Բանակի արդիականացման հանրային դաշնագիրը

Բանակի արդիականացման հանրային դաշնագիրը

Հրապարակվել է զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագիրը, որ Սերժ Սարգսյանը հանձնարարել էր մշակել դեռևս նախորդ տարի հոկտեմբերին, հայտարարելով, որ դրա իրականացման համար պատասխանատուն լինելու է անձամբ ինքը: Արդիականացման ծրագիրը, անկասկած, լավն է, դիպուկ, այժմեական, նաև հեռահար: Սակայն դա կլինի Հայաստանի Հանրապետության անկախության քառորդ դարի ընթացքում թղթի վրա հիանալի ձևակերպված բազմաթիվ նպատակներից մե՞կը, ի վերջո դառնալով հիշողություն, թե՞, այդուհանդերձ, զինուժի արդիականացման այս ծրագիրը կտարբերվի թղթային բոլոր այն նախագծերից և գաղափարներից, որ այս տարիներին հռչակել է իշխանությունը, սակայն քայլ չի կատարել իրականացման ուղղությամբ: Այստեղ իհարկե առանձնահատուկ է այն, որ խոսքն առնչվում է անվտանգության ոլորտին, որտեղ Հայաստանը «շոկային թերապիայի» ենթարկվեց Ապրիլյան քառօրյայի ընթացքում, գիտակցելով, որ ներկայումս հնարավոր չէ հույս դնել անվտանգության միջազգային համակարգերի վրա, համենայնդեպս, քանի դեռ առավելագույն և լիարժեք պատրաստություն ապահովված չէ քո համակարգում: Այլ կերպ ասած՝ սա ծրագիր է, որ անմիջականորեն անհրաժեշտ է նաև իշխանությանը, քանի որ անվտանգության մարտահրավերները ներկայումս այնպիսի մակարդակի են, որ դրանք այլևս չեն հարվածում միայն շարքային քաղաքացիներին: Մյուս կողմից, սակայն, յուրաքանչյուր ծրագիր ունի գին և այդ իմաստով հետաքրքիր է, թե կա՞ արդյոք հաշվարկ՝ որքա՞ն է արժենալու բանակի արդիականացման յոթնամյա ծրագիրը: Սա ամենևին հեգնական հարցադրում չէ: Հրապարակվել է իսկապես հույժ կարևոր և անհրաժեշտ փաստաթուղթ, բավականին դիպուկ և կենսական շեշտադրումներով թե՛ ռազմա-տեխնիկական, թե՛ քաղաքական, թե՛ արժեքային-բարոյական-գաղափարական առումներով: Այդ փաստաթուղթն իրականանալի չէ միայն բարի ցանկությամբ, անգամ, երբ այն շատ մեծ է: Փաստաթուղթը պահանջում է ռեսուրսներ, ունի գին, ըստ այդմ՝ դրա իրականանալիության տեսանկյունից համոզիչ, վստահություն առաջացնող փաստարկ կարող է լինել այդ ռեսուրսների հաշվարկն ու մասնակի մատնանշումը: Մասնակի, որովհետև միանգամայն հասկանալի է, որ գործ ունենք մի ոլորտի հետ, որը չի կարող ամբողջապես լինել մանրամասն ֆինանսական հաշվետվության ենթակա: Այդուհանդերձ, հիմնական ուղենիշները կարևոր են, քանի որ արդիականացման ծրագիրն անհնար է լինելու իրագործել առանց հանրային աջակցության, իսկ այդ մասով էլ կարևոր է, որ աջակցությունը չլինի զուտ պարտադրանքով: Չպարտադրված աջակցության համար էլ պետք է, որ հանրությունը ստանա հնարավորինս վստահություն ներշնչող ազդակներ: Ի վերջո, Հայաստանը չի կարող ունենալ արդիականացվող բանակ, եթե չունենա առնվազն հավասարապես արդիականացվող տնտեսություն և տնտեսական ու քաղաքական կացութաձև: Այլ կերպ ասած՝ թեև ոլորտային արդիականացման, սակայն, մեծ հաշվով, հանրությանը ներկայացված է գլոբալ պետական քաղաքականության յոթնամյա ծրագիր և այստեղ, իհարկե, չափազանց կարևոր է դրա առարկայությունը նաև ֆինանսատնտեսական հենքի տեսանկյունից: Ընդ որում, այդ հանգամանքը ունի մեկ այլ առանցքային նշանակություն: Ֆինանսական ապահովման «կից» հիմնավորումը կարող է դառնալ ծրագրի հեղինակների և հասարակության յուրօրինակ «դաշնագիր», որը կարևոր է լինելու հնարավոր լատենտ դիմադրությունների հաղթահարման համար: Իսկ դրանք կլինեն, առանց կասկածի, քանի որ ցանկացած արդիականացում, այն էլ այդօրինակ գլոբալ ռազմա-քաղաքական համատեքստում, չի կարող տեղի ունենալ, առանց շոշափելու ներկայի վրա կառուցված մի շարք խոշոր շահեր: