Սերժ Սարգսյանը շատ լավ գիտակցում է այդ վտանգը

Սերժ Սարգսյանը շատ լավ գիտակցում է այդ վտանգը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Միքայել Զոլյանը։ -Պարոն Զոլյան, ինչպե՞ս եք գնահատում այսօր ընթացող ներքաղաքական զարգացումները, մասնավորապես ընդդիմության միավորման փորձը։ Արդյոք ձեզ համար ընդունելի՞ է այն օրակարգը, որն առաջ է քաշում ընդդիմությունը։ -Եթե օրակարգ ասելով նկատի ունենք` թույլ չտալ Սերժ Սարգսյանի իշխանության հավերժացումը, ապա, կարծում եմ, այդ օրակարգը Հայաստանում ընդունելի է շատերի համար: Սակայն իրականության մեջ մենք տեսնում ենք, որ առնվազն առայժմ այդ օրակարգի շուրջ լայն համախմբում տեղի չի ունենում: Պատճառները շատ են, սակայն, կարծում եմ, հիմնական պատճառը քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածի ներկա վիճակն է: Առկա քաղաքական ուժերը կամ թուլացած են, կամ վարկաբեկված, կամ պառակտված, կամ էլ երեքը միասին: Որպեսզի այս օրակարգը շանս ունենա, այն պետք է առաջ տանեն նոր դեմքեր, թեկուզև հին կուսակցություններից: Հարցը տարիքը չէ, այլ քաղաքական դաշտում վաղուց գտնվելու հանգամանքը: Օրինակ, անգամ Նիկոլ Փաշինյանը կամ Զարուհի Փաստանջյանն այդ առումով, այսօր արդեն չեն ընկալվում որպես նոր գործիչներ, քանի որ առնվազն տասը տարի է զբաղվում են ակտիվ քաղաքականությամբ, էլ ինչ ասենք մյուսների մասին: Բացի այդ, դաշտում առկա քաղաքական գործիչներն ու ուժերը միմյանց հանդեպ այնքան բացասական էներգիա են կուտակել այս տարիների ընթացքում, որ նրանց շատ դժվար է պայմանավորվել համատեղ գործողությունների շուրջ: -Ըստ էության՝ հրապարակում կանգնած մարդիկ կողմնակից են բոլորի հետ համագործակցության՝ իշխանության և Սերժ Սարգսյանի վերարտադրությունը թույլ չտալու համար։ Արդյո՞ք սա ուշացած օրակարգ չէ՝ հաշվի առնելով, որ 2017-ի ընտրությունների արդյունքներն այդպես էլ չվիճարկվեցին։ -Գիտեք, միշտ էլ կարող ենք ասել, որ ուշացած է: Այդ առումով, կարող ենք ասել, որ խնդիրը ոչ թե 2017 թ. ընտրություններն էին, այլ, օրինակ, 2015 թ. հանրաքվեն: Եթե ավելի խորը նայենք, կարող ենք ասել, որ պետք էր 2013 թվին պայքարել, հետո հասնել 2008 թվի մարտի մեկին և այսպես շարունակ, մինչև 1995 կամ 1996 թիվ: Այս տրամաբանությունը քաղաքական պայքարի տրամաբանություն չէ: Այնպես որ, այս հարցում ընդդիմությունը կարող է ինչ-որ բանի հասնել, եթե քաղաքական գործիչները որոշեն, որ իրար, այսպես ասած, համաներում են հայտարարում, և չեն փորձում պարզել, թե ով որ թվին ինչ է ասել, կամ արել: Իհարկե, այսօր թվում է, որ Հայաստանում սա գրեթե անհնարին է: Այդ պատճառով, կարծում եմ, հաջողության շանսեր կունենար այնպիսի մի շարժում, որը կմիավորեր նաև այնպիսի մարդկանց, որոնք այս կամ այն կուսակցության կողմնակից չեն, և ընդհանրապես մինչև վերջերս քաղաքականությամբ չեն զբաղվել: Սակայն առայժմ մենք այդպիսի շարժում չենք տեսնում: -Ո՞վ է հանրային պատասխանատվություն կրելու հրապարակում կատարվող միջոցառում/հավաքների համար, գաղափարական ինչ-որ իմաստ դրվո՞ւմ է այս պայքարի առանցքում, թե՞ այդ առանցքը ամեն գնով Սերժ Սարգսյանին հեռացնելն է։ Որքանո՞վ կարող է դա լինել պայքարի նպատակ և առանցք։ -Իրականում Սերժ Սարգսյանին հեռացնելու գաղափարը, իհարկե, իմ սուբյեկտիվ գնահատականն է սա, այսօրվա դրությամբ միակ խնդիրն է, որը կարող է միավորել Հայաստանի բնակչության գերակշիռ մեծամասնությանը: Եթե կա մի հարց, որում համակարծիք են քաղաքականապես ակտիվ մարդիկ, որոնք ունեն տրամագծորեն հակառակ գաղափարական հայացքներ՝ ծայրահեղ ձախից, մինչև ծայրահեղ աջ, դա Սերժ Սարգսյանի հանդեպ վերաբերմունքն է: Ճիշտ կերպով ներկայացնելու դեպքում, Սերժ Սարգսյանի իշխանության հավերժացումը թույլ չտալը կարող է դառնալ ընդունելի ծրագիր Հայաստանի բնակչության գերակշիռ մեծամասնության համար, բացառությամբ Սերժ Սարգսյանի անմիջական շրջապատի: Տեսականորեն, անգամ ՀՀԿ մեծամասնությանը այդ օրակարգը միանգամայն ձեռնտու կարող էր լինել: Չէ՞ որ 2017 թ-ի ընտրություններում հաղթել է ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ ՀՀԿ-ը, և ՀՀԿ անդամների մեծամասնության համար ամենևին կենսական նշանակություն չունի, թե ով կլինի վարչապետ՝ Սերժ Սարգսյա՞նը, թե՞, ասենք, Վիգեն Սարգսյանը կամ Կարեն Կարապետյանը: Իհարկե, այսօր քաղաքական վերնախավում կա կոնսենսուս Սերժ Սարգսյանի անձի շուրջ, բայց եթե լինի ուժեղ հանրային շարժում, այդ կոնսենսուսը կարող է քայքայվել: Այնպես որ, տեսականորեն այդ օրակարգը կարող է ոչ միայն համախմբել հանրությանը, այլև անգամ առաջացնել ճեղքում իշխանական վերնախավի մեջ: Սակայն դա հնարավոր կդառնա միայն այն դեպքում, եթե ծավալվի հզոր շարժում: Եվ, բնականաբար, Սերժ Սարգսյանը շատ լավ գիտակցում է այդ վտանգը, այդ իսկ պատճառով ամեն ինչ անելու է, որ նման իրավիճակ չառաջանա: -Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ պետք է պայքարել մերկ ձեռքերով, որ զենքի և ուժի կիրառումն անթույլատրելի է։ Ինչպե՞ս եք դուք գնահատում պայքարի այս մարտավարությունը։ Որքանո՞վ առհասարակ կարելի է հաջողել այս պայքարում, եթե ենթադրենք, որ շատ կուսակցություններ կմիանան։ -Բնականաբար, ցանկացած քաղաքական ուժ պետք է հայտարարի պայքարի խաղաղ միջոցների մասին, այլապես դա արդեն ոչ թե քաղաքական պայքար է, այլ զինված ապստամբություն, ինչը սովորաբար նախապես չեն հայտարարում: Ինչպես ասացի, տեսականորեն այդ պայքարը հաջողության մեծ շանս ունի: Սակայն դրա համար պետք է, որ ոչ միայն շատ կուսակցություններ միանան, այլ հանրության շատ ավելի լայն շերտեր: Այսօր դաշտում եղած կուսակցությունները, բացառությամբ իշխանամետների, շատ թույլ են, ունեն փոքրաթիվ անդամներ, թույլ տեղական կառույցներ, զրկված են ֆինանսավորումից և այլն: Այնպես որ, հանրության մոբիլիզացիան կուսակցությունների միջոցով հնարավոր չէ իրականացնել: Այս խնդրի լուծմանը կարող էին ծառայել սոցիալական ցանցերը և օնլայն մեդիան, բայց իշխանությունը դա էլ գիտակցում է, և ակտիվորեն գործում է սոցիալական ցանցերի ոլորտում՝ բնականաբար հիմնականում ոչ անմիջականորեն, այլ իր բացահայտ և ոչ բացահայտ կողմնակիցների միջոցով: -Ի՞նչ եք կարծում՝ Հայաստանում հնարավո՞ր է իշխանափոխություն՝ առանց ընտրական գործընթացների։ -Ես ձեր հարցին հարցով կպատասխանեմ: Իսկ հնարավոր է Հայաստանում իշխանափոխություն ընտրական գործընթացի միջոցով: Եթե նախորդ տարիներին դեռ պահպանվում էր նման տեսական հնարավորություն, ապա վերջին տարիներին ամեն ինչ արվեց, որ ընտրությունների միջոցով իշխանափոխության հնարավորությունն անգամ տեսականորեն բացառվի: Այնպես որ, եթե այս համակարգի պայմաններում Հայաստանում իշխանափոխություն կատարվի, այն ընտրական գործընթացի արդյունքում չի լինելու: