Անդորր փոթորկից առաջ

Անդորր փոթորկից առաջ

Բաղրամյան պողոտայում ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումը, որը առաջինն էր Երևանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ մեկնարկած քառօրյա բողոքի ցույցերի ընթացքում, գործնականում պարզեց թերևս դառը իրականությունը՝ ոստիկանության հետ բախումը գործնականում անխուսափելի է, և հանգուցալուծումը, կարծես թե, չի կարող լինել այլ կերպ: Հարցն այն է, թե ինչ հանգուցալուծում կարող է լինել բախումից հետո: Թեև Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր գլխավորած շարժումը առանց բռնության շարժում է, այդուհանդերձ, անկախ որևէ կողմից բռնության գնալ-չգնալու ցանկության, անկախ այն բանից, որ, փաստորեն, երեք օր շարունակ ոստիկանությունը որևէ տեղ չէր խոչընդոտում շարժման ընթացքին, երթերին և մուտքերին, այդուհանդերձ, շփումը լինելու է անխուսափելի: Իսկ շփումից հետո անխուսափելի է բախումը և բռնությունը, որովհետև խոսքը վերաբերում է տրամագծորեն հակադիր բևեռների, որոնցից ոչ ոք պատրաստ չէ զիջել: Բարեբախտաբար, բախումը խոշոր չէր, եղան վնասվածքներ թե՛ քաղաքացիների, թե՛ ըստ տեղեկության՝ ոստիկանների շրջանում, բայց դրանք ծանր չեն, և իրավիճակը հնարավոր եղավ արագորեն հանդարտեցնել, թերևս, երկու կողմի կամքի շնորհիվ: Սակայն ակնհայտ է, որ շփումը տեղի է ունեցել, և ներկայումս մի վիճակ է, որ երկու կողմի համար չկա նահանջի ճանապարհ, ըստ այդմ, իրավիճակը կարծես թե հնարավոր է բնութագրել հայտնի ձևակերպմամբ՝ «անդորր փոթորկից առաջ»: Կհաջողեն կողմերը փոթորիկը հեռու պահելու հարցում, դրանից խուսափելու հարցում: Անկասկած է, որ խնդիրն այստեղ բավականին բարդ է այն առումով, որ իրավիճակի այդօրինակ հասունացումը առաջացնում է նաև այլ ռիսկեր, կամ այլ կերպ ասած՝ ստեղծում «պղտոր ջրի» մի վիճակ, որտեղ կարող են ավելանալ կողմնակի «ձկնորսները», ընդ որում՝ երկուստեք, քանի որ անհերքելի է երկու բևեռներում էլ միատարրության բացակայությունը: Փակուղին բավականին նկատելի է ու, թերևս, անհերքելի, որ այստեղ երկկողմ փոխզիջումային ելք չգտնելը կարող է հանգեցնել արդեն առավել խոշոր բախման, արդեն առավել ծանր հետևանքով: Եվ այստեղ, անշուշտ, խնդիրը լոկ ֆիզիկական վնասվածքները չեն, որ կարող են ստանալ քաղաքացիներ և ոստիկաններ: Այստեղ, բացի դրանից՝ խնդիրը նաև ընդհանուր իրավիճակի զարգացման տրամաբանությունն է, երբ իրավիճակը՝ խոշոր հաշվով դառնալով անկանխատեսելի, կարող է հանգեցնել երկարաժամկետ ծանր հետևանքների՝ հասարակական-քաղաքական համակեցության հեռանկարի տեսանկյունից, երբ կստացվի, որ «աչքը շինելու փոխարեն ունքն է դուրս եկել»: Լուսանկարը՝ Photolure-ի