Իմ միակ ցանկությունը՝ արյունահեղություն չլինի, վերաբերմունքս կարտահայտեմ իմ քվերակությամբ․ Գևորգ Պետրոսյան

Իմ միակ ցանկությունը՝ արյունահեղություն չլինի, վերաբերմունքս կարտահայտեմ իմ քվերակությամբ․ Գևորգ Պետրոսյան

«Որպես քաղաքացի, որպես իրավաբան՝ կարող եմ ասել, որ մարդիկ օգտվում են իրենց սահմանադրական իրավունքից։ Իհարկե, երբեմն որոշ դրսևորումներ կան, որ անցանկալի են, մասնավորապես մարդու գույքը ոչնչացնելը, փչացնելը։ Բայց, ընդհանուր առմամբ, սա քաղաքացիական ակտ է, և սա նաև իրենց սահմանադրական իրավունքն է, և ես չեմ կարող այդ իրավունքը նսեմացնող հայտարարություններով հանդես գալ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» նախաձեռնությանը, որին այսօր միացել են հազարավոր ուսանողներ: Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ կա դժգոհության ալիք, պարզապես պետք է փորձել այդ ակցիան իրականացնել առանց այլ անձանց օրիանական շահերը վնասելու։ Հարցին՝ արդյոք ոստիկանությունն այս անգամ կդիմի բիրտ ուժի՞, պատգամավորն արձագանքեց․«Համենայն դեպս, այս պահի դրությամբ բիրտ ուժի դրսևորում կարծես թե չկա, տա Աստված, որ չլինի։ Ցանկալի է, որ ոչ մի զոհ, ոչ մի կորուստ չունենանք, որովհետև առանց այն էլ շատ ենք ունեցել զոհեր, վատ երևույթներ։ Դրա համար ցանկալի կլինի բանը դրան չհասնի»,-հավելեց Գևորգ Պետրոսյանը։ Ինքը՝ որպես ընդդիմադիր պատգամավոր, իր վերաբերմունքը արտահայտելու է իր քվեարկությամբ, բայց փողոցային ակցիաների կողմնակից չէ․«Համենայն դեպս, իմ միակ ցանկությունը և խնդրանքն առ Աստված այն է, որ չլինի արյունահեղություն, իսկ իմ վերաբերմունքը կարտահայտեմ իմ քվերակությամբ, որը բաց է լինելու և ես կմեկնաբանեմ, թե ինչու եմ քվեարկել այսպես և ոչ թե այնպես»,-նշեց պատգամավորը։ Արդյոք «Ծառուկյան» խմբակցությունը վաղը կունենա միասնակա՞ն դեմ քվերակություն, Գևորգ Պետրոսյանը նշեց, որ իրենց քաղաքական ղեկավարից այդպիսի ցուցում չեն ստացել պարտադիր դեմ քվերակելու․«Եվ եթե մինչև այս պահը այդպիսի քննարկում չի եղել, ենթադրում եմ, որ գուցեև թողնվի ազատ, բայց սա իմ ենթադրությունն է։ Ես իմ դիրքորոշումը վաղը կարտահայտեմ»։ Հարցին՝ արդյոք չի կարծում, որ վաղը կարող է չկարողանա մտնել ԱԺ, նա նշեց, որ սա իր աշխատանքային պարտականությունն է և չի կարծում, որ մասսաները իրենց ինքնազգացողությունն այնքան կորցրած լինեն, որ մարդուն իր աշխատանքային պարտականությունները կատարելու համար խոչընդոտեն․«Ես տրամադրված եմ վաղը անպայման ժամանակին գալ, մասնակցել ԱԺ նիստին և իմ վերաբերմունքը քվեարկության միջոցով ցուցաբերել։ Իսկ չեմ կարծում, որ իմ հանդեպ ֆիզիկական բռնություն պետք է գործադրվի, բայց եթե գործադրվի, ես տիրապետում եմ ինքնապաշտպանության միջոցներին։ Իրենք ի՞նչ գիտեն՝ ով ինչպես է քվեարկելու, որ պատգամավորների մուտքն արգելեն։ Գուցե ես գնում եմ դեմ եմ քվերակում, ինչու են իմ մուտքն արգելում, այստեղ էլ պետք է մի քիչ հաշվարկ արվի»։