«Ճանապարհ դեպի Ռիո». Ըմբիշ Գեորգի Կետոև

«Ճանապարհ դեպի Ռիո». Ըմբիշ Գեորգի Կետոև

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիական լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար: Մեր հաջորդ հերոսը ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը վերջերս համալրած Գեորգի Կետոևն է (97 կգ): Նա ծնվել է 1985 թվականին Վրաստանում: Մինչև 2016 թվականը ներկայացրել է Ռուսաստանը, որի կազմում 2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերում դարձել է բրոնզե մեդալակիր, ինչպես նաև 2007 թվականին դարձել է աշխարհի, իսկ 2008-ին՝ ԵՎրոպայի չեմպիոն: Հայաստանի ներկայացուցիչը ըմբշամարտով սկսել է զբաղվել 11 տարեկանից: Կետոևը չի պատկերացնում, թե ինչ մարզաձևով կզբաղվեր, եթե ոչ ըմբշամարատով: Նրա համար կյանքում ամենակարևորն ընտանիքն է. կինը և երկու որդիները: -Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու: -Խաչս: -Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել: -Բարդ հարց է: Իհարկե, կցանկանայի որ ընտանիքս կողքիս լիներ, սակայն հասկանում եմ, որ նրանց ներկայությունը լարվածություն կառաջացներ ինձ մոտ: -Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ: -Կնոջս, ընտանիքիս,երեխաներիս: -Նկարագրիր Օլիմպիական խաղերը երեք բառով: -Անկանխատեսելիություն, երազանք, տոն: -Ինչպե՞ս կուզես, որ հիշվեն այս Օլիմպիական խաղերը: -Ինձնից կախված ամեն ինչ ես կանեմ: Մնացածը՝ Աստված ինչպես կամենա: ՀԱՕԿ մամլո ծառայություն