«Ճանապարհ դեպի Ռիո». Մարմնամարզիկ Արթուր Դավթյան

«Ճանապարհ դեպի Ռիո». Մարմնամարզիկ Արթուր Դավթյան

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիական լուսանկարները: Նախագծի հաջորդ հերոսը մարմնամարզիկ Արթուր Դավթյանն է (հենացատկ): Արթուրը ծնվել է 1992 թվականին: Ռիոյի Խաղերը հայ մարմնամարզիկի համար երկրորդն են: Դավթյանը Եվրոպայի 2013 թվականի առաջնության բրոնզե և 2016 թվականի առաջնության արծաթե մեդալակիր է (հենացատկ): Մարմնամարզության հավաքականում խստությունն ու կարգապահությունն առաջին տեղում են: Հավաքականի անդամները շատ զուսպ և ծանրակշիռ են՝ մանավանդ մարզչի ներկայությամբ: Դավթյանն եզակի բացառություն է. նա մշտապես կատակում է, բարձրացնում է բոլորի տրամադրությունը և, ինչպես, հավաքականի գլխավոր մարզիչը նշեց, թիմի ուրախությունն է: Բացառություն չեղան նաև մեր նկարահանումները, որի ամբողջ ընթացքում Արթուրն, իրեն հատուկ սուր հումորով, զվարճացրեց բոլոր ներկաներին: -Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու: -Որպես այդպիսին՝ թալիսման չունեմ: Ելույթներից առաջ աղոթում եմ: -Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել: -Հայրս: -Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ: -Ծնողներիս: -Նկարագրիր Օլիմպիական խաղերը երեք բառով: -Ուժ, հավատ, հաղթանակ: -Ինչպե՞ս կուզես, որ հիշվեն այս Օլիմպիական խաղերը: -Հաղթանակով: