Մեր ինչի՞ն է պետք նախագահ

Մեր ինչի՞ն է պետք նախագահ

Երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները հավանություն տվեցին Միջազգային պայմանագրերի մասին օրենքի նախագծին: Եվս մի օրենք, որով զրոյի են հավասարեցվում պետության գլխի, այն է նախագահի լիազորությունները: Ներկայումս գործող օրենքով նախատեսվում է, որ Հայաստանում միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական միջազգային պայմանագիր կնքելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ Հայաստանի Հանրապետության նախագահը, կառավարությունը, վարչապետը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը (այսուհետ`արտաքին գործերի նախարարություն), գերատեսչությունները, ինչպես նաև միջազգային պայմանագրի օտարերկրյա սուբյեկտները։ Հիմա տեսեք, թե ինչպես է փոխվել այս հոդվածը՝ Միջազգային պայմանագիրն առանց լիազորագրի ստորագրելու իրավասություն ունեն Հանրապետության նախագահը՝ կառավարության առաջարկությամբ, վարչապետը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ, միջազգային կազմակերպությունների հիմնադիր փաստաթղթերով ստեղծված մարմիններում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձինք։ Այս փոփոխությունից երևում է, որ Հանրապետության նախագահը՝ առանց կառավարության, այսինքն՝ վարչապետի առաջարկության ոչ մի թուղթ չի կարող ստորագրել: Հնարավոր է՝ կառավարությունը նրան ընդհանրապես ոչ մի նման առաջարկություն էլ չներկայացնի, և նախագահն իր ողջ գործունեության ընթացքում ոչ մի միջազգային պայմանագիր էլ չստորագրի: Ինչ իմաստ ունի առաջարկել նախագահին, եթե ինքդ կարող ես ստորագրել: Վիճակն ավելի լավ չէ նաև միջազգային պայմանագրերի վավերացման և հաստատման պարագայում: Գործող օրենքով խորհրդարանը վավերացնում է միջազգային պայմանագրերը, իսկ նախագահն իր ստորագրությամբ հաստատում է դրանք: Նոր տարբերակով խորհրդարանի կողմից վավերացված օրենքները նախագահի հաստատման կարիքն անգամ չունեն: Իսկ նախագահը հաստատում է այն միջազգային պայմանագրերը, որոնց վավերացման կարիքը չկա: Օրենքի նախագծում շատ մանրամասն գրված է, թե որ տիպի միջազգային պայմանգրերն է, որ խորհրդարանը պետք է վավերացնի: Եվ այսպես, Ազգային ժողովը, կառավարության առաջարկությամբ, վավերացնում է այն միջազգային պայմանագրերը, որոնք վերաբերում են մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին, ինչպես նաև պարտականություններին, որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ, որոնք նախատեսում են Հայաստանի Հանրապետության անդամակցություն միջազգային կազմակերպությանը, որոնք Հայաստանի Հանրապետության համար նախատեսում են ֆինանսական կամ գույքային պարտավորություններ, որոնց կիրառումը նախատեսում է օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում, կամ որոնք պարունակում են օրենքին հակասող նորմեր, որոնք ուղղակիորեն նախատեսում են վավերացում, որոնք պարունակում են օրենքի կարգավորմանը ենթակա հարցեր: Մնացած բոլոր միջազգային պայմանագրերը կարող է հաստատել հանրապետության նախագահը: Մնում է հասկանալ, թե կա արդյոք մի միջազգային պայմանագիր, որը չի մտնում վերաթվագրյալ կետերի մեջ: Հնարավոր է, որ նախագահը հաստատի սպորտային բնույթի պայմանագրեր, օրինակ, Հայաստանի և Վիետնամի կարատեի ֆեդերացիաների միջև կնքված պայմանագիրը, որը սակայն պետք է այնպիսին լինի, որ հանկարծ ֆինանսական պարտավորություններ չառաջացնի Հայաստանի Հանրապետության համար: Եվ բացի այդ, կարատեի ֆեդերացիայի նախագահը հարկ համարի այն ներկայացնել նախագահի հաստատմանը, որովհետև նա կարող է համարել, որ իր ստորագրությունն էլ բավարար է, որ այդ պայմանագիրը գործի: Մենք համոզված ենք, որ իր գործունեության ընթացքում նախագահին մեծահոգաբար կառաջարկեն մի քանի միջազգային պայմանագիր կնքել և, ևս մի քանիսը նա կհաստատի: Ի վերջո, նա մի հսկայական տարածք է զբաղեցնելու՝ բազմաթիվ շենքերով և 150 հոգանոց աշխատակազմով, որն առանց այն էլ միջոցների սղություն ունեցող բյուջեի համար մեծ բեռ է: Բայց դե մարդը մի գործով պետք է զբաղվի չէ, որ արդարացնի իր և իր ղեկավարած աշխատակազմի բազմամիլիարդանոց ծախսերը: