Տասը տարի` Սեֆիլյանին, ուղերձ` մյուսներին

Տասը տարի` Սեֆիլյանին, ուղերձ` մյուսներին

Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցից հետո, որտեղ նա` որպես սպառնալիք, խոսել էր «մայրաքաղաքում զենքի ուժով հարցեր լուծելու պատրաստ մարդկանց գործողությունների» մասին, թերևս ակնհայտ էր, թե դատարանն այսօր ինչպիսի վճիռ է կայացնելու Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների նկատմամբ: Դատարանը վճռել է Սեֆիլյանին դատապարտել10 տարի 5 ամիս: Գևորգ Սաֆարյանի համար պատժի ժամկետ է սահմանվել 5 տարի 5 ամիս 2 օր: Գալուստ Գրիգորյանը դատապարտվել է 3 տարվա, Ներսես Պողոսյանը՝ 3 տարի 6 ամսվա, Հովհաննես Պետրոսյանը՝ 2 տարվա, Հրայր Թոփչյանը՝ 3 տարվա ազատազրկման: Ինքնին հասկանալի է, որ, տվյալ դեպքում, գործ ունենք ոչ թե արդարադատության իրականացման, այլ` իշխանության կոշտ, ռեպրեսիվ քաղաքական վերաբերմունքի հետ: Ընդ որում` այսօրվա դատավճռի քաղաքական հետևանքները բազմաշերտ են: Ժիրայր Սեֆիլյանը շատ խիստ պատժի արժանացավ` ոչ թե կոնկրետ գործողությունների, այլ` ըստ էության, այդպես էլ անկատար մնացած մտադրությունների համար: Ընդ որում` դատարանը համոզիչ կերպով չկարողացավ հաստատել Սեֆիլյանի մեղքը: Իշխանությունները` մի կողմից հասկացնում են, որ չեն հանդուրժելու անգամ իշխանության տապալմանն ուղղված կոչերը, մյուս կողմից` Սեֆիլյանի դատը փոխկապակցում են «Սասնա ծռերի» չավարտված դատական գործընթացի հետ` ըստ էության, կանխորոշելով նաև դրա վերջաբանը: Այսօրվա դատավճիռը շատ նման է քաղաքական հաշվեհարդարի, մյուս կողմից` ակնհայտ է, որ իշխանությունները լուծում են պրակտիկ, ընթացիկ քաղաքական խնդիրներ, մանավանդ, որ այսօր զարգանում են «հեղափոխական» մի քանի շարժումներ, որոնց նպատակը Սերժ Սարգսյանի վարչապետության կանխումն է, մեծ իմաստով` նրա իշխանության տապալումը: Սերժ Սարգսյանն ընդդիմախոսներին հստակ հասկացնում է, թե ինչպիսին է լինելու նրանց «հեղափոխական» վերջաբանը, եթե փողոցային պայքարը խոսքից անցնի գործի, այլ խոսքով` սպառնա իշխանության հիմքերին: Պետք չէ ունենալ պատրանքներ, թե կառավարման մոդելի փոփոխությունը հանգեցնելու է իշխանության ոճի կամ բնույթի փոփոխությանը: Մյուս կողմից` Սամվել Բալասանյանի, Ժիրայր Սեֆիլյանի դատավճիռները լակմուսսյին նշանակություն ունեն այլ հարթության վրա: Արցախյան պատերազմին մասնակցությունը, ռազմական ծառայություններն այլևս ալիբի չեն իշխանության բարեհաճությանը, «համաներմանն» արժանանալու համար: Փոխվել են խաղի կանոնները. այսպես կոչված` «քաղաքական մաուզերականությունն» այլևս ոչ միայն չի խրախուսվում, այլ` ըստ էության, նույնացված է քրեական հանցագործության հետ: Սկսված է քաղաքականությունը «հրացանակիր մարդուց» ազատելու գործընթացը: Ընդ որում` եթե «մաուզերականության» ընդդիմադիր դրսևորումը ավարտվում է տևական բանտարկությամբ և հալածանքներով, ապա իշխանության ներսում պակասում է «կռված տղերքի» պահանջարկը` որպես զսպող միջոց ընդդիմության շարքերում հայտնված ազատամարտիկների: Սերժ Սարգսյանի իշխանությանը սպառնացող հրամանատարները հայտնվում են բանտում, նոր խաղի կանոնները շուտով հանգեցնելու են իշխանությունից` Երկրապահի վերնախավի աստիճանական «ֆիլտրմանը» կամ այս սեգմենտի համակարգային կշռի էական թուլացմանը: Մյուս կողմից` Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների խիստ դատավճիռներով Սերժ Սարգսյանը լուծում է իշխանության կոնսոլիդացիայի հարց` միևնույն ժամանակ, ցույց տալով արմատական ընդդիմության «անատամությունը»: Լուսանկարը՝ Photolure-ի