Էքստրաօրդինար ոչինչ չի լինելու․ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ փոխխոսնակ, ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը։ - Մարտի 4-ին Իտալիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին պատգամավոր չի ընտրվել ԵԽԽՎ նախագահ Միքելե Նիկոլետին։ ԵԽԽՎ կանոնադրությամբ՝ նա կարող է 6 ամիս պահպանել նախագահի մանդատը, բայց իր ցանկությամբ կարող է նաև հրաժարական ներկայացնել, և այդ դեպքում ապրիլյան նստաշրջանում կընտրվի՞ նոր նախագահ: - Մի փոքր այլ տեսանկյունից ներկայացնեմ․երբ Իտալիայի պատվիրակությունը կներկայացնի նոր պատվիրակության լիազորությունները, հաստատման այդ ժամանակից, այդ պահից սկսած, Միքելե Նիկոլետին այլևս չի կարողանա մասնակցել ԵԽԽՎ նիստերին։ Քանի որ Միքելե Նիկոլետին ԵԽԽՎ նախագահ էր դարձել Սոցիալիստների խմբի քվոտայով, առաջադրվել էր որպես ԵԽԽՎ նախագահի միակ թեկնածու, մյուս քաղաքական խմբերը հարգել էին այդ պայմանավորվածությունը։ Կարծում եմ՝ ապրիլին, նախ և առաջ, Սոցիալիստների խումբն ինքը պետք է որոշի՝ ում է իր անդամներից առաջադրում ԵԽԽՎ նախագահի նոր թեկնածու՝ անկախ նրա հրաժարականից։ Ես կարծում եմ՝ ապրիլին քննարկումը տեղի կունենա Սոցիալիստների խմբում, դրանից հետո պարզ կդառնա հունիսյան նստաշրջանի, թե ապրիլյան նստաշրջանի ընթացքում է տեղի ունենալու այդ գործընթացը, բայց ամեն ինչ կախված է նրանից, թե քանի թեկնածու կառաջադրվի այդ պաշտոնի համար․ եթե մեկ թեկնածու առաջադրվի, ընտրության գործընթացը տեղի կունենա այնպես, ինչպես Միքելե Նիկոլետիի դեպքում, այսինքն՝ նա կհայտարարվի նախագահ։ - Այս հարցը խնդիրներ չի՞ առաջացնում նաև ԵԽԽՎ օրակարգում աշխատանքների առումով՝ հաշվի առնելով նաև նախորդ նախագահի հետ կապված սկանդալը, նախագահի փոփոխությունը։ - Գիտեք, կարծում եմ՝ Սոցիալիստների խմբում մեկ հարց ավելացել է, բայց, ընդհանուր առմամբ, աշխատանքների բովանդակության վրա, չէի ասի, որ ազդեցություն է ունենում, դա ընթացիկ գործընթաց է․ անընդհատ պատվիրակություններ են փոխվում, խմբերի ղեկավարներ են փոխվում, ընտրություններ են տեղի ունենում։ Սա բնական գործընթաց է, իհարկե, աննախադեպ, որ մի քանի ամիս առաջ ընտրված ԵԽԽՎ նախագահը հիմա չի ընտրվել, բայց որպես այդպիսին, գործընթացի տեսանկյունից, կարծում եմ՝ էքստրաօրդինար, արտասովոր բան տեղի չի ունեցել։ - Պատգամավոր չի ընտրվել նաև Հայաստանի հարցով համազեկուցող Ջուզեպե Գալատին, ո՞վ է Հայաստանի հարցով համազեկուցող լինելու, քննարկումներ կա՞ն։ - Ապրիլին կքննարկվի Հայաստանի հարցով նոր համազեկուցողի հարցը, որին պետք է առաջադրի ԵԺԿ քաղաքական խումբը։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։