Լևոն Արոնյանը՝ դե ֆակտո աշխարհի չեմպիոն

Լևոն Արոնյանը՝ դե ֆակտո աշխարհի չեմպիոն

«Ես երբեք չեմ հրաժարվի աշխարհի չեմպիոն դառնալու նպատակից: Երբ ես հետ կանգնեմ աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարից, կնշանակի, որ կարիերաս ավարտված է»,- հայտարարել է երեկ Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում «Norway Chess 2017» գերմրցաշարի հաղթողի կոչումը նվաճած հայաստանցի Լևոն Արոնյանը: Հիշեցնենք, որ Արոնյանը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր՝ չկրելով ոչ մի պարտություն: Մեր գրոսմայստերը պարտության մատնեց աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենին, աշխարհի նախկին չեմպիոն, ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում երկրորդ տեղում գտնվող ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին, ինչպես նաև աշխարհի փոխչեմպիոն Սերգեյ Կարյակինին: Վերջին տուրից առաջ Արոնյանը 5.5 միավորով միանձնյա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը՝ կես միավորով գերազանցելով երկրորդ հորիզոնականում գտնվող ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրային: Վերջին տուրում Արոնյանը մրցեց մեկ այլ ամերիկացի՝ Ուեսլի Սոյի հետ: Խաղալով սև ֆիգուրներով, Արոնյանը շարունակ գրոհներ էր ձեռնարկում և վերջնախաղում ստացավ զինվորի առավելություն: Մեր շախտամիստը պայքարեց մինչև վերջ և միավորը կիսեց այն պահին, երբ խաղատախտակի վրա մնացին երկու Արքաները: Սա բացառիկ երևույթ է շախմատում: Նշենք, որ Սոն ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում երրորդն է՝ վերջին շրջանում բավական գրագետ շախմատ է ցուցադրում: Վերջնախաղում մի պահ թվաց, թե Արոնյանի հաղթանակն անխուսափելի է, սակայն Սոյին ի վերջո հաջողվեց փրկել խաղը: Նշենք, որ զուգահեռաբար ընթացող ամերիկացիներ Նակամուրայի և Կարաունայի պարտիան ևս լարված էր և դրամատիկ: Հաղթանակի դեպքում Նակամուրան կհավասարվեր Արոնյանին և հաղթողի կոչումը կորոշվեր արագ շախմատի պարտիաներով: Պարտիայի ընթացքին հետևող շախմատի սիրահարներից շատերը կարծիք էին հայտնում, որ Կարաունան կնվիրի միավոր իր հայրենակցին, սակայն մրցամարտն ընթացավ արդար խաղի կանոններով: Նակամուրային նույնիսկ չհաջողվեց կես միավոր վաստակել, և տանուլ տվեց պարտիան: Կարաունայի հաղթանակից օգտվեց Վլադիմիր Կրամնիկը, որը պարտության մատնելով հոլանդացի Անիշ Գիրիին, զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը: Նշենք, որ աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենը զբաղեցրեց միայն նախավերջին 9-րդ հորիզոնականը, իսկ աշխարհի փոխչեմպիոն Կարյակինը եզրափակեց մրցաշարային աղյուսակը՝ վաստակելով ընդամենը 3.5 միավոր: Ինչևէ, Արոնյանի պարտիաներն այսօր կարելի է որակել ֆանտաստիկ: Ի դեպ, սա Արոնյանի երկրորդ անընդմեջ հաղթանակն էր շախմատային գերմրցաշարում, որին մասնակցում են աշխարհի ուժեղագույն գրոսմայստերները: Այս տարվա ապրիլին Արոնյանը հաղթող ճանաչվեց Գերմանական Բադեն Բադենում տեղի ունեցած «Grenke Chess Classic» մրցաշարում: Այստեղ հայաստանցի շախմատիստը յոթ պարտիաներից չորսը հաղթանակով էր ավարտել: Փաստորեն երկու գերմրցաշարի կտրվածքով Արոնյանը 16 հանդիպումներում տոնել է 7 հաղթանակ, 9 պարտիա ավարտել ոչ-ոքի՝ չկրելով ոչ մի պարտություն: «Norway Chess 2017»-ում Արոնյանի անհատական գործակիցն ավելացել է 15.5-ով և ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում մեր շախմատիստը 2808.5 միավորով 4-րդն է: Հիմք ընդունելով Արոնյանի վերջին երկու մրցաշարերի ելութները՝ շախմատային բազմաթիվ վերլուծաբաններ այն կարծիքին են, որ Արոնյանը այս պահին չունի հավասարը, նրան համարելով աշխարհի դե ֆակտո չեմպիոն: Արոնյանի քայլերը անսպասելի են, կրեատիվ: Նա ցուցադրում է բոլորովին նոր շախմատ, և այսօր շախմատային էլիտայի ներկայացուցիչներին ուղղակի չի հաջողվում կանգնեցնել հայաստանցի գրոսմայստերին: Նույն ոգով շարունակելու դեպքում Արոնյանն այս տարի կարող է դառնալ առաջինը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում: Առաջին տեղում գտնվող Կարլսենի գործակիցն այս պահին՝ 2822.3, իսկ երկրորդ տեղում գտնվող Կրամնիկն ունի 2811.5 գործակից: Լավագույն եռյակը եզրափակող Սոյի անհատական գործակիցն էլ 2809.8 է: