«Վարչապետ փոխելով՝ բիզնես միջավայրում շատ մեծ փոփոխություններ չեն կարող լինել»

Ըստ ԱՎԾ տվյալների՝ Հայաստանում 2017թ-ին արձանագրվել է 7․5 % տնտեսական աճ, մինչդեռ նկատենք՝ թե ՀՀ ԿԲ-ն, թե Համաշխարհային բանկն ավելի համեստ ցուցանիշ էին կանխատեսում՝ 3․8 - 4 % ։ «Իրադարձությունների զարգացումն այլ ընթացք ստացավ և համաշխարհային տնտեսության աճն ավելի արագ զարգացավ և ներսում էլ որոշ ոլորտներում աճ եղավ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում արձագանքելով վերոնշյալ ցուցանիշներին՝ շեշտեց ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ, տնտեսագետ Արմենակ Դարբինյանը։ Վերջինս համամիտ չէ այն կարծիքների հետ, որ այս 7.5 % տնտեսական աճին զուգահեռ երկրում չկա տնտեսական ակտիվություն, տնտեսական զարգացում, ինչպես նաև չկա բարելավում մեր բնակչության սոցիալ-տնտեսական պայմաններում։ Ըստ նրա՝ չի կարելի ասել, որ քաղաքացիների բարեկեցության աճ ընդհանրապես չկա։ «2017թ-ի տնտեսական աճի արդյունքների մասին մենք կարող են պատկերացում կազմել միայն 2018թ-ի վերջում, երբ ԱՎԾ-ն կհրապարակի սոցիալական պատկերի վերաբերյալ իր ուսումնասիրությունները, իսկ այսօրվա դրությամբ կարող ենք դատողություններ անել միայն զբաղվածության մակարդակի աճով»,- նկատեց Դարբինյանն ու այս համատեքստում մեր այն հարցին, թե նման պարագայում որքանո՞վ է աճել բնակչության զբաղվածության մակարդակը, Արմենակ Դարբինյանը պատասխանեց, որ գործազրկության մակարդակը 2017թ-ին նվազել է մոտ 0․5-ից մինչև մեկ տոկոս։ Դիտարկմանը, թե ընդհանուր համապատկերում՝ արդյո՞ք այս 1%-ը բարձր ցուցանիշ է, ԿԲ խորհրդի անդամը պատասխանեց․ «Տնտեսական այդ աճը համարժեք չի արտացոլվել զբաղվածության շուկայում, բայց ինչ խոսք՝ տնտեսական աճը լավ հիմքեր է ստեղծում ապագայում գործազրկության մակարդակը նվազեցնելու համար։ 7․5%-ը բավականին մեծ ցուցանիշ է և դրա համար բավականին մեծ ռեսուրսներ են անհրաժեշտ, բայց, եթե այս աճը լինի մի փոքր ավելի համեստ և շարունակական, ապա այդ դեպքում արդեն արդյունքներն ավելի շոշափելի կլինեն»։ Մեր զրուցակցի համոզմամբ՝ տնտեսության համաչափ զարգացման, ինչպես նաև այսպիսի տնտեսական աճի տեմպի պահպանման և անգամ ավելին՝ երկնիշ ցուցանիշ ապահովելու համար անհրաժեշտ են շատ լուրջ ներդրումներ՝ թե մարդկային ռեսուրսների, թե ենթակառուցվածքների մեջ։ Օրերս պաշտոնական այցով Լիբանանում էր գտնվում կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը, ով լիբանանահայ գործարարների հետ հանդիպման ընթացքում ներկայացնելով Հայաստանի 2017թ-ի տնտեսական աճը, ներմուծման-արտահանման ցուցանիշները հայտարարեց նաև, որ Հայաստանում բիզնես անելը լինելու է շատ դյուրին ու շահավետ։ Արմենակ Դարբինյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք արժանահավատ է վարչապետի այս հայտարարությունը և հայաստանյան առկա իրավիճակը հաշվի առնելով՝ որքանո՞վ է այսօր մեր ներդրումային դաշտը, բիզնես միջավայրը գրավիչ կամ հետաքրքիր օտարերկրյա ներդրողների համար. «Կարծում եմ՝ այո, հետաքրքիր է, որովհետև, համենայնդեպս, վերջին տարիներին այդ բիզնես միջավայրը շարունակաբար բարելավել է ըստ տարբեր միջազգային կազմակերպությունների կատարած հետազոտությունների արդյունքների, բայց սրանով, իհարկե, չենք կարող բավարարվել և շարունակական աշխատանք պետք է տանենք։ Հայաստանի պարագայում, երբ խոսում ենք բիզնեսի զարգացման հնարավորությունների մասին, ապա պետք է նկատի ունենանք, որ Հայաստանն ինքն իրենով բավականին փոքր շուկա է և մրցակցությունն էլ բավականին մեծ է, հետևաբար այստեղ բիզնես վարելու դժվարությունները մեծանում են, իսկ որպեսզի ավելի մեծ շուկա լինի՝ Հայաստանը պետք է ինտեգրացիոն կառույց ստեղծի առաջին հերթին իր հարևան երկրների հետ․ մենք ԵԱՏՄ անդամ ենք, բայց չմոռանանք, որ ԵԱՏՄ մեր գործընկերների հետ անմիջական սահման չունենք և ըստ տարբեր գնահատականների՝ մեր տրանսպորտային ծախսերը մինչև 30 % թանկացնում են ապրանքը և միայն ցամաքային ճանապարհ ունենք՝ Լարսը․ մեր բնական գործընկեր երկրները դրանք մեր անմիջական հարևաններն են՝ Վրաստանը, Թուրքիան, Ադրբեջանը և Իրանը և մեզ համար տնտեսական ինտեգրացիոն ամենաճիշտ ճանապարհն այն կլիներ, որ մենք ունենայինք ազատ առևտրային հարաբերություններ մեր բոլոր անմիջական հարևանների հետ․ անդամակցելով ԵԱՏՄ մաքսային միությանը՝ այսօր արդեն մեզ համար առանձին ազատ առևտրի հնարավորություններ ստեղծելը սահմանափակված է, իսկ անմիջական հարևան Իրանի հետ մենք ժամանակին չենք կարողացել ունենալ նման հարաբերություններ, քանի որ Իրանի տնտեսությունը փակ տնտեսություն է, Իրանը ազատական տնտեսություն չի և, որպեսզի Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագիր կարողանանք ունենալ, ապա Իրանի տնտեսությունը պետք է բաց լինի, իսկ ներկայումս Իրանի հետ մեր համագործակցությունը հիմնականում առանձին ծրագրերի շուրջ է»,-պատասխանեց նա։ Կարեն Կարապետյանը նախորդ տարի հայտարարել էր , որ բիզնեսի համար սպասողական վիճակ է՝ պայմանավորված առաջիկայում Հայաստանում սպասվող նոր կառավարության ձևավորմամբ, վարչապետի ընտրության հարցի հետ կապված։ «Այդպիսի մտավախությունները չափազանցված են, այսինքն վարչապետ փոխելով ինչ-որ շատ մեծ փոփոխություններ պետք է ակնկալել բիզնես միջավայրում և այլն՝ չափազանցված է, որովհետև արվում է այն, ինչ-որ պետք է արվի»։ Մանրամասները՝ տեսանյութում։