Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը ունեն պատմական հնարավորություն ու պատասխանատվություն

Թվում էր, որ  2016 թվականի ապրիլյան պատերազմից  հետո և առավել ևս  հուլիսյան  դրամատիկ  զարգացումներից  հետո  Հայաստանում  քաշվում է  մի հստակ և  ուղիղ գիծ՝ հին և նոր Հայաստանների  միջև, ու սկսվում  է նորի կերտումը,  որովհետև  դրա  կենսականության,  անհրաժեշտության  հապաղելու  դեպքում  ահռելի  վտանգների  անխուսափելիության  հարցը թերևս  պետք է, որ  փակ  լիներ մինչ  այդ  զգալիորեն  փակ աչքով ու ականջով  իշխանության  համար: Անցել է երկու տարի, ու  Հայաստանում  ներկայումս  դարձյալ  սահմանային վիճակ է: Բարեբախտաբար, այդ վիճակը ստեղծվել է ոչ պատերազմով և ոչ էլ  Պարեկապահակային  ծառայության  գնդի գրավումով,  ու ստեղծվել է,  այսպես ասած, առանց  զոհերի, և հուսանք, որ այն այդպես էլ  կավարտվի՝ առանց զոհերի: Բայց խնդիրն, անշուշտ, միայն զոհերից  խուսափելը, առանց որևէ ողբերգական կամ ծանր կորստի  հանգուցալուծումը  չէ: Ի վերջո, դա նվազագույն, անհրաժեշտ, բայց ոչ բավարար խնդիրն է: Որովհետև  հանգուցալուծումը  պահանջում է  բովանդակային  շոշափելի  բաղադրություն,  եզրահանգում,  պահանջում  է  որակապես  նոր իրավիճակ,  ոչ թե միայն  քարոզչական առումով:  Այլապես այսօր  հնարավոր  կլինի խուսափել  ողբերգական  հանգուցալուծումից,  բայց վաղը,  մեկ ամիս,  մեկ տարի  անց  երկիրը  դարձյալ կարող է  կանգնել  սահմանային  իրավիճակի  առաջ, եթե  լուծում չեն  գտնում  խորքային  համակարգային  խնդիրները,  եթե  իշխանությունը  շարունակում է,  այսպես ասած,  շախմատ  խաղալ,  բարեփոխումներ իրականացնելու,  խորքային և դինամիկ  փոփոխություններ  ապահովելու,  նոր որակ,  նոր դեմքեր,  նոր  գաղափարներ  հրապարակ  բերելու, բայց  դրանցով  հանդերձ նաև դրանց շուրջ հանրային   երկխոսության և մասնակցության մեխանիզմներ  ձևավորելու կամ հանրության  բերած նոր գաղափարների  շուրջ  գործակցելու  պատրաստակամության  փոխարեն: «Ձեռքերը վեր» առանց բռնության կարգախոսով ներկայիս շարժումը իշխանության համար ևս մեկ, իսկ գուցե վերջին հնարավորությունն է ուշքի գալ և քաղաքականությունը կառուցել հանրային էներգիայի, ազատ մտքի և ազատ խոսքի, բազմակարծության և տեսակետների բազմազանության վրա, դրանով զսպել մարգինալ ռադիկալ դրսևորումները և Հայաստանը դուրս բերել իսկապես նոր հարթություն, որակապես նոր հարթություն, համակարգային լուծումների հարթություն: Կամ Հայաստանը այս անգամ էլ կհայտնվի փոսում՝ այս հնարավորությունը չօգտագործելու դեպքում, այս անգամ դաս չքաղելու դեպքում: Բայց արդեն փոսում, որից դուրս գալը կամ կլինի անհնար, կամ կհանեն արդեն բոլորովին ուրիշները, ընդամենը որպես խաղաքարտ, ոչ թե պետություն: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանի հետ: