Հայաստանը գլորվում է բրեժնևյան ժամանակները. Ընտրություն՝ փշալարերի ետևում. «Ժողովուրդ»

Հայաստանը գլորվում է բրեժնևյան ժամանակները. Ընտրություն՝ փշալարերի ետևում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով Հայաստանը գլորվում է բրեժնևյան ժամանակները: «Այսօր այս ամբիոնին կանգնած է ո՛չ թե անհատ քաղաքական-պետական գործիչ Սերժ Սարգսյանը, ո՛չ ՀՀ երրորդ նախագահը: Նրանցից ոչ մեկն այստեղ գործ չունի անելու… Այսօր այս ամբիոնից ելույթ է ունենում խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը կազմող ՀՀԿ նախագահը»,- հայտարարեց նա: Հիշում եք` խորհրդային ժամանակներում գենսեկը՝ Կոմկուսի գլխավոր քարտուղարը, ոչ միայն կուսակցության, այլև պետության ղեկավարն էր: Հիմա ճիշտ նույն կարգավիճակում Սերժ Սարգսյանն է, որի նախագահության տարիներին, ըստ էության, միաձուլվեց պետությունը, իշխանությունն ու իշխող կուսակցությունը: Սերժ Սարգսյանի ելույթը լի էր տարատեսակ ստերով, օրինակ` նա համոզում էր, թե ԱԺ ընտրություններում իշխող ՀՀԿ-ն ընտրակաշառք չի բաժանել: «Ես, իհարկե, համաձայն չեմ այն պնդումների հետ, որ ընտրությունները տեղի են ունեցել համատարած ընտրաձայներ գնելու միջոցով. ինչու, որովհետև և՛ իմ, և՛ Ձեր կարծիքը կարող է սուբյեկտիվ լինել, օբյեկտիվությունը միջազգային կառույցների զեկույցներն են, նրանց եզրակացություններն են»: Հատուկ Ս. Սարգսյանի համար մի փոքր մեջբերում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցից. «Լայնածավալ ընտրակաշառքի մասին պնդումները և ընտրողների նկատմամբ ճնշումներն ու ահաբեկումը բացասաբար են ազդել ընտրարշավի վրա՝ մեծացնելով ընտրական գործընթացի նկատմամբ արդեն իսկ առկա անվստահությունը… Իշխանությունները և քաղաքական ուժերը պետք է բոլոր հնարավոր ջանքերը գործադրեն` ընտրությունների ազնվության նկատմամբ հասարակական վստահությունն ամրապնդելու համար, այդ թվում՝ հրապարակավ մերժելով քվեների առքուվաճառքը…»: Մեկ մեջբերում էլ ԱԺ ընտրությունների վերաբերյալ ՀՀ ՍԴ որոշումից. «ՀՀ հանրային իշխանությունների առաջնային խնդիրն է հաղթահարել այն մտահոգությունները, որոնք հայտնվեցին միջազգային և տեղական առաքելությունների կողմից, մասնավորապես քաղաքական կոռուպցիայի դրսևորումների առնչությամբ։ Ընդհուպ ԵՄ փորձագետների և պաշտոնյաների անունից հնչեցվեց, որ քաղաքական կոռուպցիան անհարիր է իրավունքի գերակայության սկզբունքը որդեգրած երկրի ժողովրդավարության զարգացումներին և անվտանգության սպառնալիք է։ Դրա արմատախիլ անելը պետական քաղաքականության և երկրի իրավական անվտանգության օրակարգային առաջնահերթություն պետք է լինի։ Խնդրի լուծումը համալիր մոտեցում է պահանջում»»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: