Սերժ Սարգսյանը որոշեց գրոհել

Սերժ Սարգսյանը որոշեց գրոհել

Սերժ Սարգսյանի վարչապետության հեռանկարի մասին նրա իսկ հայտարարությանը հաջորդեց Ժիրայր Սէֆիլյանի դատավճիռը: Հաշվարկած էր արդյոք հաջորդականությունը, թե ոչ, դժվար է ասել, համենայն դեպս քաղաքականության մեջ երևի թե չեն լինում այդպիսի պատահականություններ: Այսպես, թե այնպես, ուշագրավ է, որ Սարգսյանի հայտարարությունից հետո Սէֆիլյանը դատապարտվում է տասը տարի 5 ամիս ազատազրկման, որն ըստ էության բավականին խիստ պատժաչափ է և կարծես թե բավականին ցուցադրական պատժաչափ: Սերժ Սարգսյանը մի կողմից հայտարարում է, որ հինգ րոպե պակաս վարչապետ է, ակնարկում, որ շարժառիթների շարքում է նաև «Սասնա ծռերի» դեպքն ու այսօր էլ փողոցում հարցեր լուծելու կոչեր հնչեցնելը, և հետո դրան հաջորդում է Սէֆիլյանի նկատմամբ խիստ և ցուցադրական պատժաչափը, որով Սարգսյանը կարծես թե ցույց է տալիս, որ վճռական է տրամադրված իր վարչապետությունը ցնցումների կամ արտառոց զարգացումների միջոցով կանխելու փորձերի հանդեպ: Սրան զուգահեռ սակայն, խնդրի հակառակ կողմում այն է, որ Սարգսյանը կարծես թե մարտահրավեր է նետում հանրությանը, ասելով, դե դուրս եկեք փողոց՝ տեսնեմ: Բանն այն է, որ կար տեսակետ, թե Սարգսյանը կձգի իր վարչապետության մասին հայտարարությունը մինչև ապրիլի 15-16, որպեսզի հայտարարելուց հետո այսպես ասած ընդդիմությունը կամ ընդդիմությունները չունենան հասարակությանը փողոց հանելու և կրիտիկական իրավիճակ հասունացնելու ժամանակ, եթե անգամ համարվում է, որ գործնականում դրա ոչ միայն ժամանակի, այլ ռեսուրսային մի շարք հանգամանքների պակաս կա: Սարգսյանը փաստորեն տալիս է 20 օր ժամանակ: Ավելին, դրան հաջորդում է Սէֆիլյանի գործով խիստ դատավճիռ, կամ ոչ մեղմ, և թերևս ցուցադրական մի դատավճիռ, որն անմիջապես կապակցվելով վարչապետության մասին Սարգսյանի հայտարարությանը կարող է տալ այսպես ասած առավել ուժգին էֆեկտ, արթնացնելով հանրային դժգոհություն: Կամ Սերժ Սարգսյանը լիակատար վստահ է, որ չի կարող լինել այդպիսի բան և չկա այդ ամենի համար փողոց դուրս գալու պատրաստ հանրություն և այդ իսկ պատճառով ցուցադրում է մկանները, կամ Սարգսյանը ունենալով որոշակի մտավախություններ, փորձում է այսպես ասած ժամանակից շուտ հասունացնել դրանք, ընդ որում նույնիսկ ավելի շուտ, քան գուցե պլանավորում էին հնարավոր քայլերի կազմակերպիչները և մշակողները: Եվ այս ամենին զուգահեռ, Սերժ Սարգսյանը կարծես թե նաև փորձում է ընդգծել այսպես ասած կոնտրաստը, ասելով, որ մի կողմից առաջարկում է բավականին հարմարավետ պայմաններ նրանց, ովքեր «երիտասարդ լիդերներ» են, կամ այլ կերպ ասած նոր համակարգի և խաղի կանոնների շուջ պատրաստ են պայմանավորվել, մյուս կողմից շատ կոշտ է լինելու այդ կանոնները մերժողների հանդեպ: Այդ տեսանկյունից, Սէֆիլյանի դատավճիռը նաև որոշակի մարտահրավեր է, նետված այն քաղաքական խմբերին, որոնք քննարկում են Սարգսյանի վարչապետության դեմ առավել արմատական պայքարի տարբերակները: Սարգսյանն ըստ երևույթին առաջնորդվում է լավագույն պաշտպանությունը հարձակումն է հայտնի տրամաբանությամբ և որոշում է չսպասել, մինչև որևէ մարտահրավեր կնետեն իրեն: Միևնույն ժամանակ, նա կարծես թե խթանում է արմատական ռեակցիաներ, կարծես թե նախապատրաստելով անհրաժեշտության դեպքում ոչ թե պոստֆակտում, այլ նույնիսկ ինչ-որ իմաստով կանխարգելիչ ուժային գործիքների կիրառման «լեգիտիմ» մթնոլորտ իր համար, ընդ որում միջազգայնորեն «լեգիտիմ»: