Շախմատային քայլ, որով Մխիթարյանը քանդեց Անգլիայի չեմպիոնի պաշտպանությունը

Հունվարի 10-ին կայացած Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին մրցավեճում «Մանչեսթեր Յունայթեդը» շնորհիվ կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանի և Խուան Մատայի գերազանց խաղի 2:0 հաշվով առավելության հասավ «Հալ Սիթիի» նկատմամբ: Ավելի ստույգ՝ առանց թիմի առաջատար Զլատան Իբրահիմովիչի վերոնշյալ հանդիպման հաղթաթուղթը դարձավ Պոգբա-Մխիթարյան-Մատա խաղային եռյակը: Հենց Մխիթարյանի փոխանցումից հետո Մատան բացեց հաշիվը՝ սկիզբ դնելով հաղթանակին: Ի տարբերություն վերոնշյալ հանդիպման՝ Անգլիայի գործող չեմպիոն «Լեսթերի» դեմ «Յունայթեդը» խաղը սկսեց ինչ-որ տեղ անսովոր՝ 4-4-2 դասավորությամբ: Մասնավորապես, Իբրահիմովիչը և Ռեշֆորդը խաղում էին որպես նոմինալ հարձակվողներ, իսկ Մխիթարյանը, Մատան, Պոգբան և Էրերան՝ կիսապաշտպաններ: Մեր ֆուտբոլիստը խաղում էր ձախից, Պոգբան ու Էրերան՝ կենտրոնում, իսկ Մատան՝ աջից: Վերջին շրջանում, Մոուրինյոն նախընտրում էր 4-2-3-1 դասավորությունը՝ հարձակման կրակագծում օգտագործելով միայն Իբրահիմովիչին: «Լեսթերի» հետ հանդիպման բեկումնային պահը դարձավ այն, որ Ժոզե Մոուրինյոն դեռևս առաջին կեսի միջնամասում փոխեց խաղային դասավորությունը և Մխիթարյանին հանձնարարեց կատարել ենթահարձակվողի պարտականությունը: Այս փոփոխությունը կարելի է շախմատային քայլ անվանել: Քայլ, որը քանդեց մրցակցի պաշտպանությունը: Իսկ փլուզումը սկսվեց Մխիթարյանի տպավորիչ անցումով և կատարողական բարձր վարպետությամբ: Անգլիայի չեմպիոնը խաղալով 4-2-3-1 սխեմայով՝ հենց հանդիպման սկզբից փորձում էր կոտրել մրցակցի խաղը: Հյուրերը ակնհայտ խախտումներով փորձում էին թույլ չտալ, որ «Մանչեսթերը» վերահսկի գնդակը: Այս մարտավարությունը կարող էր արդարացնել իրեն, եթե չլիներ Մխիթարյանը: «Լեսթերի» իտալացի գլխավոր մարզիչ Ռանիերին չէր հաշվարկել հայ ֆուտբոլիստի ունիվերասլ լինելու և ֆուտբոլային բարձր ինտելեկտ ունենալու փաստը: Ժամանակակից ֆուտբոլում, բացի կատարողական վարպետությունից, առանցքային դեր է խաղում ֆուտբոլիստի մտածելու և խաղը կարդալու հատկությունը: Մխիթարյանի տաղանդը կայանում է նրանում, որ նա ցանկացած ամպլուայում կարողանում է արդյունավետ գործել: Փաստ է, որ Անգլիայի Պրեմիեր լիգայում աշխատող հայտնի մարզիչները չեն կարողանում նրա դեմ հակախաղ գտնել: «Մխիթարյանի գոլը ծանր հարված էր մեզ համար: Մեզ չհաջողվեց ուշքի քալ, և բաց թողեցինք երկրորդ գոլը: Թևաթափ եղանք: Չգիտեմ՝ ինչու այդպես ստացվեց»,- խաղից հետո ասել է Ռանիերին: Հերթական անգամ համոզվեցինք, որ Մխիթարյանի և Մատայի՝ խաղադաշտում լինելու պարագայում հաջող է ստացվում նաև Պոգբայի խաղը: Երբ Մխիթարյանը հայտնվեց ենթահարձակվողի դիրքում, ավելի հաջող սկսեց գործել Մատան, ով ինչպես «Հալի» հետ խաղում՝ հենց Մխիթարյանի փոխանցումից հետո գրավեց մրցակցի դարպասը: Մխիթարյան-Պոգբա-Մատա խաղային եռյակին հաջողվում է լիովին վերահսկել գործողությունները դաշտի միջին հատվածում: Հերթական անգամ Մխիթարյանը ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ՝ ստանալով բավական բարձր՝ 9.2 բալ: Այս հաղթանակից հետո «Յունայթեդը» 45 միավորով ամրապնդվեց 6-րդ հորիզոնականում: Նշենք, որ Մոուրինյոյի թիմը իրական հնարավորություն ունի 2-3-րդ հորիզոնականների համար պայքարելու: Այս պահին երկրորդ տեղում գտնվող «Տոտենհեմը» ունի 50 միավոր: 2-5-րդ հորիզոնականներում տեղ են զբաղեցրել համապատասխանաբար «Մանչեսթեր Սիթին», «Արսենալն» ու «Լիվերպուլը»: Հաջորդ հանդիպումը Մանչեսթրը կանցկացնի փետրվարի 11-ին՝ սեփական հարկի տակ մրցելով Ուոտֆորդի հետ: