Եթե իշխանությունը գնա ուժային լուծման՝ ծանր հետևանքներ կլինեն ՀՀ-ԵՄ հարաբերություններում

«Եթե բռնությունները համատեղելի չլինեն այն սկզբունքների հետ, որոնք ընդունված են Եվրամիությունում, լրագրողների գործունեությանը խոչընդոտներ լինեն, բերման ենթարկվածների իրավունքները շարունակեն խախտվել՝ դրանից հետևություններ կանեն նաև Եվրամիության անդամ երկրները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։ Հարցին՝ եթե իշխանությունները գնան իրավիճակի հանգուցալուծման ուժային տարբերակին, ապա դա ի՞նչ ազդեցություն կունենա ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավարեցման և հարաբերությունների հետագա ընթացքի վրա, Բորիս Նավասարդյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ դա շատ ծանր հետևանքներ կարող է ունենալ, որովհետև բողոքների ակցիաները առիթ չեն տալիս լուրջ ուժային լուծման։ Միջոցառումները բավականին խաղաղ են, նույնիսկ եթե առանձին դեպքերում ինչ-որ մարդկանց կուտակումների արդյունքում ինչ-որ բան լինում է՝ դրանք ավելի շատ սադրիչ գործողությունների արդյունքում են լինում։ Իշխանությունը պետք է դա հասկանա, ընկալի և չօգտվի նմանատիպ սադրիչ գործողություններից»։