Կան պայթյունի նախադրյալներ․ Սերժ Սարգսյանը վտանգներ չի զգում

Սերժ Սարգսյանը փաստացի հայտարարել է, թե նախագահի պաշտոնը թողնելուց հետո վարչապետի պաշտոնը զբաղեցնելու նպատակը կարող է լինել քաղաքական սերնդափոխություն իրականացնելը: Երիտասարդներին փորձ փոխանցելու, անկախ կուսակցական պատկանելությունից և քաղաքական դիրքավորումից երիտասարդ լիդերների ճանապարհ բացելու մասին հայտարարությունը նշանակում է հենց դա: Փաստորեն, Սերժ Սարգսյանը հայտարարում է իշխանափոխության մտադրության կամ առաքելության մասին, պարզապես դա այն իշխանափոխությունը չէ, որ պատկերացնում է հանրությունը: Այսինքն՝ խոսքը ընդդիմությամբ իշխանությանը փոխարինելու ներկայիս պատկերացումների կամ որոշակի դիսկուրսի մասին չէ, այլ ներհամակարգային իշխանափոխության: Խոշոր հաշվով, Սարգսյանը հայտարարել է ՀՀԿ-ին ընդդիմության պատրաստելու մասին, համենայնդեպս, կատարելով առաջին քայլն ու գործնականում հրաժարվելով իր իսկ կուսակցությունից: Կուսակցական պատկանելության տարբերություն չդնելու, քաղաքական դիրքավորման տարբերություն չդնելու մասին նրա հայտարարությունը խոսում էր հենց այն մասին, որ Սարգսյանն իրեն դասում է այլևս կուսակցական վարչապետից ավելի վեր: Ընդ որում, միաժամանակ հետաքրքիր է, որ նա չի խոսում իր համար նախընտրելի ազգային համաձայնության կամ համերաշխության կառավարության մասին: Գոնե առայժմ Սերժ Սարգսյանը ձեռնպահ մնաց այդօրինակ շեշտադրումներից, ինչը ևս վկայեց, որ նա իր խնդիրը չի դիտարկում ներկայիս կուսակցական կայուն մեծամասնության վերաձևումը, այլ դիտարկում է հենց իշխանափոխության մեխանիզմի ձևավորումը՝ սերնդափոխության միջոցով: Համենայնդեպս, առայժմ ուրվագծված հայեցակարգը կամ պատկերացումը հիմք է տալիս ենթադրել, որ իշխանության ծրագրերում առկա է նոր կուսակցության ձևավորման մտադրություն, որը պատրաստ կլինի ՀՀԿ-ին երաշխավորել սեփականության անձեռնամխելիություն: Հենց այս և այլ հարցերի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանի հետ: