Անկայունության ալիքը մոտենում է Արաքսի ափերին. Պուտինը կանցնի վճռական քայլերի

Անկայունության ալիքը մոտենում է Արաքսի ափերին. Պուտինը կանցնի վճռական քայլերի

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, ըստ նախնական տվյալների, հաղթել է մարտի 18-ին կայացած նախագահական ընտրություններում՝ հսկայական առավելությամբ առաջ անցնելով իր մրցակիցներից: Նախնական հաշվարկներով՝ նրա օգտին է քվեարկել ընտրությանը մասնակցած քաղաքացիների մոտ 76,6 տոկոսը, այսինքն՝ մոտ 54,4 միլիոն քաղաքացի: Ընտրական մրցավազքում երկրորդ տեղը գրաված գործարար Պավել Գրուդինինը ստացել է ձայների 11,8 տոկոսը: Երրորդ տեղում Վլադիմիր Ժիրինովսկին է, իսկ չորրորդում՝ Քսենյա Սոբչակը: Պուտինն այսպիսով անձնական ռեկորդ է սահմանել՝ ստանալով ավելի շատ ձայն, քան 2012-ի նախագահական ընտրություններում: Անշուշտ, իրական մրցակցության բացակայության պայմաններում նախագահական այս ընտրությունները վերածվել էին Պուտինին աջակցություն հայտնելու հանրաքվեի, և հիմա, երբ Պուտինը աջակցության ավելի մեծ պաշար ունի Ռուսաստանում ու հետևաբար ավելի վստահ է գործելու, մեզ հետաքրքրող հիմնական հարցերից մեկն այն է, թե ելնելով ներքաղաքական այս իրավիճակից՝ ինչպիսի՞ արտաքին քաղաքականություն կվարի Կրեմլի ղեկավարը հետխորհրդային տարածաշրջանում, Կովկասում և Մերձավոր Արևելքի ուղղությամբ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովի հետ: - Պարոն Տարասով, Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ն կլինի Պուտինի նախագահության նոր ժամկետը: Որքանո՞վ կփոխվի Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը առաջիկա 6 տարիների ընթացքում: Այս ամենն ինչպե՞ս կազդի Հայաստանի և հայ-ռուսական հարաբերությունների վրա: - Պուտինի հաղթանակն իհարկե համոզիչ էր և կանխատեսելի: Հիմա, իմիջիայլոց, մամուլը գրում է, որ Արևմուտքը օգնեց Պուտինին, որովհետև Արևմուտքի խիստ հակառուսական քաղաքականությունը, ռուսատյացությունը համախմբեց ժողովրդին, և հայտնվել է առաջնորդ, որը մարմնավորում է ազգի շահերը: Երկրորդը՝ ավարտվում է Ռուսաստանի պատմության որոշակի շրջան: Եվ հիմա, ընտրություններից հետո, ձևավորվելու է նոր կառավարություն: Առայժմ հայտնի չէ, թե ով կլինի վարչապետը: Պուտինը հիմա մտածում է դրա մասին: Դեռևս հայտնի չէ, թե ով կգլխավորի արտաքին գործերի նախարարությունը: Շատ հնարավոր է, որ Լավրովի լիազորությունները երկարաձգվեն: Եվ դրանից հետո կձևավորվի արտաքին քաղաքականության որոշակի կուրս: Բայց բոլոր կանխատեսումներով՝ Ռուսաստանն ավելի վճռական է գործելու հատկապես հետխորհրդային տարածաշրջանում և հարավային ուղղությամբ, մասնավորապես՝ Անդրկովկասում: Խոսքն այդ թվում Անդրկովկասի կամ Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական աղեղի մասին է: Եվ երբ չկան արգելքներ հարավից եկող սպառնալիքների դեմ, Ռուսաստանի ռազմական ներկայությունը Սիրիայում այլևս բավարար չէ: Հիմա բոլոր խաղացողները սկսել են մանյովրել: Միացյալ Նահանգներն է փոխում իր քաղաքականությունը: Թրամփը Թիլերսոնի փոխարեն պետքարտուղարի պաշտոնում նշանակեց Պոմպեոյին: Վերջինս, ինչպես Թրամփը, գնահատում է Իրանը որպես Միացյալ Նահանգների թիվ մեկ թշնամի ռեգիոնում: Իսկ հիմա նայեք քարտեզին և կհասկանաք, թե ինչպես կգործեն ամերիկացիները՝ ագրեսիվ քաղաքականություն իրականացնելով Իրանի ուղղությամբ: Այնտեղ կան մի քանի կենտրոններ: Սաուդյան Արաբիան է փորձում համախմբել հակաիրանական կոալիցիա: Բայց կա նաև Ադրբեջանը, որը սահմանակցում է Իրանին և ունի ընդհանուր պատմություն Պարսկաստանի հետ: Այդ տարածքը ժամանակին մտել է Պարսկաստանի կազմի մեջ: Եվ պատահական չէ, որ Իսրայելը խաղարկում է ադրբեջանական խաղաքարտը Իրանի դեմ: Եվ հիմա գլխավոր խնդիրն այն է, որ եթե չհաջողվի կայունացնել իրադրությունը Սիրիայում, անկայունության ալիքը Սիրիայից մոտենալու է Արաքսի ափերին: Ռուսաստանը շատ լավ հասկանում է այս պայմաններում իր դիրքերի ամրապնդման անհրաժեշտությունը, որովհետև եթե այդ անկայունության ալիքը բարձրանա, Ադրբեջանի միլիոնավոր փախստականներ կհայտնվեն Ռուսաստանի տարածքում: Դա մեզ պետք չէ: Թող գնան Իրան: Բաքուն այս իրավիճակում փորձում է կողմնորոշվել: Ադրբեջանը փոխել է նախագահի ընտրությունների օրը: Բայց հաշվի առնելով Ադրբեջանի ղեկավարության մոտեցումները՝ չկա որևէ հեռանկար, որ Ադրբեջանը կարող է հարաբերություններ հաստատել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետ: Եվ պետք է սպասել ելքի այս իրավիճակից աշխարհաքաղաքական համակործանման հետևանքով, որը նման քաղաքականության պարագայում անխուսափելի է: Հարցն այն է, թե երբ դա տեղի կունենա: Ելնելով այս սպառնալիքներից՝ Ռուսաստանը պետք է փոփոխի իր քաղաքականությունը Հարավային Կովկասի պետությունների նկատմամբ: Առաջին հերթին դողդողաց Վրաստանը: Ինչպես գիտեք՝ Վրաստանի նախագահը մեկնեց Միացյալ Նահանգներ և հայտարարեց, որ Ռուսաստանը թիվ մեկ սպառնալիքն է: Բայց խնդիրն այն է, որ ամերիկացիներն այլ կերպ են նայում: Նրանց կարծիքով՝ գլխավոր սպառնալիքը գալիս է հարավային ուղղությունից: Խոսքը Թուրքիայի, Սիրիայի, Իրաքի մասնատման մասին է: Այսպիսով, սկսվել է շատ բարդ շախմատային պարտիա այս տարածաշրջանում, և այս խաղի բոլոր մասնակիցները՝ Իրանը, Թուրքիան, Ռուսաստանը, Արևմուտքը, Միացյալ Նահանգները, Հարավային Կովկասի երկրները, հիմա ստիպված են լինելու այլ կերպ խաղալ և նոր կոմբինացիաներ կիրառել: Եվ հիմա մենք սպասում ենք դրան, թե երբ կավարտվի նախընտրական շրջանը: Ըստ երևույթին, մայիսի վերջին-հունիսի սկզբին Ռուսաստանի քաղաքականությունը տարածաշրջանում աստիճանաբար կսկսի ուրվագծվել: - Ի՞նչ կապերով, ինչպիսի՞ փոխազդեցություններով են միմյանց հետ կապված Հարավային Կովկասը և Մերձավոր Արևելքը: Քննարկենք այս հարցը, որպեսզի փորձենք հասկանալ, թե ինչպե՞ս Մերձավոր Արևելքը և Ռուսաստանի մերձավորարևելյան քաղաքականությունը կազդեն Հարավային Կովկասի վրա: - Քաղաքագետների սխալն այն է, որ նրանք սովետական ձևով են նայում տարածաշրջանին: Նրանց համար Արաքսից հարավ երկիր չկա: Իսկ իրականում Հայաստանի սահմանից 150-200 կմ այն կողմ իսկական պատերազմ է ընթանում՝ հարավարևելյան Թուրքիայում, Սիրիայում և այլն: Երբ ամերիկացիները նախանշեցին Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանը, նրանք նկատի ունեին նախկին Պարսկական, նախկին Օսմանյան և նախկին Ռուսական կայսրությունների ազդեցության գոտիները: Այս կայսրությունների նախկին սահմանների շրջանակներում էլ տեղի են ունենում կոնֆլիկտները: Հարցն այն է, որ Հարավային Կովկասի երկրների կայունությունը որոշում էր ոչ թե Քեռի Սեմը՝ օվկիանոսից այն կողմ, այլ համագործակցությունը այս երեք կայսրությունների հետ և նրանց հովանավորությունը: Մի ժամանակ Օսմանյան կայսրությունն էր հանդես գալիս այդ դերում, հետո՝ Իրանը, իսկ ավելի ուշ՝ Ռուսական կայսրությունը: Հիմա Հարավային Կովկասի երկրները փորձում են հեռավորություն պահել Ռուսաստանից, բայց ո՞ւր են ընկել՝ Վաշինգտո՞ն, Բրյուսե՞լ: Ո՛չ: Նրանք հայտնվել են Թեհրանում և Անկարայում: Եվ հիմա այն ամենը, ինչ տեղի է ունենում Թեհրանում, Անկարայում և Մերձավոր Արևելքում, ուղղակիորեն ազդում է Հարավային Կովկասի երկրների վրա: Եվ նրանք ստիպված են արձագանքել, հատկապես Ադրբեջանը: Ադրբեջանը մի կողմից՝ ուզում է լինել Եվրոպայում, բայց մյուս կողմից՝ չի ուզում հեռանալ իսլամական Արևելքից: Սա նույնպես լուրջ խնդիր է: Հայաստանը քրիստոնեական երկիր է, Հայաստանը ավելի մոտ է քրիստոնեական Եվրոպայի արժեքներին, և ըստ էության Հայաստանն օգտվում է այդ հանգամանքից: Արևմուտքը գաղտնի աջակցում է Հայաստանին: Բնականաբար, Ռուսաստանը՝ նույնպես: Իսկ թե ինչպիսին կլինի Իրանի ապագան, մեծ հարց է, որովհետև Իրաքը փլուզվել է որպես պետություն, Թուրքիան փլուզման եզրին է, Սիրիան շատ բարդ վիճակում է, և առայժմ պարզ չէ՝ հնարավոր կլինի՞ պահպանել Սիրիայի ամբողջականությունը: Եթե ոչ, ապա ինչպիսի պետական միավորումներ կառաջանան այդ տարածքում: Շատ հնարավոր է, որ առաջանա նոր Քրդստան: Քրդերը կոմպակտ ձևով ապրում են Թուրքիայում, Սիրիայում, Իրաքում և Իրանում: Իրաքում նրանք արդեն ստացել են ինքնավարություն: Սիրիայում կարող են ստանալ: Թուրքիան քրդական գործոնի պատճառով ներքաշվել է լուրջ տարածաշրջանային հակամարտության մեջ: Այս իրադարձությունները տեղի են ունենում Արաքսից 150 կմ հեռավորության վրա: Ահա, թե որտեղ է եփվում կաթսան: Ոչ թե Մոսկվայում են քյաբաբ սարքում, այլ այնտեղ: Այնտեղից է հոտը գալիս: Եվ հիմա Հարավային Կովկասի երկրները պետք է կողմնորոշվեն, թե ում պիտի հարեն՝ Ռուսաստանի՞ն, Իրանի՞ն, թե՞ Թուրքիային: Իսկ Արևմուտքը ուղղակիորեն չի մասնակցում տարածաշրջանի գործընթացներին: Արևմուտքը միշտ էլ պատերազմել է Մերձավոր Արևելքում այլոց ձեռքերով: Եթե Հարավային Կովկասում պատերազմ լինի, ամերիկացիները զորք չեն բերելու՝ ինչպես ռուսներն էին անում: Հարցն այն է, թե արդյոք դա կանի՞ Ռուսաստանը, եթե սկսվեն ավելի վճռական իրադարձություններ: - Կարո՞ղ ենք եզրակացնել, որ Պուտինը կփորձի խորացնել եվրասիական ինտեգրացիան հետխորհրդային տարածաշրջանում, ամրապնդել Ռուսաստանի դիրքերը Կովկասում, և հետևաբար Ռուսաստանը կշարունակի զենք մատակարարել այս տարածաշրջանի երկրներին: - Պուտինը նախընտրական շրջանում խոսեց նոր, հզոր զենքի մասին: Պուտինը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանությունը Անդրկովկասում, Բալթիկայում, Լեհաստանում իրեն այլևս չի հետաքրքրում: Պուտինը հստակեցրեց, որ եթե, Աստված մի արասցե, լինի պատերազմ, Ռուսաստանը հարվածելու է կենտրոնին, նրանց կենտրոններին՝ Վաշինգտոն, Փարիզ, Նյու Յորք: Վարշավան, Բաքուն, Թբիլիսին մեզ ընդհանրապես չեն հետաքրքրում: Երկրորդը՝ Ադրբեջանը և Հայաստանը որոշել են ինքնուրույն քաղաքականություն իրականացնել ոչ թե այն պատճառով, որ չեն հասկանում քաղաքականությունից, այլ այն պատճառով, որ այդպիսին է աշխարհագրությունը: Նրանք չեն կարող հանդես գալ որպես միջազգային քաղաքականության լիարժեք սուբյեկտներ: Հարցն այն է, թե ո՞ւմ են նրանք հարելու: Նրանք մշտապես խաղարկել են ամերիկյան պարտիան ռուսների հետ, ռուսական պարտիան՝ ամերիկացիների հետ: Բակո Սահակյանը գնաց Վաշինգտոն, իսկ Ադրբեջանը բողոքի նոտա հղեց Միացյալ Նահանգներին: Եվ ի՞նչ. նա հանդես եկավ որպես երկրորդ հայկական պետության առաջնո՞րդ: Ահա և ձեզ բոլոր հարցերի պատասխանները: