Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը՝ հայկական շաուրմա ուտող ղազախ ֆուտբոլիստների դեմ

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը՝ հայկական շաուրմա ուտող ղազախ ֆուտբոլիստների դեմ

Վաղը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան կարևորագույն հանդիպումը: Հաղթանակի դեպքում մեր ֆուտբոլիստները կպահպանեն հնարավորությունները պայքայելու եզրափակիչ փուլի ուղեգրի համար: Հաղթանակի դեպքում Ղազախստանի հավաքանը նույնպես նախադրյալներ կստեղծի ենթախմբում երկրորդ հորիզոնականի համար պայքարելու համար: Այս օրերին հայ ֆուտբոլասերների քննարկման գլխավոր թեմաներից է Հայաստանի ազգային թիմի հնարավոր մեկնարկային կազմը առաջիկա մրցավեճում: «Առաջին լրատվական»-ի վարկածով Հայաստանի ազգային հավաքականը հանդիպումը կսկսի մեկնարկային այսպիսի կազմով: Դարպասում կլինի «Ալաշկերտի» ներկայացուցիչ Արսեն Բեգլարյանը: Պաշտպանության ձախ եզրում կխաղա Իրանի «Փայքանը» ներկայացնող Լևոն Հայրապետյանը, իսկ կենտրոնական գոտում՝ Տարոն Ոսկանյանը՝ կիպրական «Կարմիոտիսայից» և Վարազդատ Հարոյանը՝ իրանական «Փադիդեից»: Պաշտպանության ձախ եզրում ըստ ամենայնի կտեսնենք մակեդոնական «Վարդարում» հանդես եկող Հովհաննես Համբարձումյանին, ով գերազանց մարզավիճակում է գտնվում: Նշենք սակայն, որ մեր տեղեկություններով մարզման ժամանակ Համբարձումյանը թեթև վնասվածք է ստացել: Եթե «Վարդարի» պաշտպանն ի վիճակի չլինի մասնակցել հանդիպմանը, ապա նրա փոխարեն հանդես կգա Գայել Անդոնյանը՝ հունական «Վերիայից»: Հենակետային կիսապաշտպանի դիրքում կգործի Արտակ Գրիգորյանը «Ալաշկերտից», ով Մոնտենեգրոյի դեմ մրցավեճում խփեց մեր հավաքականի առաջին գնդակն ու բեկեց հանդիպման ընթացքը: Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդի» առանցքային խաղացող Հենրիխ Մխիթարյանը կկատարի կենտրոնական կիսպաշտպանի պարտականությունը: Նրա անմիջական մասնակցությամբ կկազմակերպվեն գրոհները: Միաժամանակ Մխիթարյանը հարկ եղած դեպքում կօգնի հենակետային կիսապաշտպանին: Կիսապաշտպանության ձախ եզրում հանդես կգա Գևորգ Ղազարյանը՝ պորտուգալական «Մարիտիմուից», իսկ աջից՝ Արաս Օզբիլիսը թուրքական «Բեշիկթաշից»: Հունական «Քսանտին» ներկայացնող Մարկոս Պիզելիին կկատարի ենթահարձակվողի պարտականությունը, իսկ որպես նոմինալ հարձակվող կխաղա Արթուր Սարկիսովը՝ ռուսական «Ենիսեյից»: Նկատենք, որ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի տրամադրության տակ կան հիմնական կազմի խաղացողներին համարժեք փոխարինողներ: Խոսքը հատկապես վերաբերվում է հարձակվողներ՝ Էդգար Մանուչարյանին և Ռուսլան Կորյանին, ովքեր հարկ եղած դեպքում կարող են ուժեղացնել առջևի գիծը: Չմոռանանք նաև կիսապաշտպաններ՝ Գոռ և Էդգար Մալաքյաններին, ինչպես նաև պաշտպան Կամո Հովհաննիսյանին: Մոնտենեգրոյի հետ խաղում Գոռ Մալաքյանը հաջող հանդես եկավ: Նա տեխնիկապես լավ է պատրաստված և կարող է օգտակար լինել դաշտի կենտրոնական հատվածում: Լավ մարզավիճակում է գտնվում նաև «Վարդարի» մեկ այլ ներկայացուցիչ Տիգրան Բարսեղյանը և կարծում ենք Ղազախստանի հետ մրցավեճում Արթուր Պետրոսյանը նրան դրսևորվելու հնարավորություն կտա: Ինչևէ, երեկ Լառնակայից Երևան է ժամանել Ղազախստանի ազգային հավաքականը: «Բանանց» ֆուտբոլային ակումբում մարզում անցկացնելուց հետո մեր մրցակիցները զբոսնում էին Երևանի կենտրոնում: Մինչ մեր ֆուտբոլիստները և երկրպագուները լարված սպասում են առաջիկա հանդիպմանը, ղազախ ֆուտբոլիստները վայելում են հայկական շաուրման: Նշենք, որ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներին շաուրմա ուտել ընդհանրապես խորհուրդ չի տրվում, իսկ խաղի նախօրեին կտրականապես արգելված է: Նման մոտեցումը ունի երկու բացատրությունը: Կամ ղազախ ֆուտբոլիստները վստահ են իրենց ուժերին և նման կարգապահական դետալները անտեսում են, կամ էլ արդեն իսկ համակերպվել են պարտության մտքի հետ և վայելում են երևանյան սննդի բարիքները: Հաշվի առնելով Ղազախստանի հավաքականի վերջին ելույթը՝ Կիպրոսի ընտրանու հետ հակված ենք երկրորդ տարբերակին: