Նյարդերի պատերազմ Երևանու՞մ, թե Բորոդինոյի բումերանգ

Նյարդերի պատերազմ Երևանու՞մ, թե Բորոդինոյի բումերանգ

Արդյո՞ք այն, ինչ տեղի է ունենում Երևանում, Սերժ Սարգսյանի իշխանությունից զուրկ շաբաթվա դրսևորումն է, այսինքն՝ իշխանության, այսպես ասած, «անգլուխ» վիճակը, թե՞ Նիկոլ Փաշինյանի գործողությունների ճանապարհային քարտեզի, այսպես ասած, արդյունավետությունը, որը Երևանում ստեղծել է իսկապես աննախադեպ իրավիճակ՝ քաղաքացիական անհնազանդության դրսևորումներով, որոնք առայժմ կարծես թե ստեղծել են իսկապես ուշագրավ մի պատկեր: Երևանում ծավալվում է ձնագնդիի մի նկատելի էֆեկտ, որը առայժմ դժվար է գնահատել իր մասշտաբով ու ներուժով, սակայն ակնհայտ է, որ մեխանիզմը առայժմ աշխատում է: Սրան զուգահեռ՝ անգամ այդ իրավիճակում իշխանությունը կարծես թե չի փորձում հակազդել կոշտ գործողություններով, թեև ի տարբերություն նախորդ օրերի՝ ոստիկանությունը փորձեց դրսևորել հակազդման մեկ-երկու օրինակ, թեև ակնհայտորեն թույլ և լիովին հաղթահարելի ուժերով: Ինչ է կատարվում Երևանում՝ Նիկոլ Փաշինյանի շարժումն ու իշխանությունը նյարդերի պատերա՞զմ են հայտարարել միմյանց, թե ում նյարդերը առաջինը տեղի կտան, թե՞ իշխանությունը կանգնել է իսկապես մի իրավիճակի առաջ, երբ պարզ չէ, թե ինչպես հակազդել անկանխատեսելի զարգացումներին և կանգնեցնել ձնագունդը, որովհետև հնարավոր քայլերը կարող են ունենալ հակառակ էֆեկտ: Միևնույն ժամանակ ստեղծված իրավիճակում կարծես թե իշխանությունն է անցել, այսպես ասած, Բորոդինոյի մարտավարության՝ նահանջելով մինչև Բաղրամյան 19, այսինքն՝ մինչև ԱԺ, որտեղ պետք է տեղի ունենա վարչապետի թեկնածության քվեարկությունը ապրիլի 17-ին: Բորոդինոյի մասին հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը՝ բացատրելով, թե ինչու էր զիջել, այսպես ասած, Սահմանադրության փոփոխության գործընթացը ու ապրիլի 2-ի ընտրությունը և ինչու է սկսում պայքարը հիմա: Հիմա էլ կարծես թե իշխանությունն է սկսում Բորոդինո «օպերացիան»: Իշխանությունը կարծես թե հանձնել է գրեթե ամբողջ քաղաքը՝ Բաղրամյան 19-ը պահելու համար: Ըստ այդմ, ներկայումս կա երկու հարց՝ ինչպիսի՞ թափ կստանա ձնագունդը մինչև վարչապետի հարցի քվեարկություն, կստանա՞ այն ծավալը, որի պարագայում անգամ քվեարկությունից հետո հնարավոր չի լինի այլևս կասեցնել կամ շրջել իրավիճակը, և մյուս հարցը՝ ի՞նչ կանի իշխանությունը ապրիլի 17-ից հետո, երբ փաստորեն ֆորմալ իմաստով «անգլուխ» վիճակը այլևս լինի անցյալում, և լինի վարչապետ, որը կսկսի արդեն, այսպես ասած, հրամաններ արձակել դե յուրե ուժով: Եվ ինչպիսին կլինեն այդ հրամանները: Սրան զուգահեռ՝ ուշագրավ է, որ «անհնազանդության» օրվա առավոտյան հրապարակվում է Սերժ Սարգսյանի հարցազրույցը ռուսական «Իզվեստիա»-ին, որում նա հայտարարում է, թե Հայաստանի արտաքին քաղաքականությունը չի փոխվում, և չկա փոփոխության իմաստ, ու հայ-ռուսական հարաբերությունը շարունակելու են խորացնել: Լուսանկարը՝ Photolure-ի