Նոր Պուտինը. Ինչ սպասել Հայաստանին

Նոր Պուտինը. Ինչ սպասել Հայաստանին

Ռուսաստանի նախագահի ընտրության արդյունքը հայտնի է, և այն ըստ էության հայտնի էր նույնիսկ ընտրությունից առաջ, պարզապես ինտրիգն այն էր, թե քանի տոկոս է գրանցվելու ՌԴ նախագահ Պուտինի անվան դիմաց: Այդ տոկոսը ներկայումս գրեթե 80 է, ինչը նշանակում է, որ Պուտինը գերազանցել է 2012-ի իր ցուցանիշը: Սա ամենևին պատահական հանգամանք չէ՝ հենց 2012-ի համեմատությամբ, որովհետև դա նրա վերադարձի տարին էր, որը Ռուսաստանում ամենևին անհարթ չանցավ: 2011 թվականի Պետդումայի ընտրությունից հետո Ռուսաստանում տեղի ունեցան մի քանի խոշոր հանրահավաքներ, ծավալվում էր շարժում «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակի դեմ: Պուտինը վերադառնում էր ահա այդ ֆոնին, և շատ փորձագետներ Պետդումայի ընտրությունից հետո ծավալվող այդ շարժման հետևում տեսնում էին իշխանության որոշ թևերի աջակցությունը՝ Պուտինի վերադարձի վրա ազդելու, այն թույլ չտալու, Մեդվեդևին պահելու համար: Բանն այն է, որ Ռուսաստանի իսթեբլիշմենթում շահերի բախումն ու պայքարը ըստ էության ավելի են խորացել այս տարիների ընթացքում, ստացել են ավելի թեժ բնույթ, ինչը արտահայտվել է նույնիսկ կապիտալի վերադասավորման և վերաբաշխման կոշտ գործընթացներով: Այդ ամենի կատալիզատորի դեր են խաղացել աշխարհաքաղաքական դիմակայությունն ու ՌԴ հանդեպ պատժամիջոցները, Պուտինի հետ անմիջական առնչություն ունեցող շրջանակների հանդեպ պատժամիջոցները, տնտեսական կորուստները, ռեսուրսների սղությունը: Այս իրավիճակում, սակայն, Պուտինը հավաքում է ավելի շատ ձայն, մոտ 80 տոկոս: Ի՞նչ է դա, Պուտինի հաղթանակը իսթեբլիշմենթի նկատմամբ և նրա գերիշխանության հաստատո՞ւմը տարբեր թևերի վրա, թե՞ լրիվ հակառակը՝ այդ թևերն են կոնսենսուսի եկել Պուտինի թեկնածության հարցում, և այդ իսկ պատճառով այս անգամ Պուտինի ցուցանիշը շատ ավելի բարձր է, որովհետև բոլորն են աշխատել նրա օգտին: Այս հարցերը իսկապես հետաքրքիր են՝ նկատի ունենալով այն, որ ՌԴ նախագահի ընտրության ըստ էության գլխավոր ինտրիգն այն է, թե ինչպիսին է լինելու պուտինյան այս Ռուսաստանը: Մի բան է, երբ Պուտինն է իր գերիշխանությունը հաստատել իշխանության բոլոր թևերի նկատմամբ և առավել մեծ հանրային լեգիտիմությամբ ճնշել նրանց, մեկ այլ բան է, երբ նրանք են պարզապես համաձայնության եկել Պուտինի ավելի մեծ լեգիտիմության հարցում, որովհետև դա նշանակելու է, որ Պուտինն իրականում ՌԴ այլևս լեգիտիմ նախագահ չէ, այլ իշխանության և կապիտալի կրող խոշոր թևերի գործակատար, որին կհեռացնեն ցանկացած պահի: Անկասկած է, որ այս խնդիրները հայաստանյան դիտանկյունից հետաքրքիր են Հայաստանի վրա ռուսական ազդեցության շոշափելի ծավալների պատճառով, թեև ամեն ինչից զատ՝ Ռուսաստանը տարածաշրջանային խոշոր խաղացող է, և ամեն դեպքում հույժ կարևոր է, թե այդ խաղացողը ինչ է իրենից ներկայացնում, և ինչ է հնարավոր սպասել, ու ամենակարևորը՝ ումից է հատկապես պետք սպասել որևէ բան՝ Պուտինի՞ց, թե՞, օրինակ, «Գազպրոմ»-ից կամ «Ռոսնևտ»-ից, կամ ռուսական տնտեսական, ռազմարդյունաբերական որևէ շրջանակից: Թվում է, թե 80 տոկոսանոց Պուտինը նշանակում է առավել հնչեղ պատասխան Արևմուտքին, ինչը նշանակում է, որ Ռուսաստանը կշարունակի կոշտ դիմակայությունը: Մյուս կողմից, սակայն, նաև այստեղ է հարցը, թե ինչ է իրենից ներկայացնում այդ 80 տոկոսը, և Պուտինը, այսբերգի տեսանելի մասը լինելով, ի՞նչ կա այսբերգի անտեսանելի մասում, և արդյո՞ք Պուտինի առերևույթ կոշտ գծով հանդերձ՝ այսբերգի անտեսանելի մասում տեղի չեն ունենա առավել դյուրահալ գործընթացներ: