Շաբաթ, 19 Ապրիլի


Լրահոս
Կայքի ամբողջական տարբերակը
Հայաստան | Խոսք

Հետխորհրդային երկրները պետք է սովորեն ուկրաինական ընդդիմության սխալներից ու ընդօրինակեն մեր փորձը. Արսեն Ավակով



«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր, «Բատկիվշչինա» ընդդիմադիր  խմբակցության նախագահի տեղակալ Արսեն Ավակովը:



- Պարոն Ավակով, Հայաստանում եվրաինտեգրացիայի կողմնակիցները մեծ հետաքրքրությամբ են հետևում այն  բոլոր զարգացումներին, որոնք տեղի են ունենում Ուկրաինայում: Օրերս ավարտվեցին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները, որոնց արդյունքները տարբեր գնահատականների  արժանացան: Ինչպե՞ս եք գնահատում ձեռք բերված համաձայնությունները, և այդ նոր համաձայնություններն ինչպե՞ս կանդրադառնան Եվրամայդանում հավաքված ընդդիմության և քաղաքացիական հասարակության պահանջների վրա:



- Սկսեմ նրանից, որ ուկրաինական հասարակությունը, ժողովուրդն այդպես էլ չտեսավ այն փաստաթղթերը, որոնք ստորագրվել են Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության նախագահների հանդիպման ժամանակ: Մեզ, ինչպես միշտ, առաջարկում են հավատալ պոպուլիստական կարգախոսներին: Այս պարագայում պատմություններն այն մասին, որ կառավարության ղեկավարը, գտնվելով տնտեսական դժվարին կացության մեջ, միայն ալտրուիզմից ելնելով՝ մեծ գումար  է հանել կենսաթոշակային հիմնադրամից,  գործնականում ռիսկի է ենթարկել սոցիալական վճարումները, ի դեպ՝ պաշտպանված բյուջետային հոդվածով, և տվել է հարևան երկրի՝ առանց որոշակի պայմանների:  Ի դեպ, այս ամենին գումարվեց նաև գազի գնի մեծ զեղչը, որն արտահանման բազային դիրքերից մեկն է:



Ես կարծում եմ, որ նման  հեքիաթի նույնիսկ ամենամիամիտ, տնտեսությունից բացարձակապես հեռու մարդը չի կարող հավատալ:  Ցանկացած տնտեսագետի պարզ է, որ այս սխեման  անկասկած երկու կողմերին դիվիդենտներ է առաջարկում: ՌԴ-ն իր կողմից գնում է ԵՄ հետ ԱՀ ստորագրումից Ուկրաինայի հրաժարումը և հետագա ընթացքը դեպի  Մաքսային միություն: Բայց կա նաև ուղիղ տնտեսական բաղադրիչ: Ռուսական գումարները ավելի թանկ են, քան Արտարժույթի միջազգային հիմնադրամինը, ավելին՝ ԱՄՀ վարկերը հնարավոր է տալ մաս-մաս և ավելի երկարաժամկետ:  Այսինքն, այս պահին ստանալով միջոցներ պետբյուջեի խոշոր խնդիրները լուծելու  համար՝ Յանուկովիչը կքշի երկիրը պարտքերի ռուսական փոսի մեջ:



Երկրորդը՝ գազի զեղչի խոստումը եղել է պայմանով, որ կավելանան  գնումների ծավալները: Այսինքն՝ մի կողմից մենք արդյունքում կծախսենք այդքան, եթե ոչ ավելի, մյուս կողմից՝ գազի ավելցուկները  պետք է վերավաճառվեն: Բայց արդեն ոչ կառավարությամբ, այդ վերցված գումարները կմտնեն իշխանությանը մոտ կանգնած օլիգարխների անհատակ գրպանները: Իսկ Ուկրաինա երկրին  ու ժողովրդին  նույնիսկ այդ կարկանդակի ծակը չի մնա, այլ հսկայածավալ պարտք: Նաև մեծ է հավանականությունը, որ Ուկրաինան դա վերադարձնելու է՝ ստիպված ՄՄ մտնելով, այսինքն՝ ինքնիշխանության կորստով:



Ես արդեն իմ ֆեյսբուքյան էջում գրել եմ այն մասին, որ պատրաստ եմ Յանուկովիչին մեկ արկղ կոնյակ ուղարկել, եթե ուկրաինացիների համար հունվարի  վճարներն իջնեն 30%-ով: Համարձակորեն հորդորել եմ բոլորին միանալ, քանի որ մենք բոլորս ոչինչ ռիսկի չենք ենթարկում:



- Ուկրաինայում բարձրացած ալիքի հենց սկզբից Ուկրաինայի ընդդիմության գործողություններն արժանացան հակասական գնահատականների՝ դրանց ճշգրտության և հաշվարկվածության տեսակետից: Ի՞նչ ցույց տվեց ժամանակը: Եղե՞լ են արդյոք կոպիտ սխալներ, որոնք պետք է որ ուղղվեին:



- Սխալներ չի գործում նա, ով ոչինչ չի անում: Իհարկե, կան սխալներ և անկասկած  ընթանում է տակտիկայի մշտական, ամենօրյա մշակում: Պետք է նաև հաշվի առնել, որ Ուկրաինայի խորհրդարանական ընդդիմությունն աշխատում է չափազանց  դժվարին պայմաններում՝ քաղաքական հետապնդումներ կեղտոտ տեխնոլոգիաների կիրառմամբ՝ սկսած կեղծիքների հրապարակումներից, այդ թվում՝ անձնական կյանքի վերաբերյալ, քրեական հետապնդում, սելեկտիվ արդարադատություն, վերահսկվող դատական համակարգ,  կառավարական պատժիչ մեքենայի կիրառում,  ընդդիմադիր մամուլի աշխատանքի արգելափակում, ազատ խոսքի խոչընդոտում: Այս ամենը դժվար է, բայց ամենագլխավորը՝ դա տասնյակների համար վիթխարի պատասխանատվությունն է, այն մարդկանց համար պատասխանատվությունը, որոնք կանգնած են Մայդանում, երկրի տասնյակ մայդաններում: Այդ մարդիկ վտանգում են իրենց առողջությունը, որոշները նաև իրենց կյանքն են վտանգում հանուն բարձրագույն արժեքների՝ մարդկային արժանապատվության: Ուկրաինան ոտքի է կանգնել ու պահանջում է ռադիկալ փոփոխություններ: Այն հստակեցնում է մեր հիմքերը, ռազմավարական խնդիրները: Այդ պատճառով է, որ ներկայումս ընդդիմությունը ոչ միայն ժողովրդական պատգամավորներն են երեք խորհրդարանական խմբակցություններից, այլ միլիոնավոր ուկրաինացիներ: Փաստորեն, այսօր կա իշխանություն, որը պայքարում է և թաքնվում, և ժողովուրդը: Ժողովրդական ալիքը պահանջում է պատասխաններ, որոշումներ և գործողություններ: Իմ կարծիքով՝ արդյունքն արդեն կանխորոշված է: Ընդդիմադիր պատգամավորների նման փոխգործակցության պայմաններում սխալվելն անհնար է:



- Բողոքի ակցիաների մեկնարկից ի վեր՝ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն սուր արձագանքեցին ուկրաինական իշխանության ուժային գործողություններին և ռուսական ճնշումներին: Տարբեր կարծիքներ կան այն հարցի առնչությամբ, թե որքանով էր ադեկվատ այդ արձագանքը: Դուք ինչպե՞ս եք գնահատում միջազգային հանրության գնահատականը անցած դեպքերին և ինչպիսի՞ն այն կլինի ձեռք բերված նոր համաձայնությունների կոնտեքստում:



- Ես կարծում եմ, որ արձագանքը վիթխարի էր:  Ինձ թվում է, որ հետսովետական պատմության ընթացքում նման սուր բնույթի և ոչ երկիմաստ նախազգուշացումներ երբեք չեն եղել:  Եվ ԵՄ-ի, և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ ամենաբարձր մակարդակով մշտական շփման մեջ ենք: Այսպես կասեմ՝ դիվանագիտական աշխատանքի ոչ բոլոր ասպեկտներն են, որ հրապարակային են, և դա բնական է: Նույնիսկ այն, ինչը դառնում է հրապարակային սեփականություն՝ աննախադեպ է: Բայց ժողովրդավարությունն առաջին հերթին գործընթաց է, իսկ դեմոկրատական ինստիտուտները կիրառում են բոլոր հնարավոր գործիքները, որպեսզի Ուկրաինային հնարավորություն տան ճգնաժամից դուրս գալ խաղաղությամբ, բայց հասարակությանը հասցնեն դիմակայության ամենաբարձր մակարդակին՝ պահպանելով Եվրոպայի հետ ինտեգրացիոն գործընթացը շարունակելու հնարավորությունն այն տեղից, որտեղ որ այն կանգնել  էր:



- Մայդանում սկսված դիմակայության  ընթացքում շահարկվում են տեսակետներ, թե Կիևում որոշվում է ոչ միայն Ուկրաինայի, այլև ԵՄ Արևելյան գործընկերության վեց երկրների, այդ թվում՝ ՌԴ-ի ճակատագիրը: Ինչպե՞ս կանդրադառնան Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումները հետսովետական մյուս երկրների հասարակական-քաղաքական  մթնոլորտի վրա:



- Ես կարծում եմ, որ չնայած կատաղի ցենզուրային և հանրային  գիտակցությունը մանիպուլացնելու փորձերին, այսօր ցանկացած մտածող մարդ  կարող է ստանալ տեղի ունեցողի ամբողջական և օբյեկտիվ պատկերը, ցանկացած մարդ հնարավորություն ունի գնահատելու տարբեր տեսակետեր՝ անելով սեփական եզրակացություններ: Շնորհակալություն ինտերնետին, այսօր կարելի է չիրազեկված լինել միայն սեփական որոշման պարագայում: Այնպես որ, անկասկած  Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, մեր պայքարը, մեր հեղափոխությունը բոլոր հետսովետական երկրների ուշադրության կենտրոնում է: Ես նաև կարծում եմ, որ մենք բոլորս կարծես միևնույն  խնդիրներն ունենք:  Իսկ դա նշանակում է, որ մենք պետք է սովորենք միմյանց սխալների վրա և ընդունենք մեկս մյուսի փորձառությունը:  Վաղ թե ուշ մենք բոլորս կդառնանք նորմալ,  անկախ պետություններ՝ առողջ տնտեսությամբ և ուժեղ քաղաքացիական ինստիտուտներով. սա է միակ առողջ ուղին դեպի զարգացում, որը նշանակում է, որ դա անխուսափելի է: Ուստի մեզ բոլորիս անհրաժեշտ է  արթնանալ, վեր կանգնել ու քայլել: Իսկ նա, ով առջևում կլինի, ցույց կտա ճանապարհը:



Ի դեպ, մեր Մայդանում շատ ռուսներ են լինում: Գալիս են, նայում, հարցնում, ոմանք հեռանում են, իսկ ոմանք մնում, ապրում մեզ հետ մի քանի օր շարունակ: Նրանցից որևէ մեկին այստեղ չեն վիրավորում: Խնդիրներ պատահում են ռուս լրագրողների հետ, որոնք մեծ դժվարությամբ են գրում stand-up-ներ, որովհետև նրանց մարդիկ շրջապատում են և նրանց ուղղությամբ բղավում են՝ «Ճիշտը խոսիր» կամ «Մի ստիր»: Խեղճերը ստիպված են լինում հեռանալ այլընտրանքային մայդան՝ Մարինյան պուրակ: Այնտեղ հիմնականում հեշտ են աշխատում որոշակի հանգամանքներից ելնելով:  Իսկ ձեզ և ձեր գործընկերներին ես հրավիրում եմ մեզ մոտ, ամեն ինչ ձեր աչքով կտեսնեք, կխոսեք մարդկանց հետ և կշնչեք Մայդանի ազատության զարմանալի օդը:  Դա անմոռանալի է:



- Պարոն Ավակով, շատ է խոսվել այն մասին, որ ՌԴ-ն աննախադեպ ճնշումներ է գործադրում ԵՄ Արևելյան գործընկերության երկրների, ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Հայաստանի նկատմամբ: Հայաստանյան փորձագետներն ու քաղաքական գործիչները հաճախ են զուգահեռներ անցկացնում այն ամենի միջև, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում և Հայաստանում մինչ այս: Հայաստանում քաղաքացիական հասարակության  լայն շերտերն իրենց համերաշխությունն են հայտնում Մայդանում կանգնած ուկրաինացիներին, այդուհանդերձ ռուսական գազային շանտաժն ու անվտանգության սահմանափակմանն ուղղված մանիպուլյացիաները  Հայաստանին մղեցին Մաքսային միություն:  Ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի հետագա իրավիճակը և հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացումը:



- Որքան ինձ է հայտնի, Երևանում անցկացվում են մարդաշատ հանրահավաքներ ՄՄ-ի անդամակցության որոշումը ետ վերցնելու պահանջով:  Ես գիտեմ, որ Ձեր երկրում վերջին շրջանում ակտիվացել են հանրային շարժումները և կազմակերպությունները: Ես կարծում եմ, որ Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը ռուսական ճնշումների արդյունք է և ոչ Հայաստանի սկզբունքային հրաժարումը եվրաինտեգրացիայից:  Ես վստահ եմ, որ հայ ժողովուրդն ապագայում  կմիավորվի  եվրոպական ինտեգրացիայի համար:




10:26 Խոսք | Երկուշաբթի 23.12.2013 | Արաքս Մարտիրոսյան



Copyright © 2004 - 2011 | All rights reserved.
1in.am Armenian News & Analyses.