«Ճանապարհ դեպի Ռիո». Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյան

«Ճանապարհ դեպի Ռիո». Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյան

Ռիո դե ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկից ճիշտ 60 օր առաջ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը սկսում է «Ճանապարհ դեպի Ռիո» նախագիծը, որտեղ կներկայացնենք Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և  ձեր ուշադրությանը կներկայացնենք մեր օլիմպիականների լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի  համար: Նախագիծը սկսում ենք բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող կրտսեր բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանից: Նա առաջինն էր, ով Թուրքիայի Սամսուն քաղաքում կայացած վարկանիշային մրցաշարում դուրս եկավ 49 կգ քաշայինների եզրափակիչ՝ միևնույն ժամանակ ապահովելով իր ուղեգիրը: 20-ամյա Արթուրը ծնունդով գյումրեցի է, համեստ է և զուսպ: Երբ զանգահարեցինք և տեղեկացրինք Արթուրին նախագծի մասին և խնդրեցինք գալ, վերջինս առանց վարանելու Գյումրուց եկավ Երևան՝ պայմանավորված ժամից 40 րոպե շուտ: Երբ հարցրինք՝ ինչո՞ւ է այսքան շուտ եկել, ասաց, որ չէր ցանկանում ուշանալ: Ձեզ ենք ներկայացնում ճշտապահ Հովհաննիսյանի լուսանկարներն ու ճեպազրույցը:   -Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու: -Ես թալիսմաններ չունեմ: Իմ խաչն է ինձ հետ: -Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել: -Հայրիկիս և եղբորս: -Ու՞մ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ: - Ծնողներիս: -Երեք բառով նկարագրիր Օլիմպիական խաղերը: -Ուժ, փառք, հաղթանակ: -Ինչպե՞ս կուզեիր, որ հիշվեին այս Օլիմպիական խաղերը: -Չեմպիոնական (ժպտում է): ՀԱՕԿ լրատվության բաժին