Հայաստանի բնակիչները հոգնել են միանձնյա իշխանությունից. շվեյցարական պարբերականի անդրադարձը երևանյան ցույցերին

Հայաստանի բնակիչները հոգնել են միանձնյա իշխանությունից. շվեյցարական պարբերականի անդրադարձը երևանյան ցույցերին

Արդեն մի քանի օր է՝ հազարավոր մարդիկ բողոքի ցույցեր են անում Հայաստանի մայրաքաղաքում նախկին նախագահի կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելու դեմ: Հայաստանի բնակիչներն իրենց դժգոհությունն են հայտնում երկրում տիրող քաղաքական իրավիճակից՝ գրում է շվեյցարական Neue Zürcher Zeitung լրատվամիջոցը: Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կողմից վարչապետի պաշտոնի ստանձնումը նրա համար հետքայլ չէ. 2015թ. ընդունված սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ Հայաստանում առաջին դեմքը ոչ թե նախագահն է, այլ վարչապետը: Ի տարբերություն նախագահական պաշտոնի, որի ժամկետը սահմանափակ է, վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանը կարող է գտնվել այնքան ժամանակ, որքան կստանա ձայների մեծամասնությունը: Անցած ուրբաթ օրվանից սկսած՝ Երևանի փողոցներ ավելի ու ավելի շատ մարդիկ են դուրս գալիս: Բողոքի ցույցի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի և նրա համախոհների կարծիքով՝ իշխանության բուրգի վերին մասում ուժերի դասավորվածությունը ևս մեկ ապացույց է, թե որքան անհաղորդ են քաղաքական ուժերը հասարակական կարծիքին: Սերժ Սարգսյանը 2015թ. փոփոխություններ մտցրեց սահմանադրության մեջ որպես իշխանության ժողովրդական վերահսկողության ամրապնդման երաշխիք: Եթե Սարգսյանը չհերքեր այն փաստարկները, որ նա միանձնյա է ղեկավարում երկիրը, ապա խորհրդարանական համակարգը կարող էր իսկապես առաջ բերել բազմակարծության զարգացում: Այնուամենայնիվ, այժմ քաղաքականությունը, հավանաբար, կշարունակվի հին ոճով: Վատ տնտեսական իրավիճակից դժգոհությունը, շատերի համոզմամբ՝ Ռուսաստանից ունեցած չափազանց մեծ կախվածությունը և Եվրամիության հետ շատ թույլ կապը ավելի ու ավելիեն իրենց արտահայտումն են գտնում փողոցային ցույցերում, քան բանավեճերում: Բնակչությունը քննադատաբար, թեպետ իրատեսորեն է վերաբերվում Ռուսաստանի հետ Հայաստանի ամուր կապին: Դա կենսական անհրաժեշտություն ունի երկրի համար, քանի որ այն գտնվում է թշնամական հարաբերությունների մեջ հարևան Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Հայաստանի բնակիչների մեծ մասը, սակայն, կողմ է Եվրոպայի հետ մերձեցմանը, սակայն Սերժ Սարգսյանից դա ակնկալել հնարավոր չէ: