Ովքե՞ր են վճարելու Սերժ Սարգսյանի հանդարտության համար

Ովքե՞ր են վճարելու Սերժ Սարգսյանի հանդարտության համար

«Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժումն ուզում է ամեն ինչ կամ ոչինչ, ուստի պարզ չէ՝ ինչ փոխզիջում կարող է լինել»,- պատասխանելով Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ արդեն շուրջ մեկ շաբաթ շարունակվող հավաքների հանգուցալուծման մասին հարցին՝ ասել է պաշտպանության նախարարի պաշտոնում երեկ վերանշանակված Վիգեն Սարգսյանը: Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդմանը երեկ երեկոյան տված հարցազրույցում Սարգսյանը կարծիք է հայտնել, որ կողմերն իրար ընդառաջ գնալու խնդիր չունեն․ «Այն, ինչ հնչեցվում է հրապարակում, փոխզիջում չի ենթադրում: Ենթադրում է «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքը, որը կտրուկ տարբերվում է խորհրդարանական ժողովրդավարության մոդելի տրամաբանությունից: Եվ այդ առումով ես չգիտեմ, թե ինչ փոխզիջումների մասին կարող է խոսքը լինել»: Վիգեն Սարգսյանի ասածը թերևս աքսիոմատիկ ճշմարտություն է, որովհետև սկզբունքորեն փոխզիջում չի կարող լինել այն պարագայում, երբ հնչում է հեղափոխության կոչ: Մյուս կողմից` իշխանության բոլոր գործողությունները ֆորմալ առումով տեղավորվում են Սահմանադրության տրամաբանության մեջ, իսկ տվյալ իրավիճակում փոխզիջումը ենթադրում է կոմպրոմիս օրինականության, լեգալության հաշվին: Թավշյա հեղափոխության իրականացման հայտ ներկայացրած ընդդիմությունն իր հերթին սահմանել է բարձր նշաձող, և փողոց դուրս եկած հազարավոր մարդիկ պատրաստ չեն ընդունել որևէ հանգուցալուծում, որը չի ենթադրում Սերժ Սարգսյանի հրաժարական: Արդյո՞ք պատային է իրավիճակը կամ իսկապե՞ս երկրում ձևավորվել է հեղափոխական իրավիճակ` երկիշխանության ատրիբուտներով: Արտաքուստ` այո, որովհետև Երևանի առնվազն կենտրոնը և որոշ պետական մարմինների գործունեություն կաթվածահար վիճակում են: Մյուս կողմից` իրավիճակը խաբուսիկ է. Սերժ Սարգսյանի մասնակցությամբ ծրագրված որևէ միջոցառում չի տապալվել: Չնայած փողոցների շրջափակմանը` խորհրդարանը ընտրեց վարչապետ, վարչապետն այսօր անցկացրեց կառավարության նիստ: Մի խոսքով` անհրաժեշտության և ցանկության դեպքում իշխանություններին հաջողվում է հեշտությամբ հաղթահարել հեղափոխականների պատնեշները: Վիգեն Սարգսյանն ասում է` փոխզիջման օրակարգ և հնարավորություն չի տեսնում: Այս դեպքում ինչո՞ւ են հապաղում իշխանությունները, ինչո՞ւ երկրի կյանքը չի վերադառնում բնականոն հուն: Պատճառները բազմաշերտ են, և մակերեսային բացատրությունները չեն գործում: Իհարկե, ուժային միջամտության տարբերակը միշտ օրակարգում է, սակայն կարծում ենք` առնվազն ակտուալ չէ, որովհետև չի բխում, առաջին հերթին, իշխանության շահերից. Երրորդ հանրապետության պատմության մեջ թերևս առաջին անգամ իշխանության այս պահի օրակարգը շատ ավելի քաղաքական է, քան նրա հեռացումը պահանջող ընդդիմության, որը` եթե նույնիսկ անկեղծ է իր մղումներում, քաղաքական ուղերձները ստորադասել է էմոցիոնալ ազդակներին: Իշխանությանը ձեռնտու կլինի, եթե քաղաքական լարվածությունը լիցքաթափվի հենց այս ստատուս-քվոյով, այսինքն` հասարակական հուզումները դադարեն ոչ թե պետական կոպիտ միջամտության, այլ քաղաքական ծրագրի բացակայության հետևանքով: Մյուս կողմից` հուզումները գոնե առայժմ գտնվում են կառավարելիության դաշտում և իշխանությունը, այսպես ասած՝ հաշվել է ընդդիմության «ատամները»: Կառավարելի ցնցումները նույնիսկ ձեռնտու են Սերժ Սարգսյանին: Նա, մի կողմից, միջազգային հանրության աչքերում ստեղծում է տոլերանտ ղեկավարի իմիջ, մյուս կողմից` փողոցի էներգիան կարող է օգտագործել համակարգային նոր ստատուս-քվոն իր օրակարգին հնարավորինս համապատասխանեցնելու համար, մանավանդ որ իշխանության ներսում գոյություն չունեն, այսպես կոչված, ավտոնոմ կենտրոններ կամ հեղափոխության առջև «դուռ բացողներ»: Ինչքան փողոցում ավելի բարձր են հայհոյում Սերժ Սարգսյանին, նա այնքան պահանջարկված է համարվում իշխանության համար: Թերևս սրանով է բացատրվում Սերժ Սարգսյանի հանդարտությունը: Ամբողջ խնդիրն այն է, թե ով կամ ովքեր են վճարելու Սարգսյանի հանդարտության համար: