Ի՞նչ հուշեց Պուտինը Սերժ Սարգսյանին

Ի՞նչ հուշեց Պուտինը Սերժ Սարգսյանին

Չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանի նախագահական ընտրություններին մասնակցում էր ութ թեկնածու` որևէ մեկը չէր կասկածում գործող նախագահ Վլադիմիր Պուտինի հաղթանակին: Միակ ինտրիգն այն էր, թե ընտրողների մասնակցության ինչպիսի ցուցանիշ կգրանցվի, այլ խոսքով` ինչպիսին կլինի Պուտինի նախագահության նոր ժամկետի լեգիտիմության պաշարը: Սակայն այսօր լուսադեմին պարզվեց` այդ ինտրիգը նույնպես, մեղմ ասած, չափազանցված է եղել. ԿԸՀ-ն հայտարարեց, որ Պուտինի օգտին քվե է տվել 54,4 միլիոն մարդ` երկրի ընտրական իրավունք ունեցող բոլոր քաղաքացիների կեսից ավելին: Սա ռեկորդային ցուցանիշ է նույնիսկ բարձր ռեյտինգներին վարժված Պուտինի համար: Սակայն տեղի ունեցածն ամենևին չի խոսում Պուտինի մեծ ժողովրդականության կամ Ռուսաստանի քաղաքական համակարգի դեմոկրատական բնույթի մասին: Նման ցուցանիշներ գրանցվում են բացառապես ավտորիտար, տոտալիտար երկրներում, որտեղ հաստատվում է դիկտատորի անձնիշխանություն` պետական համակարգի, քաղաքական և ընտրական ինստիտուտների փոշիացման ճանապարհով: Երեկվա ընտրությունների որակի մասին նույնիսկ անիմաստ է խոսել` եղել են վարչական ռեսուրսի չարաշահման, լցնումների բազմաթիվ դեպքեր: «Առավոտը սովխոզում սկսվեց ավանդական ձևով»,-ընտրությունները դիպուկ բնորոշել է Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնին: Պատկերավոր ասած` երեկ Պուտինը ջախջախիչ հաղթանակ է տարել Ռուսաստանի պետական, քաղաքական համակարգերի նկատմամբ: Պուտինն անցել է ռուբիկոնը, ստեղծել է բացարձակ անձնիշխանություն հաստատելու, այսպես կոչված, ինստիտուցիոնալ, լեգիտիմ հիմքեր: Էլեկտորալ նման ցուցանիշներ ցույց տալուց հետո այլևս անիմաստ են զրույցները 2024-ին իշխանությունից Պուտինի խաղաղ հեռանալու կամ իշխանությունը այլ մարդու խաղաղ փոխանցելու մասին: Երեկ ոչնչացվեց Ռուսաստանի դեմոկրատական էվոլյուցիոն զարգացման թերևս վերջին շանսը: Ռուսաստանի նախագահական ընտրությունները միանգամայն վտանգավոր թրենդ են ձևավորում, այսպես կոչված, եվրասիական տարածքում: Անձնիշխանության ձևավորման միտումը լեգիտիմացվում է ռուսական նախադեպով և կասկած չկա, որ «մենթալիտետային դեմոկրատիայի» այս դրսևորումը թրենդային կլինի նաև Հայաստանի նոր իշխանության համար: Ռուսաստանի նախագահի երեկվա ընտրությունների արդյունքները, անկասկած, վերջնականապես հանգուցալուծեցին նաև Հայաստանի քաղաքական գլխավոր ինտրիգը` վարչապետության հարցը: Անձնիշխանության հաստատման միտումը նույնիսկ տեսականորեն այլընտրանք չի թողնում Սերժ Սարգսյանի վարչապետությանը: