Այո՛, գնում է վարչապետության, բայց դա կանխելու համար 100 հազար մարդ փողոց դուրս չի գա. Իսկանդարյան

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ ընդդիմադիր քաղաքական ուժերը չեն կարողանա կանխել Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու ծրագիրը. «Մենք ԵԱՏՄ-ից դուրս չեկանք, փողոցները չանվանափոխվեցին, ինչո՞ւ պետք է իրենք կարողանան դա կանխել։ Չեն լինի այնպիսի հանրահավաքներ, որոնք կկարողանան ազդել քաղաքական որոշումների վրա։ Եթե չի եղել ակտիվություն խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ կար ռեալ ընտրություն, ինչո՞ւ պետք է հիմա լինի։ Ենթադրենք՝ 1000 կամ 500 մարդ դուրս գա փողոց, ի՞նչ կփոխվի։ Իսկ 100 հազար մարդ փողոց դուրս չի գա։ Այո, որոշակի դժգոհություն կլինի մամուլում կամ սոցիալական ցանցերում, բայց լուրջ դիմակայություն չի լինի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Իսկանդարյանը։ Քաղաքագետը հավելում է՝ հանրահավաքները, երթերը, փողոց դուրս գալը քաղաքական ակտիվության ամենապրիմիտիվ եղանակներն են. «Կեղտաջուր բերելը մի բան է, իսկ խնդիրների վրա ամեն օր աշխատելը բոլորովին այլ բան է։ Խնդիրն այն է, որ ստեղծվել է մեծ վակուում և այդ վակուումում շատ հեշտ է լինել լիդեր, ու ՀՀԿ-ն հենց այդպես է աշխատում»։ Իսկանդարյանի դիտարկմամբ՝ ընդդիմությունը դեռ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ճիշտ չի աշխատել. «Ո՞վ էր այս ընտրություններին ձգտում 50 տոկոս ձայն հավաքել։ Նրանք մրցում էին, որ հավաքեին 5 կամ 7 տոկոս խորհրդարան անցնելու համար։ Իրական մրցակցությունը ոչ թե ընդդիմության և ՀՀԿ-ականների միջև է, այլ ընդդիմության ներսում, այդ դեպքում որտեղի՞ց այդ բառերը՝ միակ ընդդիմություն, ամենաարդար կամ ամենաազնիվ ընդդիմություն։ Իսկ հիմա նրանք նստել են խորհրդարանում ու տաս պատվիրաններն են կրկնում»։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։