«Ճանապարհ դեպի Ռիո». Ծանրորդ Նազիկ Ավդալյան

«Ճանապարհ դեպի Ռիո». Ծանրորդ Նազիկ Ավդալյան

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիական լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար: «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի հաջորդ հերոսը ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանն է: Նազիկը հայկական ծանրամարտի կենտրոններից մեկի՝ Գյումրու մարզադպրոցի սան է: Նա ծնվել է 1986 թվականին Հայաստանի երկրորդ ամենախոշոր քաղաքում՝ Գյումրիում: Նազիկը մարզիկների այն դասին է պատկանում, ովքեր ապացուցում են, որ անհնարին ոչինչ չկա: Նազիկն ավտովթարից հետո փյունիկի պես հառնեց և 2016 թվականի Եվրոպայի առաջնությունում դարձավ հին աշխարհամասի չեմպիոն: Միշտ պայքարող, միշտ ուժեղ և միշտ կանացի Նազիկը իր մեծագույն նվաճումը համարում է իր տղային: -Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու: -Երբևէ թալիսման չեմ ունեցել և այս խաղերն էլ բացառություն չեն: -Նկարագրիր Օլիմպիական խաղերը երեք բառով: -Մարզիկների երազանքների գագաթնակետ: -Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել: -Բնականաբար, ամուսնուս, և իմ տղային՝ հրեշտակիս: -Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ: -Նախ և առաջ, մարզիչիս և, իհարկե, նաև ընտանիքիս մյուս անդամների հետ: -Ինչպե՞ս կուզես, որ հիշվեն այս Օլիմպիական խաղերը: -Առանց ափսոսանքի և ժպիտով: ՀԱՕԿ լրատվության բաժին