Երրորդ ուղին կամ Մարտի 1-ի այլընտրանքը

Երրորդ ուղին կամ Մարտի 1-ի այլընտրանքը

Ըստ ամենայնի` անարդյունք է ավարտվել նաև Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի կարճատև հանդիպումը, որովհետև ընդդիմության առաջնորդը հանրահավաքում վերահաստատել է, որ իշխանության հետ պատրաստ է երկխոսել միայն Սերժ Սարգսյանի հեռացման օրակարգի շուրջ: Ներքաղաքական էսկալացիան հասել է իր կուլմինացիային և երկրում թևածում է Մարտի 1-ի ուրվականը. քաղաքական հակամարտության երկու կողմերը միայն խորացնում են ճգնաժամը, փակուղին: Հատկանշական է, որ իշխանությունները և նրա դեմ պայքարող հեղափոխական ընդդիմությունն ունեն, այսպես կոչված, արժեքային կամ վարքագծային ընդհանրություններ: «Ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքը բնորոշ է միայն ավտորիտար մտածողությանը, որը հասարակությանն արհեստականորեն բաժանում է «սև-սպիտակի»` անտագոնիզմի փլատակների տակ թողնելով քաղաքական տեքստերը, ռացիոնալ մտածողությունը: Հենց տոլերանտության բացակայությունն է միավորում հայաստանյան բարիկադի երկու կողմերին: Օրինակ` ի՞նչ երկխոսություն է ակնկալում Սերժ Սարգսյանը, երբ նույնիսկ փողոցային ալեկոծումների ֆոնին կատարում է վերանշանակումներ` ամբողջովին վերարտադրելով հին կառավարությունը: Օլիգոպոլ համակարգի շուրջ կոնսենսուս չի կարող լինել, որովհետ այսօրվա հուզումները, մեծ հաշվով, Սերժ Սարգսյանի տասնամյա անտաղանդ նախագահության հետևանք են: Մյուս կողմից` ի՞նչ երկխոսության մասին է խոսքը, երբ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին համարում է քաղաքական դիակ: Երկուստեք բացակայում են քաղաքական ուղերձները. իշխանության և հեղափոխականների պայքարը տեղավորվում է անտագոնիստական միջավայրում` կրելով ռեսուրսային կոշտ պայքարի բնույթ: Ֆիզիկապես որևէ տարածք պահելը դարձել է ուժի ցուցադրության դրսևորում. քրեական դիմագիծ ունեցող տխրահռչակ Շմայսը և հեղափոխության ձգտող երիտասարդությունը փողոցները փակում են նույն մեթոդներով` նվաստացնելով սեփական տեսակետ ունեցող քաղաքացիների արժանապատվությունը, ազատ կարծիք ունենալու, տեղաշարժվելու մարդկանց իրավունքը: Սերժ Սարգսյանը ձգտում է պետական և քաղաքական ինստիտուտները ենթարկեցնել օլիգոպոլ համակարգին, Նիկոլ Փաշինյանը` փողոցի դիկտատուրային: Այս պայմաններում երկխոսության տարածք, օրակարգ լինել չի կարող: Իշխանությունները և հեղափոխականները խցանում են քաղաքական կյանքի զարգացման ճանապարհը: Մարտի 1-ի կրկնությունը կամ լյումպենի հեղափոխությունը զոհերի ու բռնությունների պատճառ են դառնալու` երկիրն իզգոյացնելով քաղաքակիրթ աշխարհից, անտագոնիզմի վիրուսով վարակելով քաղաքական, պետական համակարգերը: Փրկությունը` երրորդ ուղու մեջ է, որը պետք է բացառի փոխադարձ բռնությունները, իրարամերժությունը: Եթե տեղի ունենա հասարակության այսօրվա աննախադեպ ակտիվության կապիտալացում, ապա ինստիտուցիոնալ ընդդիմության ստեղծման ճանապարհով հնարավոր է հասնել իշխանության որակի բարձրացմանը կամ իշխանության լեգալ փոփոխությանը, եթե գործող իշխանությունը չկարողանա ադապտացվել քաղաքական բարձր նշաձողին: Իշխանության բռնությունը չի կարող երաշխավորել կայունություն, անհանդուրժող փողոցը չի կարող նույնանալ որակական փոփոխությունների հետ: Բարեբախտաբար, կա երրորդ ուղի, որը ենթադրում է հասարակության ակտիվության ծառայեցումը բարեփոխումների օրակարգին և լուրջ համակարգային հիմքեր ունեցող ինստիտուցիոնալ ընդդիմության ձևավորմանը: Երրորդ ուղին միակ ճանապարհն է, եթե չենք ուզում ժամացույցի սլաքները տաս տարով հետ տալ` հայտնվելով Մարտի 1-ի արյունոտ փակուղում: