Սերժ Սարգսյանն ինքն իրեն ազատեց կալանքից

Սերժ Սարգսյանն ինքն իրեն ազատեց կալանքից

Սերժ Սարգսյանը նախօրեին արել է հայտարարություն, որով, փաստորեն, ցրել է իր վարչապետության հնարավորության շուրջ անորոշությունը: Սարգսյանն ուղիղ չի հայտարարել, թե պատրաստվում է առաջադրվել վարչապետ, բայց փաստացի իր վրայից հանել է 2014 թվականին իր իսկ դրած «կալանքը», երբ հայտարարել էր, որ չի լինի նախագահ երրորդ ժամկետով, չի էլ հավակնում լինել վարչապետ կառավարման խորհրդարանական մոդելի պայմաններում: Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե մի բան է հստակ ասել, թե չի լինելու, մեկ այլ բան է ասել, թե չի հավակնելու: Ըստ նրա՝ ինքը դարձյալ չի հավակնում, բայց նաև չի կարող հաշվի չառնել առկա իրողությունները: Ընդ որում՝ Սերժ Սարգսյանն, ինչպես և սպասվում էր, այդ համատեքստում մատնանշել է Ապրիլյան պատերազմը, ՊՊԾ գնդի գրավումը, նաև իր վարչապետության դեմ ներկայիս հանրահավաքային շարժման կոչերը՝ ասելով, որ դա էլ մարտահրավեր է, երբ որոշ ուժեր հայտնում են քաղաքագիտության կանոններին դեմ գնալու պատրաստակամություն: Այս ամենի մասով, իհարկե, Սարգսյանի հիմնավորումներն անսպասելի չէին, նա ասել է, որ կլինի այնտեղ, որտեղ ամենից շատ պահանջված է անվտանգությունը: Սարգսյանն իր վարչապետության 2014 թվականի «կալանքը» հանում է անվտանգության շեշտադրումներով: Մյուս կողմից՝ Սարգսյանը հայտարարում է, որ եթե առաջադրվի իր թեկնածությունը, ապա մի հավելումով, որ ինքը առաջ է մղելու երիտասարդ լիդերների, ընդ որում՝ անկախ կուսակցական պատկանելությունից և քաղաքական դիրքավորումից: Նա հայտարարում է, որ բոլորս անելիք ունենք երիտասարդ առաջնորդների թրծման գործում՝ անկախ նրանց քաղաքական պատկանելությունից և դիրքավորումից: Փաստացի Սերժ Սարգսյանը դրանով փորձում է ակնարկել, որ եթե լինի վարչապետ, ապա լինելու է ոչ թե ներկայիս համակարգի, օլիգարխիկ կառուցվածքի, այլ երիտասարդների վարչապետը կամ այլ կերպ ասած՝ «նոր ոգու» վարչապետը: Առաջինն այստեղ, իհարկե, հարց է առաջանում, թե ուր մնաց Կարեն Կարապետյանի հետ այդ հարցում պայմանավորվածությունը, թեև Սերժ Սարգսյանի խոսքում կա մի հետաքրքիր նրբերանգ՝ Կարեն Կարապետյանի մասով նա մեկուկես տարի առաջ հայտարարում էր, թե քննարկել է ՀՀԿ-ին նոր ոգի հաղորդելու հարցը, իսկ տվյալ դեպքում Սերժ Սարգսյանն իր վարչապետությունը դիտարկում է ամբողջ քաղաքական դաշտին «նոր ոգի» հաղորդելու մասով, ինչը գոնե տեսականում ենթադրում է նաև ընդդիմադիր դաշտը: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը գործնականում հայտարարում է նոր իշխանություն և նոր ընդդիմություն ձևավորելու մասին, անուղղակիորեն դա հռչակելով իր վարչապետության նպատակը: Խոշոր հաշվով, իհարկե, այս մասին մենք ունեցել ենք առիթներ խոսելու ընթերցողների հետ՝ դիտարկելով ներիշխանական զարգացումների կոնտեքստում ոչ միայն իշխանության վերադասավորման, այլ նաև ընդդիմադիր ուժի ձևավորման նպատակադրումները, որոնք իշխանության օրակարգում են քաղաքական համակարգի լայն մոդեռնիզացիայի համայնապատկերով: Ընդդիմադիր դաշտում տևական ժամանակ կառուցողականության պատրաստ ընդդիմություն փնտրելու ապարդյուն որոնումները իշխանությանը բերելու էին եզրահանգման, որ ընդդիմություն փնտրելու փոխարեն, պետք է ստեղծել այդ ընդդիմությունը: Սերժ Սարգսյանը, փաստորեն, հայտարարում է այդ մասին՝ ակնարկելով, որ վարչապետ լինելու դեպքում իր գլխավոր նպատակներից մեկը և թերևս առանցքայինը դիտարկելու է թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության «նոր ոգին» ձևավորելը: Ռազմավարական առումով դա լինելու է փուլ, երբ իշխանությունն ունենալով ընդդիմության վստահությունը կամ վստահելի ընդդիմություն՝ կարող է նաև այլևս որպես օրակարգային հարց առաջ բերել հնարավոր իշխանափոխություն թույլ տալը, երբ կասկածի տակ չի դրվի սեփականության պատկանելությունը, և այդպիսով առավել խորքային ինստիտուցիոնալացում կապահովվի անաղմուկ ընտրությունների համար՝ ավելի էժանացնելով այդ աղմուկի խլացուցիչը և այդպիսին դիտարկելով ոչ թե գերազանցապես փողը, այլ պարզապես առաջարկվող իշխանություն-ընդդիմություն մոդելը, երբ դրանից դուրս ամեն ինչ կլինի արդեն մարգինալ: Սա, իհարկե, Սերժ Սարգսյանի, այսպես ասած, քաղաքական մեգանախագիծն է, և իր վարչապետությունը նա, փաստորեն, հրաժարվում է կապել կամ սկսել որևէ տնտեսա-քաղաքական մեգանախագծով, ինչպես նախագահությունը: Ընդհանրապես, Սերժ Սարգսյանը թե՛ իր հայտարարությամբ, թե՛ նաև դրանից առաջ ՊՆ օպերատիվ հավաքի ընթացքում ունեցած ելույթով գործնականում նշագրեց իր վարչապետության շրջանակը՝ բավական թափանցիկ ուրվագծելով, որ այն լինելու է, այսպես ասած, սոցիալ-տնտեսականությունից վեր՝ ռազմա-քաղաքականության և քաղաքական համակարգի մոդեռնիզացիայի տիրույթում: Այդ շրջանակը լիովին հասկանալի է, քանի որ Սերժ Սարգսյանն այդպիսով ցանկանում է տարանջատվել սոցիալ-տնտեսական պատասխանատվությունից՝ այն թողնելով թերևս երեք փոխվարչապետների և նախարարների վրա: Միևնույն ժամանակ, իշխանության և ընդդիմության «նոր ոգու» առաքելությունն ակնարկելով՝ Սերժ Սարգսյանը, փաստորեն, հայտարարում է ներքաղաքական «մրցույթ» կամ համենայնդեպս՝ առաջացնում է այդ հարցը, թե արդյո՞ք կան ընդդիմադիր դաշտում թեկնածուներ, որոնց Սարգսյանը տեսնում է երիտասարդ առաջնորդության դերում, ինչպես ինքն է նշում՝ անկախ կուսակցական պատկանելությունից և դիրքավորումից: Այդ իմաստով շատ հետաքրքիր է, որ Սարգսյանը իր վարչապետության շուրջ իրավիճակը առնվազն 99 տոկոսով որոշակիացնում է այն ժամանակահատվածում, երբ մի շարք երիտասարդ ընդդիմադիրներ էլ տարբեր ֆորմատներով վիճարկում են կամ պատրաստվում են վիճարկել իր վարչապետությունը: Սարգսյանը նրանց տեսնո՞ւմ է այդ առաջնորդության հավակնորդներ, արդյո՞ք նրանց չէ ուղղված հայտարարությունը կամ առաջարկը, որ եթե հրաժարվեն իրեն խանգարելու մտադրությունից, կարող են ունենալ իր աջակցությունը ընդդիմության շարքերում լիդերության հարցում: Թե՞ Սարգսյանը արդեն իսկ գնահատում է նրանց, ովքեր մինչև իր այս հայտարարությունը չեն վիճարկել իր վարչապետության հեռանկարը, և Սարգսյանը, փաստորեն, նրանց բոնուս է խոստանում իր վարչապետության դեպքում: Բոլոր դեպքերում, ակնհայտ է, որ Սարգսյանի հայտարարությունն ամենևին պատահական ժամանակ չի ընտրված, հատկապես եթե նկատի առնենք նաև արտաքին ֆոնն ու երկու հատկանշական իրողություն՝ Հայաստանի ԱԺ երիտասարդ գործիչների և գուցե ըստ Սարգսյանի՝ լիդերների հավակնորդների պատվիրակության այցը ԱՄՆ և ՌԴ նախագահ Պուտինի ընտրությունը Ռուսաստանում, որից հետո Սերժ Սարգսյանն անում է իր հայտարարությունը: