Դավիթ Տոնոյանն ընդունել է Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպանին

Դավիթ Տոնոյանն ընդունել է Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ապրիլի 20-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Ալ Էնեզիին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների համապատասխան կառույցների միջև համագործակցության հնարավոր ուղղությունները և հեռանկարները: Ողջունելով դեսպանին՝ ԱԻ նախարարի պաշտոնակատար Դ. Տոնոյանը ներկայացրեց ՀՀ ԱԻ նախարարության գործունեության հիմնական ուղղությունները և Քուվեյթի հետ երկկողմանի համագործակցության ոլորտները: - Քուվեյթի հետ մեր երկրի հարաբարերությունները շատ բարձր մակարդակի վրա են գտնվում և կարծում եմ՝ համագործակցության եզրեր կարող ենք գտնել նաև մեր ոլորտում, մասնավորապես քաղպաշտպանության և բնական աղետների ռիսկի նվազեցման հարցերում, - նշեց Դավիթ Տոնոյանը: Շնորհակալություն հայտնելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից երկկողմանի համագործակցությունը խթանելու նախաձեռնության համար՝ դեսպան Նաուաֆ Ալ Էնեզին նշեց, որ նման հանդիպումները նպաստում են միմյանց ավելի լավ հասկանալու և փոխգործակցության քայլերը նախանշելու գործընթացներին: - Հայաստանը բարեկամ երկիր է Քուվեյթի համար, և կարծում եմ մենք կարող ենք մեր բաժինը ունենալ մեր երկրների միջև դրական հարաբերությունների խորացման ու զարգացման գործում, - ավելացրեց դեսպան Նաուաֆ Ալ Էնեզին: Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին որպես ապագա երկկողմ համագործակցության առաջին քայլ նախապատատրաստել և ստորագրել ՀՀ ԱԻ նախարարության և Քուվեյթի Պետության համապատասխան կառույցի միջև աղետների ռիսկի նվազեցման խնդիրների վերաբերյալ համապարփակ համաձայնագիր: Հանդիպման ավարտին ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատարը Քուվեյթի պատվիրակությանը հրավիրեց մասնակցելու այս տարի դեկտեմբերի 5-ից 7-ը մեր երկրում «Դիմակայուն Հայաստան» խորագրի ներքո անցկացվող Սպիտակի երկրաշարժի հիշատակման 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Հյուրերն այցելեցին նաև ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ ծանոթանալով կենտրոնի գործունեության ուղղություններին և առանձնահատկություններին, եղան ԱԻՆ հոգեբանական ծառայությունում և Աղետների բժշկության կենտրոնում: