Գան…ն, պիդ…տ, բ…-ի տղա. Հայի թասիբը ռուսական ֆուտբոլային կեղտոտ պատերազմում

Երեկ Սոչիում կայացած Ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ մրցավեճը Եկատերինբուրգի «Ուրալի» և Մոսկվայի «Լոկոմոտիվի» միջև ցնցել է ֆուտբոլային աշխարհը: Խաղի վերջնամասում տեղի ունեցած մարտը ուղղակի խորթ է եվրոպական նման մակարդակի հանդիպումներին: Ըստ ռուսական աղբյուրների՝ ֆուտբոլային քաոսը բռնկվել է այն բանից հետո, երբ «Լոկոմոտիվի» պորտուգալացի կիսապաշտպան Մանուել Ֆերնանդեշը «Ուրալի» կիսապաշտպան Արտյոմ Ֆիդլերի մոր հասցեին վիրավորական արտահայտություն է հնչեցրել: Ֆիդլերը, չկարողանալով զսպել կրքերը, հրել է «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստին: Այդուհանդերձ, ֆուտբոլային պատերազմի գլխավոր մեղավորը «Լոկոմոտիվի» բրազիլացի հարձակվող Արին է, որ խառնաշփոթի ժամանակ հետևից բռունցքով ուժեղ հարված է հասցրել Ֆիդլերի գլխին: Սա ֆուտբոլիստին վայել արարք չէ, և կարծում ենք՝ մի քանի տարվա որակազրկումը Արիի համար մեղմ պատիժ կլինի: Հանդիպման գլխավոր մրցավարը կարմիր քարտ է ցույց տվել Արիին, Ֆիդլերին, «Լոկոմոտիվի» մեկ այլ խաղացող Ջեֆերսոն Ֆարֆանին, ինչպես նաև «Ուրալի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանին: Էդգար Մանուչարյանը խաղընկերոջը՝ Ֆիդլերին, պաշտպանելու նպատակով հարվածեց մրցակցի ֆուտբոլիստներից մեկին: Տվյալ դրվագում «Լոկոմոտիվի» մի քանի ֆուտբոլիստներ շրջափակել և բառի բուն իմաստով դաժանաբար ծեծում էին «Ուրալի» կիսապաշտպանին: Բարձր պահելով հայի թասիբը և պաշտպանելով խաղընկերոջը՝ Մանուչարյանն ինքը ենթարկվեց հարձակման «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստների կողմից: Հնարավոր է այս դիտարկումը ոչ միանշանակ ընկալում ստանա, բայց, կարծում ենք, առկա իրավիճակում մեր ֆուտբոլիստի պահվածքը բնական էր և մարդկային: Երբ մրցակիցը հետևից հարվածում է խաղընկերոջդ գլխին, ապա հակամարտությունը կամա թե ակամա տեղափոխվում է այլ հարթություն տվյալ իրավիճակում և դժվար է լինել բաժանողի և հանգստացնողի դերում: «Արին, գան...ն- է, պի...տ, բ...-ի տղա, այսպես էլ գրեք: Պատկերացնում եք՝ նրան մեդալ են տալիս: Այդ տականքին պետք է զրկել մեդալից: Դրա նմաններին ուղղակի պետք է դուրս վռնդել մեր երկրից: Բոլորդ շատ լավ եք հասկանում, թե հետևից հարվածողներն ովքեր են: Նրանք փչացած բ-զ են: Արին դեռ պատասխան է տալու: Նման արարքները չեն ներվում և մոռացության չեն ենթարկվում»,- հայտարարել է «Ուրալի» հարձակվող Ռոման Պավլյուչենկոն, ով ռուսական ֆուտբոլում հեղինակություն է վայելում և ժամանակին եղել է այս երկրի ազգային հավաքականի առաջատարներից մեկը: Միջադեպին անդրադարձել է նաև հայազգի ֆուտբոլային մասնագետ՝ Մախաչկալայի «Անժիի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը. «Ֆուտբոլիստի գլխին ետևից հարվածելը... Ես նրա գլուխը կպոկեի: Եթե խաղադաշտում ներկա է ծաղրածու՝ ի դեմս Արիի, ով փորձում է բռունցքով հարցեր լուծել, ապա պետք է ցույց տալ, որ մենք հարցը բռունցքներով ավելի լավ կարող ենք լուծել: Սա ինձ համար ապշեցնող իրողություն է: Հին ու բարի ժամանակներում ցանկացած թիմ Արիին ուղղակի կճզմեր»: Ռուսաստանի ֆուտբոլի միության կարգապահական կոմիտեն պատրաստվում է մանրակրկիտ ուսումնասիրել տեղի ունեցածը, և ըստ ամենայնի մի շարք ֆուտբոլիստներ կորակազրկվեն: Ըստ շրջանառվող լուրերի՝ Արին պատրաստվում է լքել Ռուսաստանը, որի առաջնությունում խաղում է արդեն 7 տարի: Երկրպագուները, նույնիսկ ֆուտբոլիստները Արիին սպառնում են հաշվեհարդար տեսնել: «Ես ռուսերեն լավ չեմ խոսում: Չգիտեմ ինչ ասել: Ֆիդլերը հարվածեց իմ խաղընկերոջը, և ես չկարողացա զսպել ինձ: Չեմ ցանկանում մեկնաբանել տեղի ունեցածը: Թողեք ինձ հանգիստ, իսկ թե իրականում ով է մեղավոր տեղի ունեցածի մեջ՝ ցույց կտա ժամանակը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Արին: Հանդիպմանը ներկա գտնված սպորտի և տուրիզմի հարցերով Ռուսաստանի կառավարության ղեկավարի տեղակալ Վիտալի Մուտկոն ևս չի ցանկացել խոսել տեղի ունեցած սկանդալային միջադեպի մասին: Նա միայն ասել է: «Այս եզրափակիչը շատ նման էր ուրախ և զվարթ հարսանիքի»: