Գյուլնազ տատի հեքիաթներ պատմող կառավարություն է. 1.5 տարի զբաղված են քաղաքական նկարչությամբ

«7.5 տոկոս տնտեսական աճը պետք է նշանակի որոշակի ապրանքատեսակների բնեղեն արտադրության աճ, մարդու կենսամակարդակի աճ, դա պետք է նշանակի մարդու կենսամակարդակի բարձրացում, արտագաղթի տեմպերի նվազեցում, պետք է նշանակի բիզնես ակտիվության մակարդակի աշխուժություն։ Բայց մենք սրանցից ոչ մեկը չենք տեսնում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը։ Նրա խոսքով՝ այս ամենը գալիս է վկայելու, որ 7.5 տոկոս տնտեսական աճը քաղաքական նկարչություն է ԱՎԾ-ի կողմից։ «ԱՎԾ-ն այնքան է իջեցրել իր իմիջը, որ ոչնչացել է։ Այդ կառույցը միայն քաղաքական թվանկարչությամբ է զբաղված, ոչ ավելի։ ԱՎԾ-ն երբեք թափանցիկ չի աշխատել»,- ասաց Արիստակեսյանը։ Տնտեսագետը անդրադարձավ նաև գործող կառավարության գործունեությանը, որը մոտ մեկ ամսից ավարտում է իր աշխատանքը։ «Գործող կառառավարությունը ընդամենը մի բրենդային կառավարություն էր՝ ի դեմս վարչապետի, որը ցուցադրեց իր ճաշակով հագնվելը, կառավարության նիստերին հանձնարարականներ տալը, դրանց կատարմանը չհետևելը։ Պարզապես ֆոն էր, էֆեկտ, և այդ դրական սպասումները այս կառավարությունից այդպես էլ չարդարացան։ Գյուլնազ տատի հեքիաթներ պատմող կառավարություն էր։ Ուրիշ ոչինչ»,- եզրափակեց Արիստակեսյանը։ Առավել մանրամասն՝ տեսանյութում: