Մոուրինյոյի մաքսիմալիզմի ծանր հետևանքը. Մխիթարյանի վնասվածքը նրա խղճին է

Եվրոպա լիգայի խաղարկության 1/16-րդ եզրափակչի պատասխան խաղում Հենրիխ Մխիթարյանի խփած գոլի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի հարկի տակ հաղթեց «Սենտ Էտյենին»: Հաղթեց մի խաղում, որը մրցաշարային առումով այնքան էլ կարևոր չէր: Սեփական հարկի տակ հաղթելով 3:0 հաշվով «Յունայթեդը» գործնականում ապահովել էր մասնակցությունը 1/8-րդ եզրափակչում: Փետրվարի 26-ին Ժոզե Մոուրինյոյի թիմը Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակչում մրցելու է «Սաութհեմփթոնի» հետ: Կարևորագույն այս մրցավեճի նախաշեմին «Մանչեսթերը» կրեց լուրջ կորուստներ: Մասնավորապես, «Սենտ Էտյենի» հետ խաղում վնասվածք ստացան թիմի ավագ Կարիկը և Մխիթարյանը: «Սենտ Էտյենի» հետ մրցավեճից ընդամենը երեք օր առաջ այս ֆուտբոլիստները եղել էին Անգլիայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակչի «Բելքբուրնի» հետ խաղի մեկնարկային կազմում: Ավելին, Մխիթարյանը կատարելով մեծ ծավալի աշխատանք և խաղալով առանց փոխարինման՝ ճանաչվել էր հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Բացի Կարկից և Մխիթարյանից «Բլեքբուրնի» հետ հանդիպմանը առաջին րոպեներից մասնակցել էին նաև Էշլի Յանգ ու Քրիս Սմոլինգը ովքեր տեղ գտան նաև ֆրանսիական թիմի հետ խաղի մեկնարկային կազմում: Մոուրինյոյի մաքսիմալիզմը ինչ-խոսք դրական հատկանիշ պետք է որակել, բայց երբ թիմը պայքարում է միանգամից 4 մրցաշարերում, խիտ խաղային գրաֆիկի պայմաններում, ուժերը պետք է խելամիտ կերպով օգտագործել: Կարծում ենք պորտուգալացի մասնագետին ոչ-ոքի չէր մեղադրի, եթե «Մանչեսթերը» «Սենտ Էտյենի» դեմ համեմատաբար ավելի թույլ կազմով խաղար և հանդիպումն ավարտեր ոչ-ոքի կամ պարտվեր ասենք 1:0 հաշվով: Մխիթարյանի ստացած վնասվածքը՝ ազդրի մկանի ձգումը չափից ավելի քիչ չհանգստանալու հետևանք է: Դա չի ժխտել նաև Մոուրինյոն «Սենտ Էտյենի» հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսին հայտարարելով որ Մխիթարյանը շատ է խաղում և վնասվածք է ստացել հոգնածության հետևանքով: Հասկանում ենք, նման մակարդակի թիմից բոլորը հաղթանակ են ակնկալում յուրաքանչյուր խաղում, բայց նաև հասկանալ է պետք, որ ֆուտբոլիստները մետաղյա չեն, ուժերը սպառվելու հակում ունեն: Խաղային տոնուսը պահպանելու համար Մխիթարյանին կարելի էր ասպարեզ դուրս բերել երկրորդ խաղակեսի միջնամասում՝ նրա ուժերը խնայելով փետրվարի 26-ին կայանալիք տիտղոսային հանդիպմանը: Ինչ է ստացվում, մաքսիմալիզմի հետևանքով «Սաութհեմփթոնի» հետ խաղից առաջ Մոուրինյոն զրկվեց երկու առանցքային կիսապաշտպաններից, գումարած Ռունին, ով վնասվածքից հետո նոր է վերսկսել մարզումները: Հայտնվելով ծանր իրավիճակում Մոուրինյոն ստիպված կլինի դիմել Ֆելաինիի և Շվայնշտայգերի օգնությանը: Վերջինը լինելով փորձառու ֆուտբոլիստ, այդուաամենայնիվ խաղային պրակտիկայի խնդիր ունի: Ֆելաինին էլ չնայած ֆունկցիոնալ պատրաստվածությանը բավական դանդաղ է գործում: Պատեհ չհամարելով կանխատեսումներ անել հուսանք, որ Մխիթարյանը արագ կապաքինվի և կլրացնի առկա բացը: Ինչևէ, չնայած մեր ֆուտբոլիստը վերջին շրջանում հաճախ է վնասվածք ստանում այդուհանդերձ ընդունենք, որ Պրեմիեր լիգայում մեծ ֆուտբոլիստի համար դա նորմալ երևույթ է: Դառնալով թիմի առանցքային խաղացող, հատկապես կիսապաշտպանական և հարձակվողական ոճի ֆուտբոլիստները շարունակ գտնվում են մրցակցի դիտակետում: Դա դրսևորվում է խաղադաշտում առանձնակի կոշտ վերաբերմունքով: Վառ օրինակը «Տոտենհեմի» հետ սկզբունքային հանդիպումն էր, որի ժամանակ Մխիթարյանը հարված ստացավ և փոխարինվեց: «Աջ ազդրիս ետևի մկանն է ցավում: Եղավ դրվագ, երբ արագացում կատարեցի, որպեսզի հասնեմ գնդակին և հենց այդ պահից հետո ցավ զգացի: Վնասվածքիս լրջությունը պարզ կդառնա վաղը բուժզննումից հետո», ՀՖՖ-ի մամուլի ծառայությանը հայտնել է Մխիթարյանը: Ինչ վերաբերվում է «Սենտ Էտյենի» դեմ նրա ելույթի ապա կարելի է որակել մեկ բառով՝ գերազանց: Հերթական անգամ փայլեց Մատա-Մխիթարյան խաղային դուետը, որը ստացել է «М&М կրակոտ զույգ» որակումը: Վերջին շրջանում այս ֆուտբոլիստների վիճակագրական տվյալները՝ լուսանկարում: