Սա ավելի շուտ տոնահանդես է․ շատ կարևոր է, որ շարժմանը գաղափարական հենք հաղորդվի

Ապրիլի 17-ից Հայաստանի քաղաքական իրավիճակն ու զարգացումները մտան նոր փուլ, ընդ որում՝ թե՛ իշխանական միջանցքներում կամ այսպես ասած՝ կառավարման համակարգում, թե՛ փողոցում, որտեղ արդեն մի քանի օր ծավալվում է Նիկոլ Փաշինյանի սկսած շարժումը քաղաքացիական անհնազանդության տեսքով: Խորհրդարանում վարչապետ ընտրվեց Սերժ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը չկարողացավ խափանել նրա թեկնածության քվեարկությունը, ինչը նպատակադրել էր՝ սկսելով «Իմ քայլը» նախաձեռնությունը: Նույն օրը երեկոյան Փաշինյանը հայտարարեց Հեղափոխական կոմիտեներ ստեղծելու մասին, նաև անհանզանդությունը շարունակելու, սակայն արդեն ոչ շուրջօրյա գիշերային հանրահավաքներով, այլ այսպես ասած՝ առավոտ-երեկո ռեժիմով: Ըստ էության, նյարդերի պատերազմի փուլը կարծես թե այսօրվանից մտնում է դիրքային պայքարի փուլ: Մի դրական բան դրանում կարող նշմարվել՝ այն, որ կարծես թե իրավիճակը գոնե այս հանգրվանում անցնում է այն կրիտիկական եզրագիծը, երբ չափազանց մեծ էր բախումների հավանականությունը: Այդուհանդերձ, քանի որ շարունակվում են անհնազանդության ակցիաները, դրանք պահպանվում են, և կարող ենք խոսել, այսպես ասած, կրիտիկական լարման որոշակի լիցքաթափման մասին: Միևնույն ժամանակ, ինչ քայլեր է պետք սպասել իշխանությունից: Իշխանությունը կբավարարվի՞, այսպես ասած, ուժի կիրառումից զերծ չմնալով, թե՞ կլինեն այլ քայլեր, որոնց միջոցով փորձ կարվի ազդել հանրային տրամադրությունների վրա, հարթել որոշակի սուր անկյուններ, լիցքաթափել իրավիճակը արդեն առավել խորքային շերտերում և զգացումներում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Սուրեն Զոլյանի հետ: