18 թիմ մասնակցության հայտ է ներկայացրել. Ա. Նազարյանը՝ Ա լիգայի և Ադրբեջանի արձագանքի մասին

18 թիմ մասնակցության հայտ է ներկայացրել. Ա. Նազարյանը՝ Ա լիգայի և Ադրբեջանի արձագանքի մասին

Ավարտվեց Բասկետբոլի Ա լիգայի 2017-2018 թթ. խաղարկությունը, որտեղ հաղթող հռչակվեց «Արցախ» ակումբը: Ա լիգայի երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց «Արթիկը», իսկ լավագույն եռյակը եզրափակեց Երևանի «Ուրարտուն»: Կանոնավոր առաջնությունում էլ հաղթող ճանաչվեց «Ուրարտու» ակումբը, իսկ Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճեց «Արթիկը»: Տեղի ունեցած մրցաշարը նշանակալի իրադարձություն կարելի է համարել: Տևական ժամանակ մեր երկրում չէր անցկացվել բասկետբոլի կանոնավոր առաջնություն: Հայաստանի ազգային հավաքականի հաջող ելույթները միջազգային ասպարեզում և Ա լիգայի առաջնությունը մեր երկրում բասկետբոլային իրական բում են առաջացրել: Ավարտված առաջնության և հետագա ծրագրերի մասին «Առաջին լրատվական»-ը զրուցել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանի հետ: - Ինչպե՞ս կգնահատեք ավարտված Ա լիգան, որը աննախադեպ երևույթ էր հայկական բասկետբոլում: - Հաշվի առնելով, որ Ա լիգան անցկացվում էր առաջին անգամ, արդյունքները տպավորիչ են և հուսադրող: Հայաստանում ձևավորվում է բասկետբոլային մշակույթ, ինչը թույլ կտա հետագայում ավելի մասսայականացնել մարզաձևը: Շատ ուրախալի էր, որ եզրափակիչում հայտնվեցին ոչ երևանյան թիմեր, ինչը փաստում է, որ մարզերում ևս բասկետբոլը մեծ զարգացում կարող է ապրել: Ցանկացած մարզաձևի առաջնություն, որը կենտրոնացած լինի միայն Երևանի վրա, դատապարտված է անհաջողության: Եզրափակիչ խաղերին մի քանի հարյուր հանդիսականներ էին եկել Արթիկից և Արցախից, ինչը Ա լիգայի գլխավոր ձեռքբերումն է: Բասկետբոլն առանց հանդիսականների հնարավոր չէ պատկերացնել: - Հայկական ակումբների մակարդակը թո՞ւյլ է տալիս մասնակցել եվրագավաթների խաղարկություններին: - Այս պահին՝ ոչ: Եվրագավաթներին հիմնականում մասնակցում են 1 մլն դոլարից ավելի բյուջե ունեցող թիմեր, իսկ հայկական թիմերը տարեկան ծախսում են 35-60 հազար ԱՄՆ դոլար: Բացի այդ, եվրագավաթներին մասնակցող թիմերը բավական երկար ճանապարհ են անցել, ունեն սեփական կադրեր: Մեզ համար դեռ վաղ է խոսել եվրագավաթների մասին: - «Արցախի» հաղթանակը բուռն արձագանք է ստացել Ադրբեջանում, որտեղ կարծում են, որ տեղի ունեցածը օրինականությունից դուրս է: - Այդ հարցին բազմիցս անդրադարձել ենք՝ նշելով, որ Ա լիգան սիրողական և անկախ մրցաշար է, որին կարող է մասնակցել ցանկացած թիմ: Բնականաբար, մենք լավ տիրապետում ենք ՖԻԲԱ-ի կանոնադրությանը և թույլ չենք տա, որ խախտվեն գործող օրենքները: - Ինչպիսի՞ն կլինի Ա լիգայի հաջորդ առաջնությունը: - Մասնակցել ցանկանում են շատերը, և առաջիկայում կքննարկվեն ստացված հայտերը: Ա լիգայի նախագահ Արա Պողոսյանն առաջիկա օրերին հանդիպումներ կունենա ակումբների հետ, ապա կկայանա ընդհանուր ժողով, որտեղ կքննարկվեն հաջորդ մրցաշրջանին առնչվող հարցեր: Ամենայն հավանականությամբ Ա լիգային կմասնակցեն 8-10 թիմեր: - Այս պահին կան ձևավորված թիմեր, որոնք չեն մասնակցել ավարտված մրցաշարին: - Ընդհանուր առմամբ 17-18 հայտ է եկել, որոնցից 2-ը՝ Լիբանանից, 1-ը՝ Իրանից և 1-ը՝ Ռուսաստանից: Բոլորն էլ հայկական կազմակերպություններ են, որոնք ցանկանում են Հայաստանում բասկետբոլային ակումբներ հիմնել: Մինչև հունիս պարզ կդառնա, թե ովքեր են ի վիճակի մասնակցել Ա լիգային, իսկ ովքեր՝ ոչ, քանի որ միայն հայտ ներկայացնելը շատ քիչ է: - Կա՞ն մարդիկ և կազմակերպություններ, որոնք աջակցում են Ա լիգային: - Լիգան գլխավոր հովանավոր չունի, ինչը բարդացնում է աշխատանքները: Հեռարձակումները իրականացվում են «Վիվարո»-ի աջակցությամբ: Մրցավարներին և վիճակագրության աշխատակիցներին հունվարից վճարում է ֆեդերացիան: Ա լիգայի առաջնային նպատակը պետք է դառնա գլխավոր հովանավոր գտնելը, որը թույլ կտա առաջընթաց գրանցել: Նման լիգաներն առանց գլխավոր հովանավորի երկար կյանք չեն կարող ունենալ: Տեղյակ եմ, որ Ա լիգայի ղեկավարությունը ներկայումս բանակցում է մի քանի ընկերությունների հետ: Հ.Գ.-Մրցաշարի լավագույն խաղացողներն են՝ Պաշտպան - Էդգար Բաբայան (Ուրարտու) Խաղարկող - Ալեքսա Սիմովիչ (Արցախ) Կենտրոնական - Արման Հակոբյան (Արթիկ) Թեթև հարձակվող- Ալբերտ Թադևոսյան (Արցախ) Ծանր հարձակվող - Անդրեյ Կոնստանտինով (Արթիկ) MVP-ն բաժին հասավ Ալբերտ Թաևոսյանին «Արցախ» ակումբից: