Մոուրինյոյի ընտրյալներն ու Գարիկ Մարտիրոսյանը

Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում Լոնդոնում «Արսենալից» կրած պարտության հետևանքով «Մանչեսթեր Յունայթեդը», կարելի է ասել, դուրս եկավ լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու համար պայքարից: Ժոզե Մոուրինյոն գիտակցաբար և ինչ-որ տեղ նպատակաուղղված գնաց այդ քայլին՝ հույսը դնելով Եվրոպայի լիգայի խաղարկության վրա: Նշենք, որ «Արսենալի» հետ հանդիպումից առաջ Մոուրինյոն հայտարարել էր, որ հանգստանալու հնարավորություն է տալու թիմի առաջատարներին: Լոնդոնում «Յունայթեդի» մեկնարկային կազմում չէին պաշտպաններ Վալենսին, Բլինդը, Բային, կիսապաշտպաններ Ֆելաինին, Պոգբան, Լինգարդը և հարձակվող Ռեշֆորդը: Մոուրինյոյի այս քայլը ստիպում է ենթադրել, որ նա թվարկված ֆուտբոլիստներին է համարում թիմի հիմնական ներուժը: Երբ խաղավարտից կես ժամ առաջ հաշիվը դարձավ 2:0, «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը անմիջապես ասպարեզ դուրս բերեց Ռեշֆորդին և Լինգարդին: Վերջինը փոխարինեց Հենրիխ Մխիթարյանին, ով բավական հաջող էր գործում կիսապաշտպանության ձախ եզրում: Հատկապես առաջին խաղակեսում Հայաստանի հավաքականի ավագը վերահսկում էր խաղը ձախ եզրի ողջ երկայնքով: Մխիթարյանը մեծ ծավալի աշխատանք էր կատարում թե գրոհների և թե «Արսենալի» ֆուտբոլիստների առաջխաղացման ժամանակ: Մխիթարյանի խաղին հետևելու համար Լոնդոն էր ժամանել նաև հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը, ում ներկայությունը մարզադաշում, ցավոք, չօգնեց «Յունայթեդին» գոնե մեկ գոլ խփել: Ինչևէ, Ռեշֆորդը և Լինգարդը 30 րոպեների ընթացքում որևէ արդյունավետ և գրագետ փոխանցում, անցում կամ հարված չկատարեցին: Ավելին, նրանց գործողությունների 95 տոկոսը խոտան էր: «Իհարկե, հիասթափված եմ հանդիպման արդյունքից, բայց «Մանչեսթեր Յունայթեդի» ցուցադրած ֆուտբոլը գոհացրեց ինձ: Հատկապես դուր եկավ, թե ինչպես գործեցին իմ ֆուտբոլիստները կիսապաշտպանությունում և պաշտպանությունում: Պարտվեցինք, քանի որ գնդակ չխփեցինք: Հիանալի պահեր ունեինք, սակայն մրցակցի բախտը մի քիչ բերեց գոլերի դրվագներում: Մատան, Սմոլինգը և Ջոնսը հիանալի խաղացին: Թիմը լավ հանդես եկավ և կազմակերպված էր գործում: Իմ կարծիքով՝ «Արսենալն» այսօր ավելի լավը չէր»,- հանդիպումից հետո հայտարարել է Մոուրինյոն: Նշենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայում «Յունայթեդը» չէր պարտվել վերջին 25 հանդիպումներում: «Արսենալից» կրած պարտությունից հետո բրիտանացի լրագրողները խիստ քննադատության են ենթարկել Մոուրինյոյին: Մասնավորապես նշվում է, որ պորտուգալացի մասնագետն ուղղակի ջրեց Անգլիայի Պրեմիեր լիգան՝ թիմին կանգնեցնելով անդունդի եզրին: Բրիտանական աղբյուրների դիտարկման համաձայն՝ եթե Մոուրինյոյին չհաջողվի նվաճել Եվրոպայի լիգայի գավաթը, ապա «Յունայթեդի» սեփականատերերն ուղղակի կվռնդեն նրան: Պրեմիեր լիգայում այս պահին «Մանչեսթեր Յունայթեդը» եզրափակում է լավագույն հնգյակը, սակայն 6-րդ հորիզոնականում գտնվող «Արսենալը» Մոուրինյոյի թիմին զիջում է ընդամենը 2 միավորով, ընդ որում, լոնդոնյան ակումբը մեկ հանդիպում ավելի քիչ է անցկացրել: 4-րդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիին» «Յունայթեդն» արդեն զիջում է 4 միավորով: Եվրոպայի լիգայի խաղարկություն կիսաեզրափակչի «Սելտայի» հետ պատասխան հանդիպումը «Յունայթեդն» անցկացնելու է մայիսի 11-ին: Մայիսի 14-ին էլ Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթերը» կմրցի մեկ այլ սկզբունքային մրցակցի՝ «Տոտենհեմի» հետ: Հիշեցնենք, որ այս թիմերի միջև առաջին շրջանում կայացած հանդիպման միակ գոլը խփել էր Հենրիխ Մխիթարյանը: