կարող էր մեկնաբաներ տեղի ունեցածը: Չխոսելով Մոնտենեգրոյից կրած ամոթալի պարտության մասին՝ Մխիթարյանն, այդուամենայնիվ, տվեց մի քանի հարցերի պատասխան: Մասնավորապես, այս թեման շրջանցելով, նա հասկացնել տվեց, որ չի ցանկանում հիշատակել պարտության գլխավոր մեղավորին կամ մեղավորներին: Մխիթարյանի լռությունը վկայում է, որ լինելով մեծ պրոֆեսիոնալ՝ նրա համար ուղղակի ամոթալի է խոսել հավաքականում տիրող վիճակի մասին: Վերջապես՝ Հայաստանի հավաքականի ավագը չցանկացավ անդրադառնալ մի խնդրի, որը պարզ է բոլորի համար, և որը արդարանալու կամ ոմանց արդարացնելու հիմքեր ուղղակի չունի: Մխիթարյանի հույսերն ու երազանքները ամբողջովին կապված են «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: «Իմ մեծ երազանքներից մեկը եղել է ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի գավաթի նվաճումը, և երազանքս իրականացավ: Այժմ ես երազում եմ բարձրացնել Չեմպիոնների լիգայի գավաթը: «Մանչեսթեր Յունայթեդում» ինձ զգում եմ՝ ինչպես ընտանիքում: Իսկապես այս թիմը կարծես մի ընտանիք լինի: Բոլորը միմյանց սիրում են և հարգում»,- նշել է հայ ֆուտբոլիստը: Կարելի է ասել, որ ցանկացած ֆուտբոլիստի երազանքների թվում է աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելը: Վստահ ենք, որ Մխիթարյանը ևս երազել է այդ մասին: Այսօր նա այդ մասին լռում է, քանզի անիրականանալի է համարում Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի կամ Եվրոպայի առաջնությանը մասնակցելը: Ինչևէ, ասուլիսի ընթացքում Մխիթարյանը տվեց նաև կարևորագույն հարցերից մեկի պատասխանը, որը քննարկման լայն առարկա էր դարձել հատկապես հայ ֆուտբոլասերների շրջանում: Խոսքը մեր ֆուտբոլիստի և «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի փոխհարաբերությունների մասին է: «Ժոզեն հաղթող է, նա յուրաքանչյուր խաղը հաղթելու համար այնքան համառորեն է աշխատում, որ մենք պատրաստ ենք ամբողջությամբ տրվել խաղին: Ժոզեն մեզ հույզեր և մոտիվացիա է տալիս: Ես շատ բան եմ իրենից սովորել և այդպես էլ շարունակելու եմ»,- ասել է Մխիթարյանը: Վերջինս աշխարհի տարբեր երկրներից իր երկրպագուների կողմից ստացել էր մոտ 1000 հարց: «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը մասնավորապես անդրադարձել է ակումբի, իր թիմի և ֆուտբոլային երազանքներին հասնելու մասին հարցերին: «Շնորհակալ եմ հարցերի համար: Ես փորձեցի պատասխանել որքան հնարավոր է՝ շատ հարցերի: Շատ հաճելի էր շփումը բոլորիդ հետ: Ես իսկապես շատ շնորհակալ եմ բոլորիդ աջակցության համար և ուրախ եմ, որ անհամբերությամբ սպասում եք իմ հաջորդ մրցաշրջանին»,- եզրափակել է Հենրիխ Մխիթարյանը: