Մխիթարյանի 81 տոկոսը. Հայաստանցի 10 ամենաթանկ ֆուտբոլիստները

Մխիթարյանի 81 տոկոսը. Հայաստանցի 10 ամենաթանկ ֆուտբոլիստները

Տրանսֆերային շուկան ուսումնասիրող հեղինակավոր պարբերականների վարկածով՝ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այս պահին գնահատված է 43 միլիոն եվրո: Այդ 43 միլիոն եվրոն ներառում է ազգային թիմի թեկնածու 25 ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները: Նշենք, որ անցյալ տարի հավաքականի ընդհանուր արժեքը մոտ 47 հազար եվրո էր: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը փոփոխության չի ենթարկել և շարունակում է կազմել 35 միլիոն եվրո: Փաստորեն, արժեքային տեսանկյունից Մխիթարյանի տրանսֆերը կազմում է Հայաստանի հավաքականի 81 տոկոսը: Փորձագետները, գնահատելով Հայաստանի հավաքականը, հաշվի չեն առել Շվեդիայի «Յուրգորդենի» հարձակվող Յուրա Մովսիսյանի տրանսֆերային արժեքը: Ինչպես վերջերս հայտարարել էր մեր ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը՝ Մովսիսյանին նորից կտեսնենք Հայաստանի մարզաշապիկով, եթե բավարար մարզավիճակում լինի: Ուստի մեր հավաքականի ընդհանուր արժեքին կարելի է ավելացնել նաև Մովսիսյանի տրանսֆերային գինը, որը կազմում է երկու միլիոն եվրո: Նշենք, որ Մովսիսյանը Մխիթարյանից հետո հայաստանցի երկրորդ ամենաթանկ ֆուտբոլիստն է: Մովսիսյանը Մոսկվայի «Սպարտակից» ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք» էր տեղափոխվել 3 միլիոն եվրոյով: Այս հաշվարկում երրորդ հորիզոնականում էր պորտուգալական «Մարիտիմուի» հարձակվող Գևորգ Ղազարյանը: Ամիսներ առաջ մեր ֆուտբոլիստի տրանսֆերը կազմում էր մեկ միլիոն եվրո: Վնասվածքի պատճառով տևական ժամանակ ելույթ չունենալու հետևանքով Ղազարյանի տրանսֆերն այս պահին գնահատված է 750 հազար եվրո: Այս պահին Յուրա Մովսիսյանին հաջորդում է Հայաստանի հավաքականի նորեկ, արգենտինական «Ատլետիկո Ուրականի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, որի տրանսֆերային արժեքը կազմում է 850 հազար եվրո: Վերջին ամիսներին Բալեկյանի տրանսֆերն ավելացել է 50 հազար եվրոյով: Ամենաթանկ հայաստանցի ֆուտբոլիստների հաշվարկում այս պահին չորրորդ հորիզոնականը Գևորգ Ղազարյանի հետ կիսում է մակեդոնական «Վարդարի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը: Նրա տրանսֆերային արժեքը ևս կազմում է 750 հազար եվրո: 6-րդ տեղում էլ մեր հավաքականի պաշտպանության առաջատար Վարազդատ Հարոյանն է, որը ելույթ է ունենում Եկատերինբուրգի «Ուրալում»: Հարոյանի տրանսֆերային արժեքը կազմում է 700 հազար: Մոտ երկու անգամ նվազել է Տիրասպոլի «Շերիֆի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսի տրանսֆերային գինը՝ հասնելով 650 եվրոյի: Հիշեցնենք, որ Օզբիլիսի տրանսֆերը պատկանում է Ստամբուլի «Բեշիկթաշին», իսկ մոլդովական թիմում մեր ֆուտբոլիստը ելույթ է ունենում վարձակալության հիմունքներով: Այս պահին Օզբիլիսը միայն 7-րդ տեղում է գտնվում: 8-րդ հորիզոնականում է մեր հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, որը ներկայացնում է «Վարդարը»: Այս ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 600 հազար եվրո է: Վերջին շրջանում, սակայն, Համբարձումյանը ելույթ չի ունենում «Վարդարի» կազմում, և հնարավոր է, որ նրա տրանսֆերի գինը նվազի: 9-րդ տեղում էլ Հայաստանի ազգային թիմի և Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող Յան Ռեգենսբուրգի հարձակվող Սարգիս Ադամյանն է: Վերջինիս տրանսֆերային արժեքն այժմ կազմում է կես միլիոն եվրո: Վերջին ամիսների համեմատ Ադամյանի տրանսֆերն աճել է 100 հազար եվրոյով: Հայաստանի ազգային թիմի միանգամից 3 ֆուտբոլիստների՝ Ղազախստանի «Ժեստիսուի» կիսապաշտպաններ Կամո Հովհաննիսյանի և Էդգար Մալաքյանի, ինչպես նաև ուկրաինական «Վորսկլյաի» հարձակվող Գեղամ Ղադիմյանի տրանսֆերային արժեքը 400 հազար եվրո է: Նրանք եզրափակում են ամենաթանկ հայաստանցի ֆուտբոլիստների լավագույն տասնյակը: Վերջին շրջանում Ղադիմյանի տրանսֆերն աճել է միանգամից 200 հազար եվրոյով: Կամո Հովհաննիսյանի տրանսֆերային արժեքն էլ ավելացել է 50 հազար եվրոյով: Հայաստանի հավաքականի մյուս ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը չի գերազանցում 300 հազար եվրոն: Մեր հավաքականում հանդես եկող ֆուտբոլիստներից, որոնք ներկայացնում են հայկական ակումբները, ամենաբարձր տրանսֆերային արժեքն ունի «Փյունիկի» կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը: Այս տարվա մարտին նա առաջին անգամ էր հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական, սակայն նախապատրաստական հավաքի ժամանակ վնասվածք էր ստացել: «Փյունիկի» մեկ այլ ներկայացուցչի՝ Էրիկ Վարդանյանի տրանսֆերը գնահատված է 125 հազար եվրո: Վարդանյանն ու Ավետիսյանը Հայաստանի առաջնությունում հանդես եկող ամենահեռանկարային ֆուտբոլիստներն են: Ցանկալի է, որ նրանք հնարավորին չափ շուտ տեղափոխվեն կարգով ավելի բարձր թիմեր: