Կամայական որոշումներն են վերանայվում, իսկ ես նման որոշումներ չեմ կայացնում. ՇՊՀ ռեկտորն անդրդվելի է

Կամայական որոշումներն են վերանայվում, իսկ ես նման որոշումներ չեմ կայացնում. ՇՊՀ ռեկտորն անդրդվելի է

Շիրակի պետհամալսարանի երկու դասախոսի՝ Գագիկ Համբարյանի և Հովհաննես Խորիկյանի աշխատանքից ազատման որոշումը բուռն արձագանք է գտել ինչպես Շիրակի մարզում, Շիրակի պետհամալսարանում, այնպես էլ ԵՊՀ դասախոսների, տարբեր գիտնականների շրջանում։ Դասախոսների ազատումից հետո Շիրակի պետհամալսարանի ուսանողները դասադուլ են սկսել և բաց նամակով դիմել Սերժ Սարգսյանին: Նրանք ՇՊՀ Ֆեյսբուքի էջում տեսանյութեր են տարածել՝ հայտարարելով, որ դեմ են ռեկտոր  Սահակ Մինասյանի որոշմանը։ Ուսանողները հայտարարում են, որ պայքարելու են ռեկտորի մարտի 15-ի որոշման դեմ և հանուն այդ որոշման բեկանման: Ուսխորհրդի նախագահը ևս հայտարարություն է  տարածել: «Խորապես համոզված եմ, որ նման գիտնականներին բուհից հեռացնելը չի բխում բուհի և ուսանողության շահերից: Գտնում եմ, որ դասախոսներ Խորիկյանն ու Համբարյանը պետք է վերադառնան իրենց աշխատանքին: Որպես Ուսանողական խորհրդի նախագահ, բուհի գիտական խորհրդի ուսանողական կազմի ներկայացուցիչ և բուհի ապագայով մտահոգ մարդ՝ պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ համարժեք միջոցների եմ դիմելու դասախոսների աշխատանքի վերադառնալու և ուսանողների շահերի պաշտպանությունն իրականացնելու համար»,- հայտարարել է Շիրակի պետհամալսարանի Ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Մելքոնյանը։ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Վահրամ Տեր-Մաթևոսյանը և ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու  Ռուբեն Մելքոնյանը ևս հանդես են եկել հայտարարությամբ, որում Շիրակի պետական համալսարանի  ղեկավարությանը կոչ են անում չեղարկել Հովհաննես Խորիկյանին և Գագիկ Համբարյանին աշխատանքից ազատելու որոշումը: «Բազմակարծությունը և առողջ բանավեճը կարևոր են հասարակական կյանքի բոլոր բնագավառների կենսունակության համար, սակայն ակադեմիական միջավայրում դրանք ուղղակի անհրաժեշտություն են: Ուստի այլակարծության համար Հովհաննես Խորիկյանին և Գագիկ Համբարյանին աշխատանքից ազատելու որոշումը որևէ կերպ ընդունելի չէ և հակասում է ակադեմիական բազմակարծության սկզբունքին»,- նշել են Ռուբեն Մելքոնյանն ու Տեր-Մաթևոսյանը։ Շիրակի պետհամալսարանի ռեկտոր, Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը, սակայն, անդրդվելի է։ Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտարարեց, որ իր որոշումն անհիմն չէ և ենթակա չէ վերանայման։ - Ես կամայական որոշումներ չեմ կայացնում, հետևաբար դրանք վերանայելու խնդիր չի կարող դրվել։ Խնդիրը վերաբերում է  գիտխորհրդի կողմից կայացված որոշմանը։ - Բայց հեռացված դասախոսները պնդում են, որ այդ որոշումը ապօրինի է։ - Ապօրինի ոչ մի բան չկա։ Ես կրկնում եմ՝ կամայական որոշումները կարող են վերանայվել, իսկ ես կամայական որոշումներ չեմ կայացնում։ Որոշումները կայացվում է մի ամբողջ հանրույթի՝ գիտական խորհրդի, մյուս ստորաբաժանումների անդամների որոշումների արդյունքում։ - Բայց նույն Ձեր նշած գիտական խորհուրդը զրո անկախություն ունի։ Բոլոր անդամները Ձեր ենթակայության տակ են։ - Ոչ մեկն ինձ չի ենթարկվում։ Խնդրում եմ չփորձեք բոլոր անդամներին վիրավորել։ Գիտական խորհրդում բոլորը մտավորականներ են, գիտնականներ են և այլն։ - Պարոն Մինասյան, Գագիկ Համբարյանը իրենց աշխատանքից ազատելը որակում է  որպես վրեժխնդրություն Ձեր կողմից իրենց նկատմամբ։ - Բացառապես ոչ։ Ոչ մի վրեժխնդրություն չկա։ Ես 6 ամիս նույն Խորիկյանին, երբ նա գրում էր, վարկաբեկում էր մեր համալսարանը, ես նրան ժամկետը լրանալուց հետո նորից  նշանակել եմ պաշտոնակատար։ - Բայց Համբարյանն ու Խորիկյանը մի քանի ամիս է՝ բարձրաձայնում են բուհում Ձեր կողմից իրականացվող ապօրինությունների, չարաշահումների մասին։ Հենց այս բարձրաձայնումներին հաջորդեց ազատման որոշումը։ - Ես էլ ոչ մի հարցի չեմ պատասխանի։ Հաջողություն ձեզ։