Հիմար բաներ մի ասեք, Արոնյանը մեծ շախմատիստ է. Ադրբեջանի գրոսմայստերի նոր հայտարարությունը

Հիմար բաներ մի ասեք, Արոնյանը մեծ շախմատիստ է. Ադրբեջանի գրոսմայստերի նոր հայտարարությունը

Ադրբեջանի գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովը, որը վերջերս Բեռլինում տեղի ունեցած աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում երկրորդ հորիզոնականն էր զբաղեցրել, կրկին ուշագրավ հայտարարություններով է հանդես եկել: «Լևոն Արոնյանը իրականում խառնեց խաղաքարտերը: Այս մրցաշարում բեկումնայինը դարձավ Արոնյան-Կարուանա դիմակայությունը: Հայ գրոսմայստերը Կարուանայի դեմ ոչ մի միավոր չվաստակեց: Երկրորդ շրջանում Լևոնը կարող էր միավոր վաստակել, սակայն չտեսավ հաղթական կոմբինացիան: Վստահաբար կարող եմ ասել, որ ոչ թե Արոնյանը պարտվեց Կարուանային, այլ վերջինս հաղթեց հայ գրոսմայստերին: Ադրբեջանում շատերը կարծում են, որ Արոնյանը միտումնավոր միավոր տվեց Կարուանային, որպեսզի ես չդառնամ հաղթող: Դա պարզապես հիմարություն է: Արոնյանի մակարդակի շախմատիստը չէր կարող նման բան անել: Հայ շախմատիստն ուղղակի ձախողեց հավակնորդների մրցաշարը»,- ասել է Մամեդյարովը: Հիշեցնենք, որ հարևան երկրում Արոնյանին մեղադրում էին միտումնավոր Կարուանային պարտվելու մեջ: «Արոնյանը թաղեց մեր հույսերը: Հայ գրոսմայստերը կարող էր գոնե ոչ-ոքի խաղալ, բայց նա դա չարեց: Չեմ կասկածում, որ եթե Արոնյանը հաղթեր Կարուանային, հայերը նրան անարգանքի սյունին կգամեին: Հայաստանում ողբերգություն կլիներ, եթե Մամեդյարովը հաղթեր հավակնորդների մրցաշարում: Արոնյանն արդեն խայտառակ է եղել՝ կրելով 6 պարտություն: Նման մակարդակի գրոսմայստերի համար սա իրական տապալում է: Պետք է ընդունենք նաև, որ Մամեդյարովը սայթաքեց այս մրցաշարում: Հարկավոր էր ավելի վստահ խաղալ և չհայտնվել նման իրավիճակում: Պարզապես աբսուրդ էր հայի վրա հույս դնելը»,- նշել էր ադրբեջանցի շախմատիստ Ասկեր Ռզաևը: Չնայած նման շեշտադրումներին՝ հավակնորդների մրցաշարից հետո Մամեդյարովրը հանդես էր եկել մեկ այլ աղմկահարույց հայտարարությամբ, որ ադրբեջանցիները առանձնապես չեն աջակցել իրեն, այլ երկրպագել են իտալացուն և հային: Չեմ ցանկանում դժգոհել: Ուղղակի լսեք: Ժամանակը քիչ էր, բայց ես հետևում էի Ձեզ: Ես ադրբեջանցի եմ, բայց իմ հայրենակիցների կողմից ավելի շատ աջակցություն տեսա հայի և իտալացու նկատմամբ: Ամեն դեպքում ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, որ Դուք կաք: Չկարողացա ուրախացնել Ձեզ հաղթանակով, բայց կարևորագույն այս մրցաշարում ես ամենևին վերջինը չէի: Շնորհակալ եմ այն մարդկանց, որոնք մինչև վերջ հավատում էին ինձ: Ես ստացել եմ Ձեր նամակները, բայց ժամանակի սղության պատճառով չեմ պատասխանել դրանց: Ցանկանում եմ հաջողություն և ամենայն բարիք»,- հայտարարել էր Մամեդյարովը: Վերջինս շարունակում է մնալ այն կարծիքին, որ Արոնյանը մեծագույն շախմատիստ է: «Արոնյանը կարևոր ֆիգուր է շախմատի աշխարհում: Բեռլինում նրան խանգարեցին լարվածությունն ու մարզավիճակի հետ կապված խնդիրները: Հայ շախմատիստի հետ պարտիաները ինձ համար միշտ բարդ են եղել: Բարդ էին նաև հավակնորդների մրցաշարում տեղի ունեցած պարտիաները: Արոնյանը գործեց անթերի, և ես չկարողացա ստանալ այն դիրքը, որը թույլ կտար պայքարել հաղթանակի համար: Շախմատիստ իմ ընկերներին էլ խորհուրդ կտամ լինել պրոֆեսիոնալ և հիմար հայտարարություններով հանդես չգալ: Ոմանք նույնիսկ գրոսմայստերի նորմը չլրացրած հարցազրույցներ են տալիս և պնդում, որ ես վախեցել եմ Լևոնից: Ուղղակի ամոթ է ու ծիծաղելի»,- ասել է Մամեդյարովը: Վերջինիս կոշտ խոսքերն ուղղված են մասնավորապես ադրբեջանցի շախմատիստ Ասկեր Ռզաևի դեմ: Վերջինս հավակնորդների մրցաշարի ժամանակ հանդես էր եկել մեկ այլ աղմկահարույց հայտարարությամբ: Արոնյանի հետ բեռլինյան մրցաշարի երկրորդ շրջանում տեղի ունեցած պարտիայից հետո Ռզաևը հայտարարել էր. «Մամեդյարովը վախեցավ Լևոնից: Վախեցավ խայտառակ լինել և, խաղալով փակ պարտիա, ի վերջո ոչ-ոքի խաղաց: Պարտությունն, ինչ խոսք, չէր ընկալվի, բայց Մամեդյարովը պարտավոր էր գրոհել և փորձել հաղթել ետնապահ Արոնյանին: Սա ընդունելի չէ: Շահրիյարն այսօր շատ ավելի ուժեղ է Արոնյանից: Վստահ եմ՝ եթե մեր ընկերը գրոհեր, փայլուն հաղթանակ կտաներ Հայաստանի ներկայացուցչի նկատմամբ: Այո, որոշ չափով հիասթափված ենք Արոնյանի հետ տեղի ունեցած պարտիաներից, բայց, կարծում եմ, Մամեդյարովին կհաջողվի հավակնորդների մրցաշարի վերջնամասում շրջանցել Կարուանային և նոյեմբերին աշխարհի չեմպիոնի կոչումը վիճարկել Կառլսենի հետ»: Ինչևէ, Շահրիյար Մամեդյարովը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում այժմ երրորդ հորիզոնականում է՝ առջևում թողնելով Կարուանային և աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենին: Լևոն Արոնյանն այս պահին միայն 12-րդն է: Մեր առաջատար գրոսմայստերի անհատական գործակիցը 2764 է, և որոշակի ժամանակ է հարկավոր հավակնորդների մրցաշարում տեղի ունեցած անկումը վերականգնելու համար: