Գիտնականները ցույց են տվել օրգանիզմի ներսում բջիջների «աշխատանքը»

Գիտնականները ցույց են տվել օրգանիզմի ներսում բջիջների «աշխատանքը»

Գիտնականները մանրադիտակ են ստեղծել, որը թույլ է տալիս ցույց տալ «բջիջների» աշխատանքը՝ 3D ֆորմատով։ ԱՄՆ Հովարդ Հյուզի Բժշկական ինստիտուտի գիտնականները միավորել են մանրադիտակների բնագավառում նախկին մշակումները, որպեսզի նոր, կենդանի օրգանիզմում բջիջների աշխատանքը 3D ֆորմատով ցույց տվող մանրադիտակ ստեղծեն։ Այս մասին հաղորդում է National Geographic–ը։ Հետազոտողների խումբը ղեկավարում է 2014 թվականի՝ քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակակիր Էրիկ Բետցիգը։ Նրա խոսքերով՝ ժամանակակից ֆլուորեսցենտային մանրադիտակների խնդիրը նրանում է, որ դրանք լույսի շատ վառ աղբյուրներ են օգտագործում։ Նման պայծառությունը կարող է վնասել բջիջին կամ նույնիսկ ոչնչացնել այն։ Բարելավելով լուսային մանրադիտակային տեխնոլոգիան՝ գիտնականները կարողացել են ուսումնասիրել բջիջն առանց վնասելու։ Մասնավորապես, նոր մանրադիտակի օգնությամբ գիտնականները ստացել են օրգանիզմում կենդանի բջիջների աշխատանքի տեսագրությունը։ Այսօրվա դրությամբ մանրադիտակը կարողանում է ցույց տալ բջիջների փոխազդեցությունը միայն թափանցիկ օրգանիզմներում։ Մարդու մաշկի տակ այն դեռևս նայել չի կարողանում։